«Գերիների հարցը ՌԴ-ի համար առաջնահերթ է». Սերգեյ Կոպիրկին
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր «Մոսկվայի տանը» լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։
Հարցին՝ ինչո՞ւ չի հաջողվում լուծել հայ ռազմագերիների խնդիրը, Սերգեյ Կոպիրկինը պատասխանեց. «Գերիների խնդրի մասին խոսում են մեր ղեկավարությունը, ռուս խաղաղապահները։ Մշտական աշխատանքներ են տարվում, այդ աշխատանքներն այժմ էլ շարունակվում են։ Գերիների հարցը ՌԴ-ի համար առաջնահերթ է»,- ասաց նա։
Ճշտող հարցին՝ գերիների վերադարձի ուղղությամբ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադո՞վն է շարունակելու զբաղվել, դեսպանը դրական պատասխան տվեց։
Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե իրենց մոտ հայ ռազմագերիներ չկան, այդ հարցը լուծված է, Ս. Կոպիրկինը պատասխանեց, որ իր համար բարդ է այդ հայտարարությունները մեկնաբանել։
«Ես կարող եմ միայն ասել, որ Ռուսաստանը շարունակում է այդ խնդրի հետ կապված իր աշխատանքները»,- եզրափակեց դեսպանը։