Բաժիններ՝

Թուրքական ապրանքի ներմուծման սահմանափակումն ինչ-որ չափով նպաստում է նաև տեղական արտադրանքի զարգացմանը. Էդուարդ Կիրակոսյան

2020 թվականի դեկտեմբերի 31-ից գործում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը` 6 ամիս ժամկետով: Հիշեցնենք, որ ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից և այլ, ներառյալ՝ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։ Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը ՀՀ Կառավարությունը հիմնավորեց պատերազմում Ադրբեջանին Թուրքիայի աջակցությամբ։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի կարծիքով՝ գործարարները գրեթե խոչընդոտների չեն հանդիպել այս ընթացքում:

«Հայ գործարարները Թուրքիայի փոխարեն աշխատում են այլ երկրներից՝ Ռուսաստանից, Չինաստանից, Իրանից բերել ապրանք»,- մեզ հետ զրույցում ասաց Էդուարդ Կիրակոսյանը՝ հավելելով, որ այս հարցում ամփոփ ինֆոմացիա դեռևս չունեն:

Ինչ վերաբերում է եվրոպական երկրներից ապրանք ներկրելուն՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրենը նկատեց.

«Գիտեք, գների հարցը կա այստեղ: Թուրքական ապրանքն էժան է, հետևաբար՝ պետք է փոխարինող ապրանք ներկրել այն երկրներից, որտեղ գրեթե նույն գներն են: Իսկ եվրոպական ապրանքները թանկ են: Եվրոպայից բերում էին, հիմա էլ են բերում բարձրորակ ապրանքներ, սակայն լայն սպառում ունեցող ապրանքները, որոնք Թուրքիայից չեն գալիս, ուզում են փոխարինել չինականով, հնդկականով: Չկա այնպիսի մի ապրանք, դետալ, որը միայն Թուրքիայում լինի, ու հնարավոր չլինի այլ երկրից բերել»:

Հարցին, կո՞ղմ է, թե՞ դեմ թուրքական ապրանքի արգելքի երկարաձգմանը, Էդուարդ Կիրակոսյանն արձագանքեց.

«Դա քաղաքական հարց է, բայց եթե իմ անձնական կարծիքն ասեմ, ապա, կարծում եմ, որ արգելքը պետք չէ վերացնել, իսկ թե ինչպիսի որոշում կընդունի քաղաքական ղեկավարությունը՝ չեմ կարող ասել: Շատ լավ կլինի, որ չբացվի, որովհետև մենք դրանից առանձնապես օգուտ չենք ստանում, մեր արդյունաբերությունը, առևտուրը չի զարգանում: Թուրքական ապրանքի ներմուծման սահմանափակումն ինչ-որ չափով նպաստում է նաև տեղական արտադրանքի զարգացմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930