Ե՞րբ Բայդենը խոստացավ ճանաչել Ցեղասպանությունը, ինչո՞ւ դա չարեց Օբաման․ Փաուերը կիսվել է հիշողություններով ու լուսանկար հրապարակել Բայդենի ու Սարգսյանի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում առաջադրված, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը թվիթերյան իր միկրոբլոգի էջում Բայդենի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչումից հետո կիսվել է մի շարք անձնական մտորումներով։
10 թվիթերի միջոցով Փաուերը նախ ներկայացրել է՝ ինչպես է ծանոթացել Ցեղասպանությանը, հայ համայնքի նվաճումներին, ապա կիսվել է նաև չափազանց ուշագրավ քաղաքական դրվագներով ԱՄՆ նախագահների կողմից Ցեղասպանության ճանաչման թեմայի շրջանակում։
Նա նախ նշել է, որ քառորդ դար առաջ է սկսել ուսումնասիրել 20-րդ դարի հիմնական ցեղասպանությունները և իր ուսումնասիրությունը սկսվել է օսմանյան սպանդից ու նա հայտնաբերել է, թե ինչպես է Ռաֆայել Լեմկինը հորինել «ցեղասպանություն» բառը 1944 թ․` մտքում ունենալով հայերի ոչնչացումը:
Իր վեցերորդ թվիթով Փաուերը նշում է․ «Իհարկե, այն, ինչ ամենաշատն էին ցանկանում ամերիկահայերը, Սպիտակ տան կողմից Ցեղասպանության ճանաչումն է։ Երբ 2005 թ. ես աշխատում էի Սենատում Օբամայի համար, նա մի հզոր նամակ գրեց պետքարտուղար Ռայսին `կոչ անելով Բուշի վարչակազմին ճանաչել: Երբ Օբաման այն ժամանակ առաջադրվեց նախագահի պաշտոնում, նա խոստացավ ճանաչել: Բայց …»։
Փաուերը նկարագրում է, որ ցնցվել է Օբամայի նման որոշումից, որի պատճառով մի քանի շաբաթ շուտ է ծննդաբերել իր որդուն՝ Դեկլանին, որը ծնվել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը։
«Նա այսօր դարձավ 12 տարեկան»,- գրում է Ս․ Փաուերը։
Ամերիկացի դիվանագետը շարունակում է՝ գրելով․ «Բայց ինչպես շատ է քննարկվել, Օբաման չկատարեց այս խոստումը: Իմ հուշագրության՝ «Ապրիլի 24-ը», գլխում ես նկարագրում եմ նրա հիմնավորումները (մտավախություններ Իրաքից զորքերի դուրսբերումը բարդացնելու, Հայաստան-Թուրքիա խաղաղության գործընթացը խափանելու վերաբերյալ և այլն)»:
Իր հաջորդ թվիթում Սամանտա Փաուերը արձանագրում է․ «Կարծում էի, որ մենք 2015-ին ևս մեկ կրակոց ունեցանք `Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, երբ Հռոմի Պապը ճանաչեց։ Բայց շարունակելով պատերազմը Իսլամական պետության դեմ, Պենտագոնն անհանգստանում էր, որ կկորցնի մուտքը թուրքական բազաներ»:
Ամփոփելով իր արձագանքները՝ Փաուերը վերջին թվիթում կիսվել է լուսանկարով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդուարդ Նալբանյանի, ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Վիգեն ՍԱրգսյանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ գրելով․
«Այնուհետ ես ու այդ ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ներկա էինք Վաշինգտոնի տաճարում անցկացվող պատարագին: Այդ գիշեր Բայդենն ինձ ասաց, որ եթե ինքը երբևէ լինի այդ կարգավիճակում, ինքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Այսօր, որպես Միացյալ Նահանգների Նախագահ, նա դա արեց»: