«Սյունիքի համայնքապետերին, ինձ ու կնոջս մինչև երեկո պատրաստվում են ձերբակալել». Վահե Հակոբյան

«Քանի որ Նիկոլը մարդ է, ում մոտ առհասարակ բացակայում է տրամաբանությունը, ես դժվարանում եմ ասել, թե առհասարակ ի՞նչ է կատարվում Սյունիքի շուրջ: Երեք տարի է՝ ես հրաժարվում եմ հասկանալ՝ ի՞նչ տրամաբանությամբ է նա գործում»,- քիչ առաջ Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի ընթացքում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզ Նիկոլ Փաշինյանի՝ ուշ երեկոյան կատարած գաղտագողի այցին, նույն ընթացքում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱՄՆ դեսպանի այցերին, ոստիկանական և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ուժերի աննախադեպ կենտրոնացվածությանը:

Այս պահին Նիկոլ Փաշինյանի հրահանգով, որին Սյունիքի բոլոր համայնքներում  սարսափելի հահոյանքներով և վանկարկումներով արգելեցին  մուտք գործել, և դուրս վռնդեցին տարբեր համայնքներից, ոստիկանական ԱԱԾ ուժերի հսկայաքանակ զորք է կենտրոնացվում Սյունիքում:

Վահե Հակոբյանի պնդմամբ՝ Սյունիք կատարած այցի մեջ հաստատ տողատակ կա:

«Երկրի նախագահը (անվանենք այսպես), ԱՄՆ դեսպանը և երկրի, այսպես կոչված, վարչապետը նույն ժամանակ գտնվում էին նույն տեղում, որն այսօր մեր երկրում ամենախնդրահարույցն է: Համոզված եմ, որ եթե ոչ՝ ինքը, ապա նրա կողքին գտնվող մեկ-երկու մարդ կհուշեին, որ պետք չէ գնալ Սյունիք, որովհետև այնտեղ իր նկատմամբ նման վատ տրամադրվածություն կա: Բայց Փաշինյանը, այնուամենայնիվ, գնաց այդ քայլին: Հիմա մենք սա պետք է փորձենք հասկանալ: Ոչ թե իր գնալը, այլ, թե ո՞վ է նրան ասել՝ գնա: Միգուցե ինքը դիտավորյալ պրովոկացիաների՞ է եկել, որ իրավիճակը սրի»,- ասաց Սյունիքի նախկին մարզպետը:

Նա նշեց, որ հենց հիմա ունի տեղեկատվություն, որ Մեղրի-Ագարակ խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին, Գորիս և Քաջարան համայնքների ղեկավարներ Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին և իրեն ու իր կնոջը պատրաստվում են մինչև երեկո ձերբակալել:

«Ոչ ես, ոչ համայնքապետերը նրա այցից տեղյակ չենք եղել: Մեզ մոտ բոլորը շատ լավ գիտեն՝ ինքն ինչ է արել, և սյունեցին ամեն օր իր կաշվի վրա է զգում, թե այս կապիտուլյանտն ինչի է բերել երկիրը և առհասարակ Սյունիքը: Ու էս պարագայում գնալ էնտեղ ու ասել՝ դուք վատն եք, ես՝ լավը, մի քիչ անհասկանալի է»,- նշեց Վահե Հակոբյանը:

Նախկին մարզպետը Փաշինյանի խայտառակ այցի կապակցությամբ հրեական անեկդոտների հայտնի հերոսների մասնակցությամբ մի դրվագ հիշեցրեց, երբ Սառան Մոյշային ասում է, որ իրեն շուկայում անվանում են անբարոյական, ինչին վերջինս պատասխանում է՝ «Սառա, մի գնա այնտեղ, ուր քեզ բոլորը ճանաչում են»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ առաջիկայում

 

Տեսանյութեր

Լրահոս