Երևանին անհրաժեշտ է մշակել նոր քաղաքականություն․ Արմեն Պետրոսյան

ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրությունից հետո փորձագիտական շրջանակները կանխատեսեցին՝ Բայդենն ու իր վարչակազմը կփորձեն առավել ակտիվ ներգրավվել տարբեր տարածաշրջաններում և, ինչ-որ առումով, նաև սրբագրել Դոնալդ Թրամփի վարած քաղաքա­­­­­­­­կանությունը։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց՝ ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումը և՛ Մերձավոր Արևելքի, և՛ Հարավային Կովկասի նկատմամբ կանխատեսելի էր Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ընտրություններից հետո։

«Ակնհայտ էր, որ Ջո Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից են լինելու այս տարածաշրջանները՝ դրանցում կուտակված տարաբնույթ խնդիրներով հանդերձ։ Տարածաշրջաններ, որոնցում տեղի են ունեցել լրջագույն զարգացումներ, նաև շեղումներ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի իրականացրած քաղաքականության հետևանքով, որոնք էականորեն հակասում էին և՛ ԱՄՆ շահերին, և՛ տարածաշրջանային քաղաքականության հիմնական սկզբունքներին։

Այսինքն՝ ակնհայտ էր, որ դեմոկրատական վարչակազմը փորձելու է հնարավոր շտկումներ մտցնել այդ քաղաքականության մեջ, և դրա դրսևորումներն արդեն իսկ զգացվում են միաժամանակ մի քանի ուղղությամբ, օրինակ՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված զարգացումները, Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, արդեն իսկ նկատվող ակտիվությունը տարածաշրջանային մի քանի խնդիրներում, այդ թվում՝ Արցախյան հակամարտության համատեքստում, որն առայժմ նկատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների որոշ քայլերի տեսքով»,- մանրամասնեց Արմեն Պետրոսյանը։

Քանի որ ԱՄՆ շահերը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում խաչվում են ՌԴ շահերի հետ, փորձագետից հետաքրքրվեցին, թե երկու գերտերությունների հարաբերություններում վերջին շրջանում առկա լարվածության համատեքստում ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը, որպեսզի համակշռի ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ հարաբերությունները, փորձագետը, ի պատասխան, նշեց․

«Արցախյան 44-օրյա պատերազմի և նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության բովանդակության հետևանքով էականորեն մեծացել է Հայաստանի Հանրապետության կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից։

Առհասարակ, և՛ այս հիմնախնդրում էականորեն մեծացել է ՌԴ դերակատարումը , և՛ ընդհանրապես՝ մեր տարածաշրջանային գործընթացներում Մոսկվայի և Մոսկվա-Անկարա համագործակցության հարթակը դարձել է շատ ավելի առանցքային տարածաշրջանային գործընթացներում, և կանխատեսելի էր ԱՄՆ որոշակի ակտիվացում և դիրքերի վերականգնման փորձ այս տարածաշրջանում, ինչը տրամաբանորեն նաև խորացնում է մրցակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ։

Իսկ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության համար ճիշտ դիրքորոշման որդեգրումը չափազանց կարևոր է։ Ես կդժվարանամ նշել, թե ինչ դիրքորոշում պետք է որդեգրի Հայաստանը, որովհետև ստեղծվել է որակապես նոր իրավիճակ, և փոխվել է ՀՀ նախկին դերակատարումն ու կարգավիճակը նաև տարածաշրջանային զարգացումներում։ Հետևաբար, ՀՀ-ի առջև ծառացած խնդիրների համատեքստում, տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարների քաղաքականության մեջ նկատվող փոփոխություններին զուգահեռ՝ Երևանին անհրաժեշտ է մշակել, որդեգրել համակողմանիորեն վերլուծված և հիմնավորված նոր քաղաքականություն, որպեսզի նոր իրավիճակում փորձենք ոչ թե մեզ համար ստեղծել նոր խնդրներ, այլ բարելավել մեր դիրքերը»։

Արմեն Պետրոսյանը համոզված է՝ մեր դիրքերը բարելավելու համար ստեղծվել են դրական նախադրյալներ։ Նա համոզված է՝ ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումը և թուրք-ադրբեջանական միասնական դիրքոշումն այս հարցում նոր հնարավորություններ է ընձեռում Հայաստանի համար նաև Արցախյան հիմնախնդրում ձևավորված ստատուս-քվոյում որոշակի հայամետ ձեռքբերումների հասնելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչումը, այնպես էլ՝ Արցախյան հիմնախնդրի շրջանակներում ձևավորված մի շարք իրողություններ ուղղակիորեն վերաբերում են միջազգային իրավունքի սկզբունքներին, որոնց առաջատարն է համարվում ԱՄՆ-ը։

Հիշեցնենք՝ այս տարածաշրջանում պատերազմից հետո Միացյալ Նահանգների կողմից նորովի ինտեգրվելու փորձերից մեկը, որն առնչվում էր հատկապես Հայաստանին, մարտ ամսին Նովրուզի առթիվ Ադրբեջանի նախագահին ուղղված Բայդենի շնորհավորանքում առկա ձևակերպումներն էին, թե «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք առաջվա պես հակված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն խաղաղ կարգավորմանը հասնելուն»․ ասել է թե՝ ԱՄՆ-ը չի համարում, որ ԼՂ խնդիրը կարգավորված է։

ԱՄՆ-ի կողմից հաջորդ քայլը ևս չուշացավ․ Ջո Բայդենը հայ ժողովրդին ուղղված ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում օգտագործեց հենց «ցեղասպանություն» եզրույթը, ինչից տարիներ շարունակ խուսափում էին ԱՄՆ նախկին առաջնորդները։

Ըստ փորձագետի՝ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարելի է դիտարկել նաև պատժիչ քայլ Թուրքիայի հանդեպ՝ ի պատասխան անցած մի քանի տարիների ընթացքում տարածաշրջանում Անկարայի ագրեսիվ, ապակայունացնող վարքի, որի գագաթնակետը դարձավ Արցախում պատերազմի հրահրումը և դրան անթաքույց մասնակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս