Դատախազները դատարանին ներկայացրեցին ՍԴ դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությունը. Պաշտպանները պահանջում են ասել՝ ինչ գործ է քննվում հիմա

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց հակասահմանադրական և անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Սահմանադրական կարգի տապալման այդ հոդվածը ՍԴ 8 անդամների կողմից Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող ճանաչվեց Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կասեցված և ՍԴ ուղարկված քրեական գործի շրջանակներում: ՍԴ-ն գտել էր, որ 300.1 հոդվածը հակասում է որոշակիության և համաչափության սկզբունքին: Նկատենք, որ 300.1 հոդվածով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը քրեակատարողական հիմնարկում անցկացրել է 537 օր:

Հիշեցնենք, որ ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով անցնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Այդ վճռից հետո մարտի 30-ին առաջին դատական նիստն էր տեղի ունենում Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ: Նիստին ներկա էին այս գործով անցնող բոլոր անձինք, սակայն բացակայում էին մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը և մյուսները:

Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց Գևորգ Բաղդասարյանի դիմումը, ըստ որի՝ վերջինս տեղեկացնում էր, որ ՍԴ որոշման առնչությամբ ծավալուն միջնորդություն է կազմում և խնդրում է հետաձգել դատական նիստը մինչև ապրիլի 6-ը: Պաշտպանական թիմի կարծիքով, սակայն, դատավորը, անմիջապես ՍԴ որոշման հիման վրա չդադարեցնելով քրեական հետապնդումը վերոնշյալ անձանց նկատմամբ, հանցանք էր գործում:

«Հարգելի դատարան, Դուք արդյո՞ք չեք վիրավորվում, որ դատախազները Ձեզ մոտեցնում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի: Դուք չե՞ք հասկանում, որ դատախազներն իրենց մեղքը փորձում են գցել Ձեզ վրա: Դատախազները Ձեզ ճնշում են, ինչո՞ւ եք Դուք դա թույլ տալիս»,- դիմելով Աննա Դանիբեկյանին՝ ասաց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ տեսակետ հայտնեց, որ դատավոր Դանիբեկյանը նախօրոք դատախազների հետ համաձայնեցված որոշում է ունեցել ու նոր միայն ներկայացել է դատական նիստերի դահլիճ:

«Դուք արդեն որոշումը կայացրել եք այսօրվա դատական նիստը հետաձգելու և այս ապօրինի քրեական հետապնդումը շարունակելու համար: Ես այսօր այստեղ եկել էի քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը վերցնելու: Դուք ամենաառաջին մարդն եք եղել, որ մարտի 26-ի երեկոյան ուշիուշով հետևել եք ՍԴ որոշման հրապարակմանը, որովհետև այս որոշումը Ձեզ համար փրկության շող է եկել: Դուք կուզե՞ք, որ Ձեզ դատի Ձեզ նման դատավորը, Դուք Ձեզ կողքից նայե՞լ եք»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ պահանջելով անմիջապես դադարեցնել ապօրինի քրեական հետապնդումը:

Ի վերջո, դատավորը որոշում կայացրեց հերթական դատական նիստը նշանակել այսօր՝ ժամը 13.00-ին:

Այսօրվա դատական նիստին դատախազներ Գևորգ Բաղդասարյանը և Պետրոս Պետրոսյանը ներկա են, ներկա են նաև գործով անցնող անձինք ու պաշտպանները:

Նիստը սկսվելուն պես դատավորը անցավ կարգապահական հարցերի քննարկմանը՝ նշելով, որ վերջին դատական նիստերի ընթացքում թե պաշտպանական կողմերը, և թե դատախազները թույլ են տվել կարգապահական խախտումներ. մարտի 23-ին պաշտպաններից ոմանք լքել են դատական նիստերի դահլիճը, իսկ նախորդ դատական նիստին էլ դատախազները չէին ներկայացել դատարան:

Կողմերին առաջարկվեց նշվածի վերաբերյալ դիրքորոշում հայտնել: Արամ Վարդևանյանը, ապա՝ Հայկ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը ներկայացրեցին իրենց առարկությունները խնդրի վերաբերյալ:

«Որպեսզի Դուք մեզ կարգը խախտելու վերաբերյալ դիտողություն անեք, Դուք ինքներդ չպետք է կարգը խախտեք: Դուք նիստը սկսվելուց հետո չեք հայտարարում, թե ինչ գործով դատ է ընթանում, որովհետև Դուք չեք կարող ասել՝ ինչ քրեական գործ է քննվում այստեղ և ինչ մեղադրանքով: Ես պահանջում եմ ասել»,- դիմելով դատավորին՝ ասաց Հայկ Ալումյանը:

Դատարանը այդ պահանջը համարեց առարկայազուրկ:

Դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Գևորգ Բաղդասարյանն էլ ասացին, որ ծավալուն միջնորդություն ներկայացնելու հանգամանքով պայմանավորված՝ չեն ներկայացել դատական նիստին:

«ՍԴ որոշման կիրառման հետ կապված նորմի առնչությամբ բոլոր դատախազներս տեսնում ենք խնդիր: Այն ներկայացնելու համար ժամանակ էր անհրաժեշտ»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը:

Լսելով կողմերին՝ դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանները պարտավոր են մինչև դատական նիստի ավարտը ներկա գտնվել դրան, իսկ դատախազներն էլ պարտավոր էին ամեն դեպքում ներկա գտնվել դատական նիստին:

Ըստ այդմ՝ պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի և Հովհաննես Խուդոյանի, ինչպես նաև դատախազներ Գևորգ Բաղդասարյանի և Պետրոս Պետրոսյանի նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա՝ նկատողություն: Այդ մասին տեղյակ կպահվի Փաստաբանների պալատին և Գլխավոր դատախազությանը:

Ի վերջո, Գևորգ Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց ՍԴ դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությունը:

«Գոյություն չունեցող վարո՞ւյթն եք կասեցնում»,- ասաց Արամ Վարդևանյանը, ինչին արձագանքեց դատախազը:

Դատարանը ընդմիջում հայտարարեց, որ պաշտպանական կողմին տրամադրվի դատախազների միջնորդությունը:

Մարամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս