«Տրամաբանությունս վիրավորվում է Փաշինյանին մեկնաբանելուց». Մխիթար Զաքարյան
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում քննվում էր Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝ խուլիգանություն: Հիշեցնենք՝ Զաքարյանին նման մեղադրանք է առաջադրվել ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցից հետո, երբ Մեղրի համայնքի բնակիչները նրան դիմավորել էին հայհոյանքներով և հեռանալու կոչերով: Մինչև դատական նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում Մխիթար Զաքարյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել քրեական գործի հանգամանքները: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Մխիթար Զաքարյանն անդրադարձավ երեկ փաստաբան Լուսինե Սահակյանի հրապարակած ֆեյսբուքյան գրառմանը, որը ԱԱԾ տնօրենն ուղղել էր ՔԿ նախագահին, և որում, մասնավորապես, ասվում է.
«Մեղրիով Ադրբեջանին ուղիներ տրամադրելու հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել Մեղրիի տարածաշրջանի ողջ բնակչության շրջանում»:
Մեղրիի համայնքապետն ասաց՝ շատ լավ է, որ այդ անհանգստությունները ֆիքսել են նաև իրավապահ մարմինները:
«Բազմիցս լրատվամիջոցների միջոցով կոչ եմ արել Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությանը, ընդհանրապես իշխանություններին, ձեր նշած հանգամանքի մասին զգուշացրել եմ: Շատ լավ է, որ մեր իրավապահ մարմիններն էլ են ֆիքսել այդ լարվածությունը, ժողովրդի անհանգստությունը, բայց կարծում եմ, որ առաջինը մենք ենք դրանից տեղյակ եղել: Ես՝ բացի համայնքի ղեկավարը լինելուց, նաև Մեղրի համայնքի բնակիչ եմ, և՛ նախնիներս, և՛ համոզված եմ՝ իմ սերունդներն անպայման ապրելու են Մեղրիում, և առաջին շահառուն մենք ենք: Այդ բորբոքվածությունը, այդ անորոշությունը, այդ ինֆորմացիոն վակուումն առաջացնում է նման վերաբերմունք: Բազմիցս կոչ եմ արել իշխանություններին հերքել, տալ հստակ տեղեկատվություն իրադարձությունների մասին, ի՞նչ է սպասվում մեզ, ինչի՞ մասին է խոսքը, «կիրթ հարևանը», նրա արտահայտությունները, մենք ակնկալում ենք համարժեք պատասխան մեր իշխանության կողմից, բայց քար լռություն է: Իրադարձությունների զարգացումը բերեց այդ միջադեպին»,- ասաց Զաքարյանը:
Նիկոլ Փաշինյանը նույն օրը Սյունիքի մարզպետարանում ասել էր, որ, եթե Ադրբեջանը Մեղրիով միջանցք ուզի, մենք էլ կարող ենք Նախիջևանով միջանցք ուզել: Մխիթար Զաքարյանն ասաց, որ չի ուզում Փաշինյանի ասածները մեկնաբանել:
«Տրամաբանությունս վիրավորվում է, էլի: Ցավում եմ այս ամբողջ իրավիճակի համար, որովհետև դուք անուն-ազգանուն եք ասում, բայց ինձ համար այդ պաշտոնը զբաղեցնողը նախ և առաջ՝ գլխավոր հրամանատար է, և այս իրավիճակը, այդ գլխավոր հրամանատարի տեղը զբաղեցնողը, այդ անտրամաբանական մեկնաբանությունները՝ Նախիջևանի միջանցք….ո՞վ է իրեն թողնելու Նախիջևանի միջանցքից օգտվի, ի՞նչ է նախատեսում դրանով, ոչ մի հիմնավորում ես չեմ տեսնում: Ասում է՝ իրենք ասում են, դուք էլ ասեք, ասելով չի, չէ՞, հարևաններն արդեն երկաթգիծ են կառուցում, մամուլից տեղեկանում ենք, որ Ադրբեջանը 45 էլեկտրաքարշ է պատվիրել Ղազախստանից, ռեալ նախապատրաստություններ են, իսկ մեր կողմից՝ միայն այսպիսի անտրամաբանական, մերկապարանոց հայտարարություններ, շատ հաճախ՝ իրար հակասող»,- ասաց Զաքարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում