«Նորից պիտի անդրադառնամ պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարի տիտղոսը կրող սուբյեկտին». Սարկիսով
ԼՀԿ Երիտասարդական միության քարտուղար, Հրանտ Սարկիսովը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ի շարունակություն նախորդ գրառումներիս՝ նորից պիտի անդրադառնամ պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարի տիտղոսը կրող սուբյեկտին։
Շատ հաճախ մենք մեր հարաբերությունները կարգավորելիս անուշադրության ենք մատնում կենդանի իրավունքի գոյությունը։
Մասնավորապես, ԱԽ վայ-քարտուղարը լծվել է այն գործին, որով ուզում են ապացուցել, հայտարարել, որ հայտնի սուբյեկտը որեւէ կապ չուներ գլխավոր հրամանատարի տիտղոսի հետ՝ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում։ Որ վերջինս զուտ մոդեռատորություն է արել։ Չէ ո՞ր, ՀՀ Սահամանդրությունը հայտնի տիտղոսի տրամադրումը նախատեսում է բացառապես պատերազմ հայտարարելու պայմաններում։
Ավելին, վերջերս Factor TV-ին տված հարցազրույցի ընթացքում ԱԽ վայ-քարտուղարը արտահայտել է հետեւյալ միտքը.
«(…) Պատերազմի ժամանակ, շատ ճիշտ եք (նկատի ունի վարաչապետի գլխավոր հրամանատար լինելը, հեղ.)։ Հայաստանը պատերազմ հայտարարերե՞լ է։ Մե՞նք, պատերազմ հայտարարե՞լ ենք։ Մենք հայտարարել էինք ռազմական դրություն։ Մեզ էին հայտարարել պատերազմ»։ Փաստացի ասում է, որ наша хата с краю лева. Որ, ստեղծված իրավիճակի համար մեղավոր են «նախկինները»՝ իրենք են գրել սահամանդրական տեքստը։
Սակայն ԱԽ նույն քարտուղարը 26.09.2019 թվականին արել մեկ այլ հայտարարություն, որը, մեղմ ասած, այդքան էլ չի համընկնում վկայակոչված մտքի հետ։ Մասնավորապես,
կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցվում է հետեւյալ միտքը.
«Գիտեք, որ սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրության մեջ նշվել է, որ կա գերագույն գլխավոր հրամանատար միայն պատերազմական իրավիճակում, ես կարող եմ հարց տալ՝ ՀՀ–ն հիմա պատերազմի մե՞ջ է, թե՞ ոչ։ Փաստացի մենք պատերազմի մեջ ենք, ես հասկանում եմ, որ Սահմանադրությունը շատ կարևոր է, սակայն Սահմանադրությունը ֆիքսել է մի բան, որն իրականության հետ որոշակի խնդիրներ ունի»։ Փաստորեն, ԱԽ վայ-քարտուղարը, հեռավոր 2019 թվականին քարոզում էր մի միտք, որ մենք (ՀՀ) փաստացի գտնվում ենք պատերազմի մեջ ու հայտնի սուբյեկտը հանդիսանում է գլխավոր հրամանատար։ ԱԽ քարտուղարը, չհասկանալով, շոշափում է իրավունքի տեսության լրջագույն ասպեկտ։
Այսինքն, ԱԽ քարտուղարը հայտարարում է, որ կա իրավիճակ, բայց այդ իրավիճակը կարգավորող, փաստացի ՉԿԱՐԳԱՎՈՐՈՂ, սահմանադրական նորմ։ Ավելին, նույն ճեպազրույցի ժամանակ ԱԽ քարտուղարը ասում է.
«(…)Եթե մենք հիմա պատերազմի մեջ ենք, ապա Սահմանադրությունը որոշակի չափով նաև ինձ համար պատասխանում է այդ հարցին»։ Հենց այս հարցին պատասխանելով էլ հայտնի սուբյեկտը, պատերազմի ողջ ընթացքում, իրականացրել է գերագույն հրամանատարի լիազորությունները՝ արձակել հրամաններ, ղեկավարել մարտ, կայացրել որոշումներ, հրապարակել մարտական կոչ, գտնվել հրամանատարական դիտակետերում։ Կենդանի իրավունքի համատեքստում արել է այն ամենը ինչը վերապահված է ԶՈւ գլխավոր հրամանատարին՝ վերջինից բխող հետեւանքներով։
Հաշվի առնելով այս ամենը՝ առաջ է գալիս մի քանի հարց.
1.Կողմնորոշվել է արդյո՞ք ԱԽ վայ-քարտուղարը. մենք գտնվում ենք պատերազմի մեջ, թե՞ ոչ։ 2. Արդյո՞ք հայտնի սուբյեկտը գլխավոր հրամանատար է, թե՞ ոչ։
Մի տեսակ իրարամերժ մտքեր արտահայտելը այս իշխանություններին հատուկ գործելաոճ է։ Ռուսները շատ լավ ասացվածք ունեն «Утром приказ – вечером отказ, вечером приказ – утром отказ».
ԱԽ քարտուղարն առաջնորդվում է հենց այս գաղափարով։ 2019 թվականին ասում է, որ հայտնի սուբյեկտը գլխավոր հրամանատար է, իսկ այժմ լծված է այդ գաղափարը մերժելուն։
Այսինքն, խաղաղ ժամանակ լինել ԶՈւ գլխավոր հրամանատար գայթակղիչ է, ցանկալի է, չէ որ «նախկինները» պաշտոնը ստանձնելուց մինչեւ կյանքի վերջ ստանձնում են նաեւ ԶՈւ Գերագույն գլխավոր Հրամանատարի տիտղոսը։ Սակայն, երբ վրա է հասնում պատերազմը՝ իր բոլոր հետեւանքներով, պատասխանատվություն կրելու հեռանկարով, Սահամանդրությունը չի նախատեսում գլխավոր հրամանատարի լիազորություններ։
Ուզեք, թե՞ ոչ՝ հայտնի սուբյեկտը իրականացրել է գլխավոր հրամանատարի լիազորությունները՝ վերջինից բխող ցանկալի եւ ոչ ցանկալի հետեւանքներով»։