Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքի համար առավել «կարևոր» է՝ ով է Մենուա Հովսեփյանին ազատ արձակած դատավորի հայրը
Երեկ ականատես եղանք ոստիկանական բռնաճնշումների և իրավապահ կառույցների կողմից բերման ենթարկված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի արտառոց դեպքերի: Մասնավորապես, Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանին, Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբայր Արարատ Աղաբեկյանին խոշտանգելու դեպքերը առավել լայն արձագանք գտան դրանց՝ հանգամանքների բերումով հրապարակային դառնալու հետևանքով:
Փաստաբան Դավիթ Կարապետյանը iravaban.net-ին պատմել է, որ մոտ 11։00-ին Հովսեփյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ եկել է Երևան, Քննչական կոմիտե։ Կարապետյանը գնացել է կոմիտե, սակայն շենքում Մենուա Հովսեփյանին «չեն կարողացել գտնել»։
«Պարզվում է՝ ոստիկանությունը միջոցառում պետք է իրականացներ։ Գալիս են ու գաղտնի, որ մենք չտեսնենք, ձեռնաշղթաներ են հագցնում, մարդու քիթը համարյա գետնին կպցրած, քարշ տալով՝ շենքից տանում են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Այսինքն, բերել էին քննիչի մոտ, ոստիկանը գալիս է, քննիչի մոտից գողանում ու տանում է։ Երևան քաղաքի վարչությունում մեզ հայտնեցին, որ ոստիկանները Հովսեփյանին բերման են ենթարկել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են բերման ենթարկել, եթե անձն արդեն քննիչի մոտ էր»,- պատմել է փաստաբանը՝ հավելելով, որ նրան տապալել են գետնին, մարմնական վնասվածքներ են պատճառել ու հայհոյել։
«Դեմքը քերծված էր։ Ոտքերը գլխին են դրել, մեջքին, նսեմացրել են նրան։ Ասել են․ «Հերո՞ս ես դարձել, այ 3 դրամանոց արաղ խմող, քաբաբ ուտող չաղ։ Եկել ես՝ քեզ ես ցույց տալիս»։ Այդ կարգի մանկամիտ և վիրավորական գործողություններ են կատարել ու դրանք տեսանկարահանել՝ կոնկրետ նպատակով։ Այդ գործողություններից հետո նրան վերադարձնում են Քննչական կոմիտե ու արձանագրություն են գրում, որ Մենուա Հովսեփյանը 14։00-ին բերման է ենթարկվել ու բերվել կոմիտե»,- ասել է փաստաբանը ու հավելել՝ խոշտանգման վերաբերյալ ՀՔԾ հաղորդում է ներկայացվել։
Մենուա Հովսեփյանի հետ կատարվածին երեկ Սյունիքի դեպքերի առնչությամբ իր մանրամասն հաղորդման մեջ անդրադարձել էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հոփսեփյանը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին առանձնազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Գորիսից իրեն բերման ենթարկելուց հետո իրեն տեղափոխել են Քննչական կոմիտե, սակայն կոմիտեի շենք մուտք չեն գործել, և մոտ 30 րոպե ոստիկանական ավտոմեքայի մեջ սպասելուց հետո տեղափոխել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենք: Ըստ Մ. Հովսեփյանի՝ Ոստիկանությունում իր նկատմամբ գործադրվել է բռնություն, մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողները, իրեն աշխատասենյակ տանելով, գցել են գետնին և ոտքերով հարվածել, հետո գետնին գցած վիճակում քարշ են տվել մեկ սենյակից մյուսը և տեսանկարել քարշ տալու ընթացքը: Այդ սենյակում թույլ չեն տվել նստել, ստիպված է եղել ոտքի վրա մնալ մոտ 30 րոպե: Այդ ողջ ընթացքում իր նկատմամբ ցուցաբերվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, այդ թվում՝ հայհոյանքներով: Այդ ողջ ընթացքում եղել է ձեռնաշղթաներով՝ ձեռքերը մեջքի հետևում»,- նշել էր ՄԻՊ-ը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է Արարատ Աղաբեկյանի նկատմամբ իրավապահ մարմինների վերաբերմունքը, ով հրապարակված տեսանյութում մեջքի հետևում ձեռնաշղթաներով է, և ում ուղեկցում են դիմակավորված ոստիկաններ:
Տեսանյութն ակնհայտորեն վկայում է Ա. Աղաբեկյանի նկատմամբ օրենքը խախտող վերաբերմունքի մասին, և նրան բերման ենթարկող կամ ձերբակալած իրավապահ մարմինների ծառայողների գործողությունները պետք է քննության արժանանան ոչ թե ծառայողական, այլ քրեական վարույթի շրջանակում, ուստի Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով ևս գրություն կուղարկի Դատախազություն:
168.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազությունից ասացին, որ Մենուա Հովսեփյանի փաստաբանի հաղորդումն իրենք ուղարկել են Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու:
Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանը 5 անչափահաս երեխաների հայր է, 2-րդ կարգի հաշմանդամ, և առավել տարօրինակ է, որ իրավապաշտպան ներկայացող հայտնի շրջանակները, ովքեր մինչև 2018թ., օրինակ, կարող էին մեծ աղմուկ բարձրացնել Մաշտոցի պուրակի ծառի ճյուղից պոկված տերևի համար, հիմա ձկան պես լուռ են: Նրանց չեն հետաքրքրում ոչ իրավական անարխիան, ոչ մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, ոչ ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ բռնաճնշումները, և ոչ էլ ոստիկանական բաժիններում կամ նախաքննական մարմիններում նրանց նկատմամբ կիրառված բռնությունը: Առհասարակ չի հետաքրքրում, որովհետև երևի եկամտաբեր չէ:
Այսօր Մենուա Հովսեփյանի ձերբակալությունը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ, իսկ քիչ անց Հանրային լրատվական կայքը տեղեկացրեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել: Բնականաբար, կլինի նաև կալանքի միջնորդություն, սակայն այն, որ այդ լուրի մեջ հարկատուներիս հաշվին պետական բյուջեից ֆինանսավորվող կայքը կարևորել էր, թե ում որդին է Մենուա Հովսեփյանին ազատ արձակած դատավորը, խոսում է այն մասին, թե ինչ խորը և համապարփակ ճգնաժամի մեջ է մեր պետությունը:
Ի դեպ, վերը նշված կայքին հիշեցնենք, որ Սյունիքի դեպքերի գործով բազմաթիվ անձանց ձերբակալություններ են ճանաչվել ոչ իրավաչափ, ու վերջիններս ազատ են արձակվել տարբեր դատավորների կողմից, պարզապես երևի ոմանց հայրերն իրենց համար հետաքրքրություն են ներկայացնում շատ հասկանալի պատճառներով: