Երևանի 2021թ. բյուջեում սուբվենցիաներն ավելացվեցին 1 մլն 440 հազար դրամով
Այսօր մայրաքաղաքի ավագանու որոշմամբ փոփոխություն կատարվեց Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեում: Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը ներկայացրեց, թե ինչ է առաջարկվում:
«Հիմք ընդունելով 2021 թվականի փետրվարի 25-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 260-Ն որոշումը, նախատեսվում է Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում՝ ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) ավելացնել՝ 1 մլն 440 հազար դրամ, որն արդեն Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսային մասում կուղղվի այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած ՀՀ քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով դրամական բավարարմանը և փոխհատուցմանը»:
Սերգեյ Ներսեսյանը ներկայացրեց նաև, որ նախագծով առաջարկվում է «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում մասհանումների գծով վճարումների տրամադրման ծրագրով նախատեսել շուրջ 15,3 հազ. եվրոյին համարժեք 10 մլն դրամ՝ ՀՀ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության և «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի միջև 2017 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված ենթավարկային պայմանագրի մասհանման գծով, մարումը՝ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ին սուբսիդավորելու նպատակով»,- ասաց Ներսեսյանը:
40 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց: