Բաժիններ՝

«Եթե անձնական խնդիր ունեն, վարկի խնդիր ունեն, թող մոտենան, մի 5 հոգու հարցը կփորձենք ավելի արագ լուծել: Վախենալու ոչինչ չկա». Թիվ 2 բուժմիավորման տնօրենը՝ աշխատավարձն ուշացնելու մասին

Ապրիլի 8-ին գրել էինք, որ Թիվ 2 բուժմիավորման ստացիոնար և պոլիկլինիկական ծառայության բժիշկները չեն ստացել անգամ փետրվարի աշխատավարձը:

Ապրիլի 9-ին կապ էինք հաստատել բուժմիավորման տնօրեն Տիգրան Խաչատրյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ո՞րն է բժիշկների՝ աշխատավարձ չստանալու պատճառը։ Նա պատասխանել էր. «Իրենք այսօր ստացել են աշխատավարձ: Օբյեկտիվ պատճառներով ուղղակի ուշացում ունեինք, իսկ այսօր բոլորը ստացել են աշխատավարձ: Այսօր իրենց աշխատավարձի պարտքերը փակվել են, ուշացում չկա: Մաքսիմում 1 ամիս 15 օր է եղել ուշացումը: Բացի նախարարությունից, մենք ունենք վճարովի ծառայություններ, որոնք գումարվում են իրար: Եղել են նաև  տարբեր օբյեկտիվ պատճառներ. անցած տարի հիմնարկը ոչ մի պլանային հիվանդ չի ընդունել, ֆինանսների կրճատումներ են եղել: Հասկանո՞ւմ եք, եղել է արտակարգ դրություն..»:

Մի քանի օր անց բժիշկները զանգահարեցին խմբագրություն և տեղեկացրեցին, որ ստացել են միայն փետրվար ամսվա աշխատավարձը:

Այսօր կրկին կապ հաստատեցինք Թիվ 2 բուժմիավորման տնօրեն Տիգրան Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե այս անգամ ո՞րն է ուշացման պատճառը:

«Մարտ ամսվա աշխատավարձը փուլ առ փուլ տալիս ենք: Ես ասել եմ՝ 20 օր ուշացում ունենք: Օբյեկտիվ պատճառներ են: Իսկ այդ աշխատակիցները չե՞ն ասում, որ իրենց աշխատավարձն անցած տարի չի կրճատվել, որ ոչ մեկի չեմ կրճատել: Կես  տարուց ավելի՝ հիվանդանոցը չի աշխատել, պլանային հիվանդ չի ընդունել, այդ ամեն ինչը հաշվի չեն առնո՞ւմ: Մարտի աշխատավարձը պետք է տայի ապրիլի 19-ին, բայց մի մասինը տվել եմ, մի մասինը՝ ուշացնում եմ, ու ոնց էլ լինի՝ մինչև մայիսի 1-ը, մաքսիմում՝ մայիսի 5-ը բոլորինը կփակենք, հետո արդեն կփակենք ապրիլ ամսվանը: Ես Ձեզ անցած անգամ էլ ասացի, որ 1 ամիս 20 օր ուշացումով ենք գնում: Այո, գրաֆիկից դուրս ենք:

Հասկանալի է, մարդիկ իրենց աշխատավարձն են պահանջում, բայց իրենք չեն էլ հասկանում, որ ես ոչ մեկի չեմ կրճատել, այն դեպքում, որ կողքի հիվանդանոցում 20 տոկոսով կրճատել են աշխատողներին, աշխատավարձն էլ կրճատել են, ժամերն են քչացրել: Շատ մարդիկ գոհ են, բայց մի երկու հոգի կան, որոնց երևի այդ հիվանդանոցում ինչ-որ բան ձեռք չի տալիս, ամեն անգամ այդ նույն պատմությունը անում են: Չեմ հասկանում, ի՞նչ են ուզում այդ մարդիկ: Եթե անձնական խնդիր ունեն, վարկի խնդիր ունեն, թող մոտենան, մի 5 հոգու հարցը կփորձենք ավելի արագ լուծել: Վախենալու ոչինչ չկա, ով որ հրատապ խնդիր է ունենում, օգնում եմ: Թող չվախենան՝ մոտենան ինձ, ես աշխատավարձի համար ոչ մեկի գործից չեմ հանում: Պետպատվերի ինչ գումար գալիս է, նույն օրը փոխանցվում է, բայց հիվանդանոցը հո մենակ պետպատվերով չի՞ աշխատում: Անցած տարի ես կորոնավիրուսի պատճառով ոչ մի պլանային հիվանդ չեմ ընդունել, բայց, միևնույն ժամանակ, ոչ աշխատավարձ եմ կրճատել, ոչ էլ աշխատող»,- նշեց  Տիգրան Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս