Նոր հրատարակությամբ կներկայացվի Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը»
Հայ գրականության ոսկեդարի պատմիչ Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» գրքի շնորհանդեսով, որը տեղի կունենա ապրիլի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում, «Էդիթ պրինտ» հրատարակչությունը կազդարարի «Ինքնություն» մատենաշարի սկիզբը։
Մատենաշարի շրջանակում ներկայացվելու են հայ պատմիչների՝ հայի ինքնության ճանաչման համար հիմնաքարային ու դարերի ընթացքում իրենց նշանակությունը չկորցրած աշխատությունները։
Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» հինգերորդ դարի մատենագրության դասական երկերից է, որը դեռ միջնադարում լայն ճանաչում է ունեցել։
Մինչ օրս հայտնի են մոտ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ։