Բաժիններ՝

Ի՞նչ են ուզում ապացուցել, ես այդ փողը ստացել, տարել եմ մեր տո՞ւն. Թիվ 2 բուժմիավորման տնօրենը՝ բժիշկների աշխատավարձը ուշացնելու մասին

Ապրիլի 8-ին գրել էինք, որ արդեն ապրիլ ամիսն է, բայց Թիվ 2 բուժմիավորման ստացիոնար և պոլիկլինիկական ծառայության բժիշկները չեն ստացել անգամ փետրվարի աշխատավարձը:

168.am-ին ահազանգած բժիշկների խոսքով՝ հետաքրքիրն այն է, որ, օրինակ, բուժմիավորման տնօրեն Տիգրան Խաչատրյանը միջոցներ գտնում է վճարել ադմինիստրատիվ աշխատողների և կրտսեր բուժաշխատողների ու սպասարկող անձնակազմի աշխատավարձերը, սակայն, չգիտես՝ ինչու, մտածել է, որ բժիշկներն այդ գումարի կարիքը չունեն, կամ ունեն, բայց չեն աղմկի, ինչպես, ասենք, վերը նշված աշխատակիցները:

Հարցին, թե երկու հաստատություններն էլ նույն ա՞նձն է ղեկավարում, պատասխանել էին, որ պոլիկլինիկական ծառայությունը ղեկավարում է Դավիթ Մաթևոսյանը, ով, սակայն, ֆինանսական խնդիրների լուծման հարցում իրավասություններ չունի:

Խնդրի հետ կապված՝ Առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ ոչ մի պարտք-պահանջ նախարարությունը պոլիկլինիկայի հետ չունի:

Փոխանցեցինք, որ այն մասնավոր հիմնարկ է, իրենց ենթակայության ներքո չէ, սակայն ունի պետական պատվերի պայմանագիր, ու ինչքան կատարողական ունեն պետպատվերով՝ տվել են, պոլիկլինիկայի գումարն էլ՝ հետը, սահմանված կարգով:

Նախարարությունից չհստակեցրեցին, թե գումարը որ օրն են փոխանցել, սակայն շեշտեցին, որ Առողջապահության նախարարության և տվյալ կազմակերպության միջև կնքված պետական պատվերի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրի դրույթների համաձայն՝ գումարը փոխանցվել է:

Կապ հաստատեցինք նաև բուժմիավորման տնօրեն Տիգրան Խաչատրյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ո՞րն է բժիշկների՝ աշխատավարձ չստանալու պատճառը, վերջինը պատասխանեց.

«Իրենք այսօր ստացել են աշխատավարձ: Օբյեկտիվ պատճառներով ուղղակի ուշացում ունեինք, իսկ այսօր բոլոր ստացել են աշխատավարձ: Այսօր իրենց աշխատավարձի պարտքերը փակվել են, ուշացում չկա: Մաքսիմում 1 ամիս 15 օր է եղել ուշացումը: Բացի նախարարությունից մենք ունենք վճարովի ծառայություններ, որոնք գումարվում են իրար: Եղել են նաև  տարբեր օբյեկտիվ պատճառներ.անցած տարի հիմնարկը ոչ մի պլանային հիվանդ չի ընդունել, ֆինանսների կրճատումներ են եղել: Հասկանո՞ւմ եք, եղել է արտակարգ դրություն: Ես այս ընթացքում ոչ աշխատող եմ կրճատել, ոչ աշխատավարձ ու զարմանում եմ, որ կոլեկտիվն այդպես է գնահատում իմ արարքը: Բոլոր հիմնարկներում և՛ կրճատումներ են անում և՛ աշխատավարձ են կրճատում, բայց ես այդպես չեմ վարվել և ուզել եմ կոլեկտիվը նորմալ պահել: Անցած տարի մեկ ամսվա ուշացում չի եղել, միևնույն ժամանակ ոչ մի պլանային հիվանդ չենք ընդունել ու այսօր իրենք նման բողոքնե՞ր են անում: Ի՞նչ են ուզում ապացուցել, ես այդ փողը ստացել, տարել եմ մեր տո՞ւն: Բնականաբար նման բան հնարավոր չէ: Կան օբյեկտիվ պատճառներ, որոնք բերել են որոշ ուշացումների: Պատրաստ եմ միշտ պատասխանել ցանկացած հարցի և ապացուցել իմ պատասխանի իսկությունը»:

Հավելենք, որ դեռևս փետրվար ամսին 168.am-ն ահազանգ է ստացել «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ մի խումբ աշխատակիցներից, ովքեր բողոքում էին բուժմիավորման ապօրինի գործելակերպից։

Խնդիրն այն է, որ տնօրեն Տիգրան Խաչատրյանը բուժմիավորման աշխատակիցներին ստորագրման է տվել կամայական կազմված մի փաստաթուղթ, համաձայն որի՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար վերջիններս ենթարկվելու են տույժերի, ինչպես նաև կարող են հեռացվել աշխատանքից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930