Հայաստանը կօգտագործի՞ ԵԱՏՄ խաղաքարտը

Բաքվում օրերս կայացած բելառուսաադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններից հետո ակտիվ քննարկման առարկա է դարձել Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության և ԵԱՏՄ աշխատանքներին մասնակցելու թեման: Ռուսական РБК-ն առաջինն էր, որը հայտնեց՝ ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը միության կառավարման մարմնի նիստին, բայց դեռևս դրան խոչընդոտում են Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունները, որոնք դժվար թե վերացվեն մինչև Կազանում կայանալիք հանդիպումը: Ռուսական որոշ աղբյուրների համաձայն, հայերի և ադրբեջանցիների միջև հաշտեցմանն ավելի դյուրին կլինի հասնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Խոսքն ամենայն հավանականությամբ կառույցում Ադրբեջանի դիտորդության մասին է, որը կարող է տեղի ունենալ միմիայն կառույցին անդամակցող բոլոր երկրների համաձայնության արդյունքում: Նախկինում ևս այս հարցը շրջանառվում էր, սակայն «փակվում»՝ ՀՀ իշխանությունների բացասական արձագանքից հետո:

Բելառուս պետական գործիչ, Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխը բելառուսական ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում ասել է, որ առաջիկայում Բելառուսի և Ադրբեջանի միջև բոլոր ուղղություններով ակտիվ համագործակցություն է լինելու: Նրա որակմամբ, Լուկաշենկոյի այցը Բաքու վերջին տարիների ամենաարդյունավետ բարձրաստիճան այցն է լինելու: «Առաջին հերթին՝ Ադրբեջանը հրավիրում է բելառուսական կողմին մասնակցել Ղարաբաղի վերականգնման ծրագրերին: Ի դեպ, արվելու է դա ագրոարդյունաբերական համալիրների ստեղծման բելառուսական բացառիկ փորձի հիման վրա, որը շատ լավ է դրսևորել իրեն երկրի ներսում և դրսում: Երկրորդ բաղադրիչը՝ Բելառուսի ջանքերը՝ Ադրբեջանին ներգրավել ԵԱՏՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության: Անկասկած, առաջիկա ամիսների ընթացքում մենք կտեսնենք Ադրբեջանի ավելի խիտ աշխատանք ԵԱՏՄ և ՄՄ հարթակներում: եվ վերջապես, կարևոր է նշել առաջարկը, որը հնչեց Ադրբեջանի նախագահի կողմից Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների կարգավորման ու համագործակցության ամրապնդման գործում Բելառուսի հնարավոր մասնակցության վերաբերյալ: Սա կարևոր նոր բաղադրիչ է»,- ասել է բելառուս քաղաքական գործիչը:

Հարկ է նշել, որ Բելառուսի նախագահը Բաքու կատարած այցից հետո հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և, Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, քննարկել նաև Ղարաբաղում և Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, իսկ հետո էլ խոսել էր Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։

Ռուսական մամուլն էլ այսօր գրել է՝ հայերի և ադրբեջանցիների միջև հաշտեցմանն ավելի դյուրին կլինի հասնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Այսօր այս մասին, մասնավորապես բելառուս վերլուծաբան Վալեր Կարբալևիչը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Բելառուսը մշտապես է ցանկացել, որպեսզի Եվրասիական միությանը միանա նաև Ադրբեջանը: Նրա խոսքով, դրա պատճառները չափազանց շատ են:

«Բելառուսն Ադրբեջանի հետ ակտիվ առևտրատնտեսական կապեր ունի, քաղաքական բարձր մակարդակի փոխվստահելի հարաբերություններ, ԵԱՏՄ-ն կնպաստի և կխորացնի այդ կապերը, շահավետ կլինի երկու երկրների համար: Ադրբեջանին ու Բելառուսին կապում են նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների բարդ բնույթը: Բելառուսը մշտապես ունի խնդիրներ ՌԴ-ի հետ ԵԱՏՄ-ում առևտրային կարգավորումների, ինչպես նաև գազի գների առնչությամբ, Ադրբեջանը ևս իր խնդիրներն ունի: Ադրբեջանի ներկայությունն այդ կառույցում ձեռնտու է շատ ավելի լայն առումով՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների տեսանկյունից, բնականաբար, երկու երկրները ԵԱՏՄ-ում կգործեն համագործակցային ձևով՝ որոշ հարցերում աջակցելով միմյանց դիրքորոշումներին, ինչո՞ւ ոչ՝ ճնշում գործադրելով Ռուսաստանի նկատմամբ: Ենթադրվում է, որ նպատակը սա է»,- ասաց Կարբալևիչը:

Նրա խոսքով, Բելառուսը մշտապես է զբաղվել այս հարցի լոբբինգով՝ սկզբից Մաքսային միությունում, ապա՝ ԵՏՄ-ում: «Պարզապես այս կառույցն այս պահին այնքան էլ առանցքային գործոն չէ տարածաշրջանում, և Ռուսաստանի համար առաջին հերթին այսօր այս կառույցն առաջնահերթություն չէ, քանի որ սա ուկրաինական պատերազմի պատճառով չդարձավ այն քաղաքական կառույցը, որն ի սկզբանե ծրագրված էր, Ռուսաստանն ունի աշխարհաքաղաքական մեծ խնդիրներ թե եվրասիական տարածաշրջանում՝ Ղարաբաղյան հարց, Դոնբաս, ռուս-թուրքական հարաբերություններ, թե դրանից դուրս, ունի մեծ ներքաղաքական խնդիրներ: Այս ֆոնին ԵԱՏՄ-ում եվրադասավորումները, ընդլայնումը կարծես ՌԴ-ին հետաքրքիր չեն, և այդ կառույցում փոփոխությունները բավարարելու են Բելառուսի ու Ադրբեջանի ցանկությունները»,- ասաց Կարբալևիչը:

Նա պատկերացում չունի, թե ինչ այլ հարցերում Լուկաշենկոն կարող է միջնորդական դերակատարություն ստանձնել Երևանի և Բաքվի միջև: «Միջնորդներն արդեն իսկ շատ են կարծես»,- ասաց նա:

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին իր հերթին՝ նշեց, որ պատերազմից հետո երևի թե կարծում են, որ Հայաստանը դեմ չի լինի Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցությանը, և Լուկաշենկոն կդառնա այդ հարցն առաջ մղողը:

«Հաշվի առնելով այս փուլում Ադրբեջանի ձգտումը՝ աշխատել ԵԱՏՄ-ի հետ, Հայաստանը կարող է այս թեմայի հաշվին ակտիվ դիվանագիտություն վարել, քանի որ իր համաձայնությունից է կախված ԵԱՏՄ-ին Ադրբեջանի ինտեգրման հարցը: Սա, կարծում եմ՝ կարող է առանցքային խաղաքարտ լինել ՀՀ-Ադրբեջան բանակցություններում Երևանի ձեռքին, որոնցում տարաձայնությունները, որքան հասկանում ենք, բավականին շատ են և վերաբերում են ոչ միայն Ղարաբաղի կարգավիճակի հարցին, ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ապագային, գերիների հարցին, այնպես էլ ճանապարհներին: Ճանապարհների հարցում ևս Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են առաջ քաշել միայն իրենց շահերը, շրջափակման մեջ գցելով ՀՀ-ին: Առաջանում են բանակցելու համար որոշակի հնարավորություններ, քանի որ միայն Բելառուսի և Ադրբեջանը ցանկությունը բավարար չէ, որպեսզի Ադրբեջանը միանա ԵԱՏՄ-ին, հարկավոր է նաև ՌԴ-ի, Հայաստանի, Ղազախստանի կարծիքը: Այս հնարավորությունը մսխել չի կարելի հատկապես այն իրավիճակում, որում Հայաստանն է պատերազմից հետո»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս