Տեխնիկական խնդի՞ր, թե՞ «պատասխան» Ռուբինյանին. ինչու են ռուսական պատվիրակության անդամները դեմ քվեարկել գերիների հարցի քննարկմանը ԵԽԽՎ-ում

Նախօրեից հայաստանյան սոցցանցերում և ԶԼՄ-ներում բուռն հակառուսական քննարկումների առիթ է դարձել Ադրբեջանում գտնվող «հայ ռազմագերիների, պահվող այլ անձանց և տեղահանված անձանց մասին» հարցը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգ ներառելու հարցով ռուսական քվեարկությունը:

Քվեարկության արդյունքների վերաբերյալ բազմաթիվ հակասական տեղեկություններ տարածվեցին, քանի որ նստաշրջանի օրակարգ ներառվելիք հարցերը խմբավորվել էին երկու փաթեթում, և հայ ռազմագերիների հարցն ընդգրկված էր «նախատեսված» հարցերի փաթեթում, որում ներառված էր նաև հակառուսական թեմա, մասնավորապես, «Ռուսաստանի սպառնալիքը Եվրոպայում խաղաղության հետապնդման համար»: Սակայն հայ գերիների թեման քվեարկության է դրվել առանձին՝ անկախ հակառուսական հարցերից, որոնց ռուսական պատվիրակությունը, բնականաբար, պետք է «դեմ» քվեարկեր, և ուշագրավն այն է, որ ադրբեջանցի պատվիրակ Սամադ Սեիդովն էր դիմել, որպեսզի հարցը քվեարկության դրվի առանձին:

Ուստի 93 պատվիրակ կողմ է քվեարկել «Հայ ռազմագերիներ, այլ գերիներ և տեղահանվածներ» հարցն օրակարգ մտցնելուն, 21-ը՝ դեմ, 18-ը՝ ձեռնպահ: Դեմ քվեարկած ԵԽԽՎ 21 պատվիրակներից 8-ը ներկայացնում են Թուրքիան, 6-ը՝ Ադրբեջանը, 5-ը՝ Ռուսաստանը, Ռուսաստանի պատվիրակության ևս 7 անդամ ձեռնպահ է մնացել:

Քվեարկության նմանատիպ պատկերը բավականին լուրջ հակառուսական հիստերիա է բարձրացրել բոլոր այն քաղաքական շրջանակների շարքում, որոնք ավանդաբար գործում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դեմ, փորձելով վարկաբեկել այդ հարաբերությունները և Ռուսաստանին՝ որպես ՀՀ ռազմավարական գործընկեր:

Մյուս կողմից՝ նման քվեարկությունն իսկապես տարակուսելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտնի է՝ ռուսական կողմը բոլոր մակարդակներով աշխատում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցի ուղղությամբ, ինչը ներառված է նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարությունում:

Տարօրինակ է, երբ ռուս պատգամավորները, հատկապես՝ իշխանական, «դեմ» են քվեարկում այս հարցի նիստի օրակարգ ներառելուն:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը քիչ առաջ Factor.tv-ի հետ զրույցում հաստատել է, որ քվեարկությունն առանձին է եղել:

Նա նաև հաղորդել է, որ ռուսական պատվիրակությունը հիբրիդային է մասնակցում նիստին, չի եկել Ստրասբուրգ: Նրա փոխանցմամբ՝ պատվիրակության ղեկավարը՝ Ռուբինյանը, փորձել է ճշտել ռուսական պատվիրակությունից նման քվեարկության պատճառը, որին ի պատասխան՝ ասել են, որ կոմունիկացիայի խնդիր է եղել:

«Նրանք հնարավորություն ունեն այսօրվա նիստի ընթացքում ելույթներով խոսելու այդ թեմայից և ցույց տալու, որ Ռուսաստանը կողմ է: Վերջին հաշվով, ՌԴ-ն գործադիր իշխանության մակարդակում կողմ է եռակողմ փաստաթղթին, և Ռուսաստանն այստեղ ունի պարտավորություն, որ պետք է ամեն ինչ աներ, որպեսզի հայ ռազմագերիները վերադարձվեն, և ռուսական կողմը բազմիցս սրա մասին խոսել է»,- նշել է Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ այսօրվա նիստը հնարավորություն է, որպեսզի այս հարցը պարզաբանվի ռուս պատվիրակների կողմից:

Ի դեպ, ժամեր առաջ իր ինստագրամյան էջում ՌԴ Պետդումայի պատգամավոր, պատվիրակության անդամ Սերգեյ Պախոմովը պարզաբանել էր տեղի ունեցածը՝ մասնավորապես նշելով.

«Այս հարցով քվեարկելիս ողջ պատվիրակության մոտ տեխնիկական խնդիր է առաջացել: Մենք ևս այնքան էլ չենք հավատում համընկնմանը: Համապատասխան հայտարարությամբ դիմել ենք»:

Սերգեյ Պախոմովի արձագանքից կարելի է ենթադրել, որ դիմել են ԵԽԽՎ-ին՝ սխալը շտկելու հարցով:

Ռուսական պատվիրակության պարզաբանումները, թե տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել քվեարկության ընթացքում, ուշագրավ ասոցիացիաներ են առաջացնում: 2019 թվականի հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում քվեարկության էր դրվել Ռուսաստանի համար կարևոր բանաձև՝ Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությանը Վեհաժողով վերադարձնելու վերաբերյալ, որին Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը «դեմ» էր քվեարկել, ապա արդարացել նույն պատճառաբանությամբ՝ «դեմ» քվեարկությունը տեխնիկական խնդրի հետևանք է եղել:

Ի դեպ, այդ հարցին առնչվող բանաձևին Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը «կողմ» էին քվեարկել, իսկ Հովհաննես Իգիթյանը, ով ևս քվեարկելու իրավունք ուներ, չէր մասնակցել քվեարկությանը: Հայաստանի համար նման զգայուն հարցով ռուսաստանցի 5 պատվիրակի մոտ տեխնիկական խնդրի զուգահեռ ի հայտ գալը, ավելի հավանական է, որ ռուսական պատվիրակության պատասխանն է Ռուբեն Ռուբինյանի հայտնի «դեմ» քվեարկությանը՝ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության գործունեության համար առանցքային հարցում:

Այստեղ հարկ է նաև հիշեցնել վերջերս Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի բավականին կոպիտ արձագանքը ՀՀ որոշ պաշտոնյաների տարածած տեղեկություններին, թե ռուսական օդանավը Բաքվից ռազմագերիներ է բերելու Երևան, իսկ օդանավը եկել էր դատարկ, և օդանավում եղել էր միայն Մուրադովը:

Խոսելով ստեղծված իրավիճակից՝ Մուրադովն ասել էր, որ գերիների վերադարձ պլանավորված չի եղել, և նման տեղեկություն տարածելը եղել է պրովոկացիա, բնակչությանը մոլորության մեջ գցելու նպատակ է ունեցել։

Այս հարցով վերջին շրջանում ակնհայտ տարաձայնություններ կան Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան պաշտոնյաների և շրջանակների միջև:

Տեսանյութեր

Լրահոս