«Սահմանադրական վեճ չի էլ եղել՝ խնդիրը շարունակում է մնալ լրագրողական հետաքրքրասիրության շրջանակներում». Վլադիմիր Վարդանյանը՝ վարչապետի ժ/պ-ի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մեկնաբանությամբ՝ շատ երկրներում, երբ, օրինակ, վարչապետը և կառավարությունը հրաժարականի դիմում են ներկայացնում, երկրի ինքնիշխանը՝ լինի միապետը կամ նախագահը, հանձնարարում են վարչապետին և նախարարներին՝ կատարել պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։

«Սա ձևավորված պրակտիկա է, բավականին շատ երկրներում առկա է, այնպես որ, ինքս խոչընդոտ չեմ տեսնում, ամեն դեպքում սահմանադրական որևէ արգելք՝ հրաժարականից հետո շարունակել պաշտոնավարել վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում, չկա։ Կարծես թե որևէ քաղաքական ուժ այդ հարցը երբևէ չի էլ վիճարկել, սահմանադրական վեճ այդ հարցի վերաբերյալ չի էլ եղել։ Այնպես որ, խնդիրը շարունակում է մնալ լրագրողական հետաքրքրասիրության շրջանակներում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Ըստ նրա, նախընտրական քարոզչության ընթացքում կան կանոններ, որի պարագայում պաշտոնակատարը և քարոզարշավ իրականացնողը նույն սուբյեկտը չեն կարող լինել, ինչը ենթարկվում է առանձին կանոնակարգումների։

Լրագրողը հիշեցրեց, որ քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը նույն խնդրի վերաբերյալ այլ տեսակետ է հայտնել, դրա առնչությամբ եղել է վիճարկում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ խոսել է իրավաբաննների հետ և եկել այն եզրահանգման, որ վարչապետի հրաժարականից հետո նույն անձը չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։

Լրագրողի ներկայացրած 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին  տեսանյութը դիտելուց հետո, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ չի կարող ասել, թե 2018 թվականին ինչ իրավաբանների մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը։

«2018 թվականին իրավիճակը մի փոքր այլ է եղել։ Պետք է նաև հաշվի առնենք այն կարևոր հանգամանքը, որ այս գործընթացը և վարչապետի հրաժարականը  ոչ թե սոսկ սովորական հրաժարական է, այլ նրա համար է, որ ԱԺ-ն իրավունքի ուժով ազատ արձակվի։ Իշխանության վակուումից խուսափելու համար, իհարկե, գործադիրը պետք է շարունակի իր գործունեությունը, և դրա հետ կապված կրկին  գուցե մեզ մոտ սահմանադրական սովորույթների բացակայության խնդիր կա, որովհետև, օրինակ, Բրիտանիայում, երբ քաղաքական ուժերը գալիս են ընդհանուր հայտարարի, որ անհրաժեշտ են նոր խորհրդարանական ընտրություններ, վարչապետը հրաժարական է ներկայացնում միապետին, և միապետը նույն անձին հանձնարարում է կատարել իր գործառույթները»,- հավելեց Վլադիմիր Վարդանյանը։

Նրա դիտարկմամբ, եթե առաջնորդվեն այն տրամաբանությամբ, որ վարչապետը հրաժարականից հետո չի կարող կատարել իր պարտականությունները, ապա նույն տրամաբանությամբ իրենց պարտականությունները չեն կարող կատարել նաև կառավարության մյուս անդամները։

«Դա խոսում է սահմանադրական դժոխքի մասին, հուսամ, նման կարծիքները փոքրաթիվ են։ Կարող է, օրինակ, վարչապետը հանձնարարի, որպեսզի իր գործառույթներն իրականացնի մեկ այլ սուբյեկտ, կրկնում եմ՝ մի բան է՝ քաղաքական քննարկումները, մեկ այլ բան՝ այս կամ այն քաղաքական գործչի գործունեությունը, և բոլորովին այլ բան՝ սահմանադրական վեճը, որն այս պահին քաղաքական մարմինների միջև չկա»,- շեշտեց պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս