«Առաջացել է վիճակ, երբ անձի արարքում կա հանցակազմ, և նա արդարացվել է». դատախազը` Քոչարյանին ու մյուսներին արդարացնելու որոշման մասին

Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված ՔՕ 300.1 հոդվածով դատախազ Գևորգ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին արդարացնելու՝ առաջին ատյանի որոշումն այսօր է ստացել, որոշման բովանդակությանը չի հասցրել ծանոթանալ, բայց պաշտպանների հրապարակումներից մի քանի բանի ծանոթ է, ու այն կարծիքին է, որ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումն արդարադատության հետ համատեղելի չէ:

«Փաստարկները, որ այն, ինչ-որ մենք էինք ասում, արդարադատության հետ համատեղելի չեն, ինձ չեն համոզել: Ավելին, ես գտնում եմ, որ այն իրավիճակը, որ առաջացել է այսօր և արաջացել է այդ որոշումը կայացնելու արդյունքում, դա արդարադատության հետ համատեղելի չէ` պարզ պատճառով, որ կիրառված նորմի Սահմանադրության հետ անհամապատասխանության հետևանքով առաջացել է վիճակ, երբ անձի արարքում կա հանցակազմ, և նա արդարացվել է»,-  ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ ՔՕ 300.1 հոդվածով ամբաստանյալներին արդարացնելու որոշում  Ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր այն բանից հետո, երբ մարտի 26-ին ՍԴ-ն ՔՕ 300.1 հոդվածը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող ու անվավեր։

Ապրիլի 2-ին էլ դատախազները միջնորդություն էին ներկայացրել դատարան` քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ` վիճարկելով այն հարցը, որ ՀՀ ՔԴՕ-ով չի նախատեսվում մեղադրողի կողմից միայն արարքի իրավաբանական որակումը փոփոխելու հնարավորությունը, բայց այդ միջնորդությանը դատարանը չէր անդրադարձել:

Անդրադառնալով դատարանի որոշմանն արդեն ծանոթացած փաստաբանների հնչեցրած պնդումներին, թե որոշմամբ Աննա Դանիբեկյանը պնդել է, թե ՍԴ դիմելով ոտնահարվում է անձանց անմեղության կանխավարկածը, դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ հենց այս դիտարկման համար էր նաև ասում, թե որոշման մեջ չկա արդարադատության հետ համատեղելիություն: Դատախազի պնդմամբ` չկա նաև անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում:

«Մեր իրավաբանները բոլորը, և պրակտիկ իրավաբանները նաև, նույնիսկ անհամատեղելի են նույն կերպ համարում, որ դատարանը երբևէ դեպի խստացմանն ուղղված գործողություն կատարի: Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում, որն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է, դատարանը նույնիսկ հնարավորություն է ստանում արարքի իրավաբանական որակումը առանց դատախազի համաձայնության փոփոխել` խստացման առումով: Այսինքն՝ այդ մոտեցումը մի քիչ հին մոտեցում է: Դրա պատճառաբանությունը գիտե՞ք` որն է, որ այդ հնարավորության բացակայության պատճառով դատարանը զրկվում է օրենք կիրառելու հնարավորությունից, սահմանափակվում է այլ սուբյեկտների կողմից իրականացված իրավակիրառմամբ, զրկվում ինքնուրույն իրավունք կիրառելու, օրենք կիրառելու հնարավորությունից և, ըստ էության, ստիպված լինում փաստերին գնահատական տալ տվյալ իրավական գնահատականների շրջանակներում, որի հետ ինքը համաձայն չէ: Այ դա է արդարադատության անհամատեղելիությունը…

Իրավունքի զարգացումը գնում է դեպի նրան, որ դատարանն այդ սահմանափակող չափանիշերից դուրս գա ու կարողանա ինքնուրույն իրավակիրառում իրականացնի: Հետևաբար, եթե կա անմեղության կանխավարկածի սկզբունք, կան նաև դրա երաշխիքներ: Անմեղության կանխավարկածի սկզբունքը չի կարող դատարանին զրկել դատարան լինելու հնարավորությունից: Մեր ասածը դա է: Եվ մենք փաստարկներ էինք բերել այն մասին, որ դատարանը պետք է բարձրացնի այդ հարցը: Այն կարգավորումները, որոնք իրեն զրկում են մեզ հնարավորություն տալու հնարավորությունից, որ մենք փոխենք մեղադրանքը, արդյո՞ք համապատասխանում է արդարադատությանը: Լավ, արդարադատությո՞ւն է այն իրավիճակը, երբ բոլորս կարող ենք ասել, որ անձի արարքում այս հանցակազմը կա, և այս հանցակազմի մասին խոսում ենք, որովհետև հատուկ նորմը վերացել է, մնացել է ընդհանուրը, չենք կարողանում դատավարական որևէ գնահատական տալ: Դա արդարադատությո՞ւն է, լա՞վ արդարադատություն է»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը:

Հարցին, թե ինչու ի սկզբանե, երբ բարձրաձայնվում էր այն հարցը, որ ՔՕ 300.1 հոդվածն իրավական առումով խնդիր ուներ, չէր փոխվում մեղադրանքը, նշեց, թե դա մեղադրանք փոխելու հիմք չէր, ու ինքը, ինչպես նախկինում, այժմ էլ այն կարծիքին է, որ ՔՕ 300.1 հոդվածը խնդիր չուներ, իսկ խնդիր ունենալու մասին կանխատեսումները բավարար չեն, որպեսզի արարքը որակելիս ընտրություն անես հոդվածների մեջ:

«Դա ճաշակի հարց չէ կամ կանխատեսումներով որակելու հարց չէ: Քանի դեռ ՔՕ-ում կար այդ հոդվածը, արարքը չէր կարող որակվել 309 հոդվածի 3-րդ մասով: 309 հոդվածի 3-րդ մասով արարքը կարող էր որակվել միայն այդ հոդվածը չլինելու դեպքում` ինչ պատճառով էլ որ ինքը չէր լինի: Այսինքն՝ դա ընտրության կամ հետոյի կանխատեսումների հարց չէր, նույնիսկ, եթե այդպիսի վիճարկումներ լինեին»։

Դատախազը նշեց, թե շարունակում է մասնագիտական անհամաձայնություն ունենալ ՍԴ որոշման վերաբերյալ` ամենայն հարգանքով ՍԴ ինստիտուտի և կայացրած դատական ակտի նկատմամբ, քանի որ կոռեկտ չի համարում դրան վերաբերվել վիճարկման ձևով:

«Որոշակիությունը յուրաքանչյուր նորմի՝ դա այդ նորմից բխող հնարավորությունն է` հասկանալու, թե ինչպես պետք է կառուցես քո վարքագիծը, իսկ դա կարող ես անել նաև գիրք կարդալով, իրավաբանին դիմելով: Եթե դու ինքդ դա չես հասկանում, դա դեռ չի նշանակում, որ նորմն անորոշ է»,- ասաց դատախազ Բաղդասարյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ կաշառքի գործով մեղադրանքին ու Քոչարյանի փաստաբանների հայտարարություններին, թե դատարանները Քոչարյանի նկատմամբ կալանքի հարցը քննելուց միշտ փաստել են, որ կաշառքի մեղադրանքը բավականին թույլ է, հիմնավոր կասկածը բացակայում է, ձևական մեղադրանք է, որպեսզի անձը կալանավորվի, դատախազը նշեց, թե դրանք սուբյեկտիվ գնահատականներ են:

«Սա օրենքով սահմանված կարգով առաջադրված մեղադրանք է, որի հիմնավորվածությունը կարող է գնահատել հիմա բացառապես սույն դատարանը, որը քննում է քրեական գործը: Մնացած գնահատականները չեմ ուզում մեկնաբանել»,- հավելեց Գևորգ Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս