Բայդենն իր ապրիլքսանչորսյան հայտարարությունում շատ զգուշավոր էր մեղքը Թուրքիայի կառավարության վրա չբարդելու տեսանկյունից․ Ahval
Ամերիկացի լրագրող և վերլուծաբան Նիկոլաս Մորգանը, որը մասնագիտացած է Ռուսաստանի դաշնության և Թուրքիայի վերաբերյալ վերլուծություններում, անդրադարձ է կատարել Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառմանն ու Թուրքիայի արձագանքին։
Վերլուծաբանի հոդվածը հրապարակել է Ahval թերթը․ ստորև ներկայացնում ենք հոդվածը համառոտ։
Ակնկալվում էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի արձագանքը կլինի արագ և կոշտ։ Փոխարենն Անկարան զարմալի զսպվածություն է դրսևորել։
Տարիներ շարունակ Թուրքիան պաշտոնական Վաշինգտոնին նախազգուշացնում էր չճանաչել Հայոց ցեղասանությունը, այլապես դա կարող է վնաս հասցնել երկու երկրի միջև առկա այսպես կոչված «ռազմավարական գործընկերությանը»։ Բայդենի հայտարարությունից առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն զգուշացրել էր, որ նման հայտարարությունը կխաթարի երկրների միջև հարաբերությունները, իսկ Բայդենի ճանաչումից հետո նա արդեն նշել էր, որ դա «պոպուլիստական» հայտարարություն է։
«Մենք մեր անցյալի մասին ոչ ոքից սովորելու ոչինչ չունենք», – իր թվիթերյան էջում գրել էր Չավուշօղլուն և հավելել, որ քաղաքական պատեհապաշտությունն ամենամեծ դավաճանությունն է խաղաղության ու արդարության նկատմամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին հարաբերությունների գծով գլխավոր օգնական Իբրահիմ Քալընն ասել է, որ Բայդենն այսպիսով «անպատասխանատու և անսկզբունքային» դիրքորոշում է ընդունել՝ անտեսելով 1915 թվականի դեպքերը հետաքննող համատեղ պատմագիտական հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի կոչերը։
Սակայն, հաշվի առնելով տասնամյակների ընթացքում Թուրքիայի կողմից հնչած նախազգուշացումներն այն մասին, որ ԱՄՆ-ի`Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է խափանել երկու երկրների միջև հարաբերությունները՝ այս հայտարարություններից և ոչ մեկն այնքան հրաբխային չէր, որքան սպասվում էր։ Թուրքական պաշտոնական հայտարարություները հիմնականում ուղղված են եղել ընդդեմ «հայկական լոբբիի»:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանն այս առիթով նույնպես չի արձագանքել, սակայն Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Դեյվիդ Սաթեֆիլդին կանչել են ԱԳՆ՝ շեշտելու, որ Բայդենի հայտարարությունն «անուղղելի վերք» է։
Մերձավոր Արևելքի ժողովրդավարության նախագիծ (POMED) ծրագրի համակարգող Մերվե Թահիրօղլուն նշել է, որ Բայդենի հայտարարությունն իրոք լավ էր շարադրված այն իմաստով, որ նա շատ զգուշավոր էր մեղքը Թուրքիայի կառավարության վրա չբարդելու տեսանկյունից։ Նա մասնավորապես ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչելիս մեղքը գցել է օսմանյան իշխանությունների վրա՝ այսպիսով այն անցյալում թողնելով։
Նյու Յորքում Արտաքին հարաբերությունների խորհրդում Թուրքիայի հարցերով փորձագետ դոկտոր Սթիվեն Քուքը նշել է, որ տասը տարվա ընթացքում Թուրքիան այնպես է գործել, որ այժմ Վաշինգտոնը չունի որևէ պատճառ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար։ Ավելի վաղ Միացյալ Նահանգներին այս քայլից ետ էր պահում Թուրքիայի հետ գործընկերությունը խաթարելու հեռանկարը, ինչն այժմ, ըստ փորձագետի, ավելի քիչ կշիռ ունի։
Հայտնի է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց մեկ օր առաջ Բայդենը, իր պաշտոնավարումը ստանձնելուց հետո առաջին անգամ, հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ և նրան զգուշացրել իր քայերի մասին, սակայն խոսակցության մանրամասները դեռևս հայտնի չեն։
Այս քայլով Բայդենը կատարել է նախընտրական շրջանում տված իր խոստումն այն մասին, որ ԱՄՆ-ն աշխուժացնելու է մարդու իրավունքների պաշտպանությունն աշխարհում։
Մերվե Թահիրօղլուն կարծում է, որ, նախապես Էրդողանին իր քայլերի մասին տեղեկացնելով, Բայդենը ցույց է տվել իր հարգանքը թուրք գործընկերոջ նկատմամբ և հարաբերությունները բարելավելու ազդանշան է տվել։
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։