«Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան դժվար թե ավելի սերտ հարաբերություններ հաստատի ՌԴ-ի հետ»․ ռուս փորձագետ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան դժվար թե ավելի մոտ հարաբերություններ հաստատի Ռուսաստանի Դաշնության հետ, ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Բորիս Դոլգովը։

Նրա խոսքով՝ Թուրքիան լավագույն դեպքում կարող է «Բայդենի հայտարարությունից հետո ժամանակավորապես հակված լինել Ռուսաստանի հետ համագործակցելուն»:

«Հիմքեր չկան կարծելու, որ Թուրքիան Ռուսաստանի գործընկերն ու դաշնակիցը կդառնա, որին կարելի է վստահել։ Այդ երկիրը կշարունակի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև մանևրելու իր քաղաքականությունը», – ասել է Դոլգովը և հավելել, որ հակառակ նրան, որ վերջին տարիներին Թուրքիան և Ռուսաստանը բազմիցս համագործակցել են, ինչպես օրինակ Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում և այլուր, այնուամենանիվ նրանք հաճախ աջակցել են հակառակորդ ուժերի։

Բացի այդ երկու երկրների հարաբերությունները վերջերս լարվել են ուկրաինական կողմին ցուցաբերած Թուրքիայի աջակցության հետևանքով և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բազմիցս նախազգուշացրել է Թուրքիային՝ «ռազմատենչ միտումներով» Ուկրաինային ԱԹՍ-ներ տրամադրելու առթիվ։

Ռուսաստանը նաև տուրիստական սեզոնին ընդառաջ դադարեցրել է դեպի Թուրքիա թռիչքները, ինչը վերլուծաբանները և որոշ ռուս քաղաքական գործիչներ ներկայացնում են որպես վրեժ՝ Կիևին սատարելու համար և հայտարարել Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում առկա հարաբերությունների վերանայման մասին։

Վերջին տարիներին սակայն, լարված են նաև Թուրքիա և Միացյալ Նահանգներ հարաբերությունները, ինչը, իր հերթին, կապված է Ռուսաստանի հետ առկա փոխգործակցությամբ և հատկապես ՌԴ-ից հակաօդային պաշտպանության С-400 կայաններ գնելու հետ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ և կրկին հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը երբևէ: Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և Կոստանդնուպոլսի համայնքի ղեկավարների ձերբակալությամբ՝ 1,5 մլն հայ է տեղահանվել, կոտորվել կամ մահվան ուղարկվել բնաջնջման արշավի շրջանակում: Հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի կատարվածի սարսափները երբեք չմոռացվեն պատմությունից: Եվ մենք հիշում ենք, որ մշտապես զգոն ենք մնալու ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներում», – ասված էր Միացյալ Նահանգների նախագահի ելույթում։

Տեսանյութեր

Լրահոս