«Մինչև քաղաքականություն մտնելը կարծում էի՝ իրավաբանները ամենախորամանկ մարդիկ են, բայց մտնելով քաղաքականություն՝ հասկացա, որ իրավաբանները ամենամիամիտն են». Վլադիմիր Վարդանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ չի կարող բացառել, որ ընդդիմությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի։

«Մինչև քաղաքականություն մտնելը կարծում էի, որ իրավաբանները ամենախորամանկ մարդիկ են, բայց մտնելով քաղաքականություն՝ հասկացա, որ իրավաբանները ամենամիամիտն են։ Այնպես որ, ոչինչ չեմ բացառում, բայց կան որոշակի պայմանավորվածություններ, բարոյականության սահմաններ, այդ թվում՝ քաղաքականության մեջ, հուսամ, որ կան, հուսամ, որ նման բան տեղի չի ունենա, ինչը կենթադրի պայմանավորվածությունների խախտում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Դիտարկմանը՝ ինքն  աշխատել է նախկին իշխանությունների հետ, իսկ նոր իշխանությունների հետ ժողովրդին խոստումներ են տվել, որոնք չեն կատարել, այդ թվում՝ դատաիրավական ոլորտի վերաբերյալ, Վլադիմիր Վարդանյանը նկատեց՝ նախկինում ինքն աշխատել է դատական համակարգում, աշխատել Հայաստանում, երբեք չի ունեցել օտարերկրյա քաղաքացիություն, չի աշխատել օտարերկրյա կազմակերպությունում, չի ֆինանսավորվել դրսից։

«Կարծում եմ՝ դուք չեք հետևել այն բարեփոխումներին, որոնք տեղի են ունեցել: Դատական իշխանությունը քաղաքական իշխանություն չէ, դատական ոլորտի բարեփոխումները շինարարություն չեն, որ առավոտյան արթնանաք՝ տեսնեք՝ շենքը կառուցված է։ Առնվազն ընդունվել են մի շարք փաթեթներ, ձևավորվելու է Հակակոռուպցիոն կոմիտեն, վերափոխվել է  Բարձրագույն դատական խորհուրդը, մենք ըստ էության նաև ընդլայնում ենք դատավորների թիվը, ասել, որ ոչինչ չի արվել՝ սխալ է։ Այն մարդիկ, որոնք սպասում էին, որ ալբանական կամ ինչ-որ ձևով պետք է տեղի ունենար վեթինգ, որի արդյունքում երկիրը մնալու է առանց դատական համակարգի, բանտերը լցվելու էին մարդկանցով, դա չի լինելու։ Վեթինգ արվում է, բայց այն արվում է ոչ թե մեկանգամյա, այլ պետք է իրականացվի այն հիմունքներով, որպեսզի որևէ մեկը որևէ փուլում չհայտնվի կամ չմնա դատական համակարգում»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս