«Ակնհայտ է՝ թուրքական այս ծրագրի իրացումը մարտահրավեր է՝ նետված Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին»․ Քաղաքագետը՝ Մեղրիի շուրջ ահագնացող վտանգների մասին

Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը երեկ Սյունիքում առանց հարցեր տալու՝ ստացան հետպատերազմական Սյունիքի անվտանգային խնդիրների մասին բոլոր հարցերի պատասխանները․ հարյուրավոր սյունեցիներ, ինչպես պատերազմից օրեր անց, այնպես էլ երեկ՝ մերժեցին երկրի գործող ղեկավարին՝ ակնհայտ անվստահություն հայտնելով նրան։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր ոստիկանների, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ու հսկայական թիկնազորի ուղեկցությամբ քայլում էր Ագարակի, Մեղրիի փողոցներով, սակայն բազմաթիվ քաղաքացիներ սարսափելի հայհոյանքներ հնչեցնելով՝ նրանից պահանջում էին հեռանալ իրենց համայնքից։

Ի դեպ, Փաշինյանին չի հաջողվել այցելել Քաջարան․ ցուցարարները փակել էին Քաջարան մտնող ճանապարհը։

Նիկոլ Փաշինյանը երեկ վերադարձել է Սյունիքից, և, ինչպես սպասվում էր՝ նրա վերադարձին հաջորդել են ձերբակալություններ։

Կանխատեսումներ կան, որ Սյունիքում իրավիճակի արհեստական սրումը նպատակ ունի ոչ միայն չեզոքացնել Սյունիքի ճակատագրով մտահոգ ակտիվիստներին, այլև Մեղրիի միջանցքի հարցում «եզրահանգումների» նախերգանքն է։

«Նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից հետո եղել են այլ փաստաթղթեր ևս, որոնք հրապարակված չեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ հստակեցնելով՝ հիշյալ փաստաթղթերը բազային հայտարարության առանձին դրույթների, իրականացման ռեժիմների, ձևերի կազմակերպման վերաբերյալ են։

Նրա խոսքով, փաստաթղթերից զատ՝ Հայաստանի գործող վարչապետի և Ադրբեջանի ղեկավարի միջև եղել են նաև բանավոր պայմանավորվածություններ՝ դեմարկացիոն թեմաների, անհասկանալի սկզբունքներով ինչ-ինչ տարածքներ Ադրբեջանին փոխանցելու հարցերի առնչությամբ․

«Պետք է հասկանալ, որ Մեղրիի թեման այդ էլեմենտներից մեկն է եղել, իսկ մյուս կողմից՝ Մեղրիի թեման միայն հայ-ադրբեջանական օրակարգի հարց չէ. այն ռեգիոնալ և գլոբալ օրակարգի հարց է:

Մեղրիի թեմայի կարևորությունը նրանում է, որ, եթե այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը սահմանվում է ոչ հայկական էլեմենտի կողմից, ապա պանթուրքիստական ինտեգրացիոն միավորը, որի նկատմամբ, ի դեպ, բավական լոյալ վերաբերմունք ունեն այսօր արևմտյան մի շարք կոնկրետ երկրներ, իրողություն կարող է դառնալ:

Ակնհայտ է՝ թուրքական այս ծրագրի իրացումը մարտահրավեր է՝ նետված Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին։ Սա, բնականաբար, շահեկան է արևմտյան ինչ-որ ուժային բևեռների համար, որովհետև մի կողմից՝ նրանք հնարավորություն են ստանում ստեղծել նոր մրցակցային սուբյեկտ՝ պանթուրքիստական էլեմենտը՝ ընդդեմ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, մյուս կողմից՝ եթե Մեղրիի նկատմամբ վերահսկողություն են կարողանում ապահովել, Մեղրիով բացվում են նոր կոմունիկացիոն հարթակներ՝ Կասպից ծովից՝ Թուրքիայով և արդեն այլ ճանապարհով»:

Այս համատեքստում Ալեն Ղևոնդյանը նաև հիշեցրեց Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հայտարարությունը, թե Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է՝ նկատելով՝ ՀՀ ամբողջականության նկատմամբ հավակնությունների դեպքում Իրանը թույլ չի տա, որ հյուսիսային սահմանում այլ պետության վերահսկողության էլեմենտ հայտնվի, այսինքն՝ Մեղրին հայտնվի երրորդ երկրի վերահսկողության ներքո․

«Իրանը շատ լավ հասկանում է դրա ռիսկերն իր համար, բայց նաև հասկանում է, որ դա մեծ սցենարի մի մաս է, և իր այսօրվա սանկցիաների պարագայում, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ներքո չի ուզում շատ ակտիվ վարք ցուցաբերել այս իրավիճակում»։

Անդրադառնալով այս զարգացումներում Ռուսաստանի գործոնին՝ քաղաքագետը հստակեցրեց․ «Ռուսները հասկանում են, որ ՀՀ գործող իշխանությունը խնդիր չունի իր սեփական երկրի անվտանգությունն ապահովելու առումով, դրա համար հարյուրավոր ապացույցներ ունեն, և հետևաբար՝ այն հանգամանքը, որ Սյունիքում տեղակայվում են ռուսական ռազմական ներկայացուցչություններ, կանխարգելիչ մեխանիզմ է՝ հնարավոր պրովոկացիաների ժամանակ, որպեսզի այս միջանցքը չանցնի Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին մրցակից և սպառնալիք հանդիսացող այլ ուժային կենտրոնի վերահսկողության տակ։

Այն պայմանավորվածությունը, որին հավանաբար եկել է գործող վարչապետն իր ադրբեջանցի դաշնակցի հետ, ֆիքսում է այն հանգամանքը, որ ինքն այդ հնարավորությունն ընձեռելու է ադրբեջանաթուրքական և, ոչ միայն՝ ադրբեջանթուրքական շահերին, և դրա համար կան ձևեր։

Դրա համար այցը Սյունիք մի կողմից՝ թեստ էր՝ հասկանալու համար, թե ինչպիսին է հանրային մակարդակում իմունիտետը, մյուս կողմից՝ առիթ էր, որ այդ քաոսի միջոցով քրեական կամ այլ տիպի հետապնդումներ սկսեն այնտեղ ներկայացված համայնքային և հանրային դեմքերի նկատմամբ, որպեսզի ճնշում գործադրի»։

Այդուհանդերձ, Ա․ Ղևոնդյանը չբացառեց Սյունիքում պրովոկացիոն սցենարների գործադրումը․ «Հայկական կողմի նախաձեռնությամբ համապատասխան ծառայությունների ներգրավվածությամբ պրովոկացիա անեն, ասենք, կրակոցներ սկսեն դեպի ադրբեջանական սահման, Ադրբեջանը պատասխանի, հետո դա գցեն Սյունիքում ներգրավված ազգայնական ուժերի և Սյունիքի՝ գործող վարչապետին մերժող հասարակական շրջանակների վրա ու հետո փորձեն էդպես ազատվել Սյունիքի էլեմենտից, «բեռից»։

Մեծ հաշվով, նույն ընկալմամբ, նույն փաստարկներով, մեծ հաշվով, գործող իշխանությունն իր արժեքային տիրույթում ընկալում էր Արցախը, և որից պետք էր ազատվել, և նրանք ամեն ջանք գործադրեցին»։

Վերջին դրվագն այս սցենարում, ըստ քաղաքագետի, լինելու է այն, որ գործող իշխանությունները ցույց են տալու՝ ՀՀ բանակն իբրև թե կարողունակ չէ Սյունիքի խնդիրը լուծելու հարցում, իսկ ռուսական աջակցությունից հրաժարվելու են՝ ինքնիշխանության թեզերն առաջ բերելով։

«Պետք է հստակ հասկանալ՝ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունն այսօր հայկական շահի սպասարկողը չէ»,- ամփոփեց Ալեն Ղևոնդյանը։

Տեսանյութեր

Լրահոս