Անիշխան Հայաստան․ սալյուտը՝ ներսից ու դրսից

Մեր իրականության խնդիրների պատճառները շատ ավելի խորն են, քան թվում է առաջին հայացքից։ Քաղաքականությունն այն ինտեգրալ ասպարեզն է, որում այդ պրոբլեմներն արտահայտվում են իրենց ողջ թշվառությամբ։ Բայց խորքում դրանք, քաղաքական լինելուց առաջ, նախ արժեբանական են ու աշխարհայացքային։

Տասնամյակներ շարունակ մենք՝ որպես հասարակություն, չենք ձևավորել այնպիսի արժեքային համակարգ, վարքագծային այնպիսի գրված, բայց առաջին հերթին՝ չգրված կանոններ, որոնք առնվազն կոնֆլիկտի մեջ չեն հանրային բարոյականության պարզագույն իմպերատիվների հետ։ Ճիշտ հակառակը՝ մեր արժեքային համակարգը խեղվել է այնպես ու այնքան, որ համամարդկային նշանակություն ունեցող բարոյական նորմերը մեր անհատական ու հանրային վարքագծում վաղուց որևէ գործառույթ չունեն։

Չարի ու բարու, ազնիվի ու անազնիվի, վեհության ու ճղճիմության, բարոյականության ու ապաբարոյականության առանցքները մեր գիտակցության ու հոգեբանության մեջ խարխլված են անկարելիության աստիճանի։

Մենք ապրում ենք պետության մեջ, որում գրեթե չեն գործում մի կողմից՝ հանրային կյանքի կանոնակարգման ֆորմալ ինստիտուտները՝ սահմանադրությունը, օրենքները և այլն, մյուս կողմից՝ իրենց ազդեցությունը կորցրել են կենցաղավարության, համակեցության մշակույթի համար կենսական նշանակություն ունեցող չգրված օրենքները, բարոյական նորմերը, վարքագծային արգելակները։ Հենց այս հարթությունում են ժանտախտի ժամին խրախճանք հիշեցնող գռեհիկ հարսանիքների անցկացման պատճառները։

Հասարակության գրեթե բոլոր անդամներն օգտվում են ֆորմալ ու ոչ ֆորմալ ինստիտուցիաների, արգելքների բացակայությունից՝ ամեն մեկը՝ իր կարողությունների, սոցիալական դիրքի ու, ի վերջո, այլասերվածության աստիճանին համապատասխան։

Իշխանություն ու ֆինանսական կարողություններ ունեցող անձանց, խմբերի մոտ դա հասնում է սանձարձակության, ամբարտավանության, քանի որ կարգավիճակն ու փողը հնարավորություն են տալիս առավելագույնս օգտվել իրականում անիշխանության այդ իրավիճակից։ Դա առաջացնում է հանրային ընդվզում, առաջին հայացքից՝ արդարացի, իրականում, սակայն, անազնիվ ընդզվում, որովհետև չկա վստահություն, որ ընդվզողների գերակշիռ մեծամասնությունն ունենալով համանման հնարավորություններ՝ չէր դրսևորի այն նույն վարքագիծը, որի համար ընդվզում է այսօր։

Լայն իմաստով՝ մեր հասարակությունը հաշտ ու ներդաշնակ է ապրում ապաբարոյական մթնոլորտում՝ ժամանակ առ ժամանակ բողոքի լոկալ ճիչեր արձակելով այս կամ այն ցցուն օրինակի առթիվ։

Ճիչերն արձակվում են, դժգոհությունը պարպվում է, և մարդիկ շարունակում են հանդուրժել այն խորքային անբարոյականությունն ու հակարժեքայնությունը, որոնք ծնում են այս կամ այն գռեհիկ երևույթը։ Եվ եթե հասարակությունն արցախյան պատերազմում կրած խայտառակ  պարտությունից 6 ամիս անց հանդուրժում է գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ապա պարտավոր է հանդուրժել նաև առանձին անձանց ու խմբերի լպիրշ կենսակերպն ու  հրավառության ժայթքումները գերեզմանի վերածված երկրում։ Այդպես առնվազն ավելի ազնիվ կլինի։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս