«Այնտեղ իմ պզտիկ եղբայրս մեռաւ»․ բացառիկ պատմություններ և փաստաթղթեր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից

Վերջին տարիներին Հայոց ցեղասպանության մասին առավել շատ գիտական, փաստագրական գրքեր են տպագրվում։ Գրքերը լույս են տեսնում Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս։ Հատկանշական է, որ 20-րդ դարասկզբի անպատիժ մնացած մեծ ոճրագործության մասին ուսումնասիրություններ կատարում են նաև օտարազգի գիտնականներ։ Այդ ամենի հետ մեկտեղ՝ մեզ են հասել նաև ցեղասպանության մասին իրական պատմություններ, հուշեր, որոնք առավել խոսուն ու ազդեցիկ փաստեր են։

Մասնավորապես, Հայոց ցեղասպանության մասին բացառիկ ուսումնասիրություններ է կատարել թուրք գիտնական Թաներ Աչքամը, ում աշխատությունները, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանությանը, բացառիկ են։ Ցեղասպանության մասին կարելի է անվերջ պատմել, խոսել, քննարկել, մեկնաբանել, սակայն այդ ամենը չունեն այն ուժը, ինչ փաստերն են։ Թուրք պատմաբանի «Սպանության հրամաններ» գրքում ներկայացված են բացառիկ հեռագրեր, որոնք պատմական փաստաթղթեր են և ապացույցներ այն բանի, որ 106 տարի առաջ հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն էր։

Մասնավորապես, Թաներ Աքչամի գրքում բացառիկ հեռագրեր և տեղեկություններ կան հայ որբերի մասին։ Մասնավորապես Հալեպում փորձ է արվում որբանոց բացելու, քանի որ փողոցում մնացած որբերը մահանում էին, դառնում համաճարակների ու հիվանդությունների առաջացման պատճառ, ինչպես նաև Հալեպում շատ արագ տարածվում էին այդ հիվանդությունները։ Այդ կապակցութայմբ փորձ էր արվում որբանոց բացելու, սակայն ներքին գործերի նախարար Թալեաթն իր հեռագրով կանխում է այդ գործողությունը․

«Հալեպի նահանգապետին

Նման որբանոցի անհրաժեշտություն չկա։ Հիմա զգացմունքների վրա ժամանակ վատնելու և կերակրելով նրանց կյանքը երկարացնելու պահը չէ։ Ուղարկեք անապատ ու այդ մասին տեղյակ պահեք մեզ։

1915թ․ սեպտեմբերի 21, ներքին գործերի նախարար՝ Թալեաթ»։ (Հատվածը վերցված է Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գրքից։ Երևան, 2019 թվական, էջ 270)։

Թուրք պատմաբանի գրքում հանդիպում ենք Թալեաթի մեկ այլ հեռագրի, որը պետք է ուղղակի կարդալ՝ առանց ինչ-որ մեկնաբանության։ Այս հեռագրում հստակ ընդգծվում է թուրքական իշխանության, թուրք ժողովրդի հայատյացության ամբողջական պատկերը․

«Հալեպի նահանգապետարան,

Արդեն հաղորդվել է, որ կառավարությունը Ջեմիեթի (երիտթուրքերի կոմիտեի) հրամանով որոշել է լիովին բնաջնջել Թուրքիայում բնակվող հայերին։ Այս հրամանին ու որոշմանն ընդդիմացողները չեն կարող մնալ պետական համակարգում․ Կանայք, երեխաները, հաշմանդամները պետք է ոչնչացվեն՝ առանց խղճմտանքի և մեթոդների խտրության։
1915 թ․ սեպտեմբերի 16

Ներքին գործերի նախարար՝ Թալեաթ»։ (Նույն տեղում՝ էջ 273)։

Եթե Թաներ Աքչամի գրքում մենք հանդիպում ենք ցեղասպանության կազմակերպման մեխանիզմների և հեռագրերի մասին տեղեկություններ, ապա մեր օրերում լույս տեսած մեկ այլ գրքում՝ Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը․ հայ որբերի հուշերը» գրքում մենք հանդիպում ենք այլ պատկերի։ Այստեղ զետեղված են ցեղասպանությունը տեսած, վերապրած երեխաների հուշերն ու պատմությունները, ովքեր ցեղասպանությունից անմիջապես հետո իրենց տեսածը գրում են շարադրություններում։ Երեխաներին շարադրությունները հանձնարարել է Վահան Տերյանը, իսկ այդ գրությունները մոտ 100 տարի անհայտ էին հայ ու աշխարհի ընթերցողին։ 11-ամյա վանեցի Գրիգոր Տ․ Գրիգորեանը իր հուշ-շարադրության մեջ գրում է․

«Այժմ կը գտնւինք Երեւանում տասնեակ հազարաւոր կոտորած տալէ հետոյ կեանքի ամենայ անհրաժեշտ պիտոյքներէն զուրկ։
Ողջ մնացածներս կապրինք օրական 15 կոպէկի նպաստով, մի կտոր ծածկի տակ ապաստանած ենք
Գրիգոր Տ․ Գրիգորեան, 11 տարեկան»։ (Հատվածը վերցված է Գևորգ Էմին-Տերյանի, «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը․ հայ որբերի հուշերը» գրքից, Երևան, 2016, էջ 85)։

Այս շարադրություններն անհնար է կարդալ առանց սրտի ցավ ունենալու, քանի որ երեխաներն ամենայն անկեղծությամբ ներկայացնում էին այն ամենը, ինչ կատարվել էր իրենց հետ։ Շատ հուզիչ պատմություն է ներկայացնում Աղասի Գօնդակչեանը․

«Իկտիրի մէջ 15 օր շատ նեղութիւն կրելով եկանք Էջմիածին, որ այնտեղ հաց կը բաժանէին, այնտեղ ալ 17 օր մնացեր էինք, երբ հիւանդութիւն ինկաւ և բոլորն ալ կը մեռնէին․ օրը կլինէր որ 150-200 մարդ կը մեռնէր։ Ազգի փողով եկանք Երեւան և իջանք Ս․ Սարգիսի բակի մէջ և այնտեղ ալ հաց կը բաժանէին․ այնտեղ իմ պզտիկ եղբայրս մեռաւ, յետոյ տուն վարձեցինք որ նորէն Առաջնորդ դրամը կուտար տանը մէջ շատ նեղուեցինք մինչև անգամ անօթի ալ կը մնաինք վէրջը ճարահատուած չէինք կրնար տունը ապրիլ այս որբանոցը եկանք»։ (Նույն տեղում՝ էջ 95)։

Սրանք այն հազարավոր պատմություններից մի քանիսն էին, որոնք ներկայացնում էին թուրքական ցեղասպանությունը։ Ցավալիորեն պետք է արձանագրել, որ 106 տարի է անցել, սակայն հայ մարդն ու Հայաստան երկիրը սպասում է հատուցման, սպասում է, որ միջազգային հանրությունը կստիպի Թուրքիային, որպեսզի նրանք ընդունեն կատարվածը։ Այն նույն միջազգային հանրությունը, որի համար գոյություն ունի միայն շահը։ Սակայն պետք էր այս մեկ դարն օգտագործել ավելի հզորանալու համար։

Պետք էր գոնե վերջին 30 տարիների ընթացքում մեր ամբողջ ներուժը կենտրոնացնել հզոր ազգ ու հզոր պետություն ունենալու համար։ Սակայն մենք շարունակում ենք քնած մնալ մեր իրականություն թվացող միֆի ներսում։ Իսկ թուրքն ու հայի տականքը շարունակում են իրագործել նոր ժամանակների, նոր տրամաբանությամբ հերթական ցեղասպանությունը։

Զ․ Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս