Բաժիններ՝

Ինչպես դիմակայել աղանդին

ՔԱՅՔԱՅԻՉ ԱՂԱՆԴ. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ

Ի. Վ. Օլեյնիկի և Վ. Ա. Սոսնինի հեղինակած հոդվածի մեջ ներկայացված են հոգեորսության ժամանակ կիրառվող տեխնոլոգիաների վերաբերյալ պրոֆեսիոնալ հոգեբանական տեսակետներ: Հեղինակները բացատրում են, թե ինչ պատճառներով են մարդիկ ներքաշվում աղանդավորական խմբերի մեջ, և ի՞նչն է գրավում նրանց: Այնուհետև տալիս են գործնական խորհուրդներ` ինչպես խուսափել սպառնացող վտանգից, օգնել հարազատներին, ովքեր ընկել են աղանդի ազդեցության տակ:
Թեման շատ արդիական է, ուստի վերը նշված հոդվածից թարգմանվել են հատվածներ, որոնք ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

ՔԱՅՔԱՅԻՉ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ԲՆՈՐՈՇՈՂ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մարդը, ով շատ մակերեսորեն է ծանոթ համաշխարհային կրոնների կողմից սահմանված կրոնաբարոյական օրենքներին, կարող է դժվար կողմնորոշվել իրեն առաջարկվող հավատալիքների ճշմարտացիության կամ խաբեության հարցում: Հետևաբար, նաև չի կարող գնահատել իր ֆիզիկական և հոգևոր առողջությանը սպառնացող այն պոտենցիալ վտանգը, որն սպասվում է առաջարկվող աղանդին անդամակցելիս:

Ներկայացնենք քայքայիչ աղանդներին բնորոշող որոշ առանձնահատկություններ.

1. Աղանդի անդամները պետք է լիովին և անխոս ենթարկվեն կազմակերպության կարգուկանոնին: Նրանց չեն տեղեկացնում այն մեթոդների մասին, որոնք պետք է կիրառվեն իրենց գիտակցությունը կառավարելու համար: Որպեսզի հավատացյալները լիովին կախվածության մեջ լինեն աղանդից, «առաջնորդները» դիմում են հոգևոր-հոգեբանական բռնությունների:

2. Կիրառվող հոգեբանական ազդեցությունների և հոգեմետ միջոցների շնորհիվ քայքայիչ աղանդի հետևորդը զոմբիացվում է, և նրա գիտակցության մեջ խաթարվում են իր սեփական սոցիալական հարաբերությունների, այդ թվում` մտերիմների և հարազատների հետ ունեցած կապերը: Գլխավորը հավատացյալի անհատականության քայքայումն է:

3. Աղանդի «առաջնորդներն» ամեն կերպ ձգտում են հարստանալ` խուսափելով պետական հարկերը վճարելուց, ստիպողական հանգանակությունների միջոցով: Իրենց նպատակներին հասնելու համար հաճախ դրդում են ամուսիններին ամուսնալուծության` ունեցվածքի բաժանման ակնկալիքով, կառավարում են ծնողների և երեխաների կոնֆլիկտները` հօգուտ սեփական շահերի: Նոր անդամագրվածների անչափահաս երեխաներին ձգտում են վերցնել իրենց խնամակալության տակ:

4. Աղանդների ղեկավարությունն ամեն կերպ բացասական և անհանդուրժող վերաբերմունք է ներշնչում խմբի անդամներին` արտաքին հասարակության հանդեպ, համոզելով, որ աղանդի նպատակները բարձր են աշխարհիկ օրենքներից, քանի որ անհրաժեշտ են համայն մարդկության փրկության համար:

5. Աղանդի անդամներին հասցնում են մինչև անօրինական գործողություններ կատարելու պատրաստակամության: Ահաբեկիչներին և ինքնասպաններին պատրաստում են հատկապես այդպիսի քայքայիչ աղանդավորական խմբերում:

6. Ֆիզիկական բռնության մեթոդներ են կիրառում այն անդամների հանդեպ, ովքեր փորձում են դուրս գալ աղանդից:

7. Աղանդների ղեկավարությունը ծպտված կերպով ձգտում է պետական իշխանության` հնարավորինս բարձր ոլորտում, որպեսզի անհրաժեշտ դեպքում կարողանան իրականացնել հակապետական գործողություններ:

Այս շարքը կարելի է շարունակել, սակայն ընդհանրացնելով կարող ենք ասել, որ քայքայիչ աղանդները ձգտում են խաթարել պետության հիմքերը, գիտակցաբար մոլորեցնել մարդկանց` տարբեր մեթոդներով, այդ թվում հիպնոսի միջոցով ազդելով վերջիններիս գիտակցության վրա` ներդնել իրենց անհրաժեշտ ինֆորմացիան, որի հետևանքով ունենում են սեփական անձը և հոգեբանությունը քայքայող մարդ` վերածված զոմբիի, ում մոտ բացակայում է ինքնատիրապետումը և շրջապատի հանդեպ ադեկվատ վերաբերմունքը: Այդպիսի մարդը դառնում է հասարակության համար վտանգավոր, պատրաստ` իր «հոգևոր առաջնորդի» կարգադրությամբ գնալ ցանկացած հանցագործության:

Ինչպես ցույց են տալիս հոգեթերապևտիկ աշխատանքները` աղանդից տուժվածների հոգեբանական վերականգնման և նորմալ կյանքին վերադառնալու համար պահանջվում են բազմաթիվ ամիսներ: Քիչ չեն նաև դեպքերը, երբ երկարատև աշխատանքները ոչ մի արդյունք չեն տալիս:

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԱՐԴԻԿ ՆԵՐՔԱՇՎՈՒՄ ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԵՋ

Մարդը, ով իրեն համարում է ինքնահաստատված անձ, լիարժեք և բավարարված է զգում` դժվարությամբ կարձագանքի իրեն ոչ պետքական կոնտակտին, որն առաջարկվում է հոգեորսների կողմից: Իսկ հոգեորսությանը հեշտությամբ տրվող և աղանդավորական խմբերի ազդեցության տակ ընկնող մարդիկ ունեն հոգեբանական որոշակի բարդույթներ: Թվարկենք դրանցից գլխավորները:

1. Ցածր ինքնագնահատական, որն ուղեկցվում է անընդհատ ագրեսիվորեն պաշտպանելով սեփական վիրավորված եսը:

2. Սոցիալական անարդարության զգացում: Ընդ որում` սեփական կյանքի դժվարությունների համար մեղադրելով շրջապատին, կամ հասարակությանը:

3. Հասարակությունից մեկուսացված և օտարացած լինելու զգացում` կյանքի որևէ հեռանկար չտեսնելով:

4. Ուժգին (որպես կանոն` չբավարարված) ցանկություն միանալու կամ պատկանելու ինչ-որ խմբի:

Անշուշտ, չի կարելի ասել, որ վերոնշյալ բնորոշումներն ընդհանրացնելով կարող ենք կազմել պոտենցիալ աղանդավորի նկարագիրը: Առհասարակ նման մարդկանց համար աղանդին անդամագրվելը կյանքի ճգնաժամային դրությունից ձերբազատվելու միջոցներից մեկն է: Շատ դեպքերում անհատի համար կարևոր նշանակություն ունի «հոգևոր աճը և ինքնակատարելագործումը», որն էլ դրդում է նրան աղանդին անդամակցելու: Իհարկե, դա ինքնախաբեություն է. թերարժեքության բարդույթով օժտված մարդը ձգտելով բարձրացնել սեփական ինքնագնահատականը, ներքաշվում է նման խմբի մեջ, որտեղ իրեն ՙերջանիկ է զգում՚: Այդ պատճառով աղանդավորական խումբը նրա համար դառնում է գլխավորը: Սա հրաշալի միջոց է հոգեորսության համար և հստակորեն կիրառվում է աղանդավորական կառույցների կողմից: Նրանք ձգտում են հնարավորինս հրապուրիչ երևալ նոր անդամագրվողների համար: Աշխատում են հասցեներով և կողմնորոշվում մարդու կյանքի անհրաժեշտ տարբեր միջոցներն ու պահանջներն ուսումնասիրելով: Օրինակ` շեշտը դնում են հետևյալ խմբերի վրա:

ա) Մարդիկ, ովքեր ծանր ապրումների մեջ են: Դա կարող է կապված լինել անձնական կյանքի անհաջողության հետ, հարազատի, կամ սիրելիի մահվան, աշխատանքը կորցնելու, կամ որևէ հոգեբանական տրավմայի պատճառով: Այդպիսի մարդիկ հիասթափություն են զգում և գտնվում են «կյանքի իմաստի վակուումի»մեջ: Դրանից ձերբազատելու և կյանքի իմաստը վերագտնելու «հոգեթերապևտները» նրանց համար դառնում են քայքայիչ աղանդավորական կազմակերպությունները, որոնք, անշուշտ, չեն ասում այն մասին, թե նոր հավատքի գալու դեպքում անհատի հոգեբանությանը ինչե¯ր են սպասվում:

բ) Մարդիկ, ովքեր համարում են, որ ինքնակատարելագործման, հոգևոր աճի իրենց ձգտումները գնահատված չեն հասարակության կողմից: Այս խմբի մարդկանց հոգեորսներն ընգծված ուշադրության և գնահատանքի են արժանացնում, դրդում են, այսպես ասած, հոգևոր քաջագործությունների:

գ) Մարդիկ, ովքեր «կենտրոնացածեն» խորհրդապաշտության, էզոտերիկայի, օկուլտիզմի վրա, և քանի որ շրջապատը հիմնականում լուրջ չի վերաբերում այդպիսի ուղղվածություններին, ապա նման հակվածությամբ մարդիկ իրենց համար «հարազատ հոգի» են գտնում աղանդավորական խմբերում:

դ) Պաթոլոգիկ ալտուրիզմի բարդույթով օժտված մարդիկ: Ալտուրիզմը որպես այդպիսին դրակական հատկանիշ է: Բայց ինչպես ասում է հին հունական բժշկական ասույթը. «Ամեն ինչ թույն է և ամեն ինչ դեղ է, միայն չափն է որոշում որն ինչ է»:Չափից դուրս ալտուրիզմը և մերձավորների հաշվին այլ մարդկանց օգնելու ձգտումը կարող է ծայրահեղ չափերի հասնել: Այսպիսի մարդիկ շատ հարմար են քայքայիչ աղանդների «առաջնորդների» համար, քանի որ նրանց կարելի է մաքսիմալ օգտագործել կազմակերպության շահերի համար: Բավական է վերջիններիս ասել. «Մենք էլ ենք այդպիսին, ինչպիսին և դուք: Մեզ մոտ շատ մեծ աշխատանք կա կարիքավորներին օգնելու հարցում: Եկեք միավորենք մեր ուժերը և աշխարհում ավելի քիչ վիշտ կլինի»:

ե) Իդեալիստական տրամադրվածությամբ դեռահասները, ովքեր «ճշմարտասերներ» են համարում իրենց, ձգտում են բարձր գաղափարների և կարծում են, թե պիտի փրկեն մարդկությունը: Այսպիսի երիտասարդները չունենալով կյանքի փորձ, անընդհատ հակասություններ են տեսնում շրջապատող աշխարհում կատարվող իրադարձությունների և իրենց իդեալների միջև: Եվ չուզենալով ընկալել առկա անարդարությունը, շատ մեծ հետաքրքրությամբ են վերաբերվում այն ինֆորմացիային, թե կան «գերժամանակակից» խմբեր, որտեղ այդ իդեալներն իրականություն են դառնում: Աղանդները տվյալ դեպքում բավարարում են սոցիալապես ոչ հասուն այս երիտասարդների ամբիցիաները, ովքեր ցանկանում են մասնակից լինել մեծ և բացառիկ ինչ-որ բանի:

զ) Մարդիկ, ովքեր ինքնահաստատման և հասարակության կողմից ընդունված լինելու խիստ կարիք ունեն, սակայն, դրանով հանդերձ, դեռևս կողմնորոշված չեն կյանքի իմաստի և սեփական արժեքների հարցում: Նրանց համար աղանդի «առաջնորդները» ստեղծում են «հոգատար միջավայր»՝ «ինքնահաստատվելու» համար:

ԱՂԱՆԴԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Քայքայիչ աղանդների պաշտամունքային ծեսերի ժամանակ կիրառվում են որոշակի մեթոդներ, որոնք ազդում են մարդու գիտակցության վրա և նրան կախվածության մեջ պահում տվյալ աղանդից: Այդպիսի մեթոդներից են` խմբակային մոնոտոն կրկնողությունները, մանտրայի տևական արտասանությունները, բարձրաձայն, հատուկ ռիթմերով երգեցողությունը, որն առաջացնում է հիստերիկ ծիծաղ, լաց, անկանոն շարժումներ և ծափահարություններ: Մեխանիզմը կայանում է նրանում, որ երբ մարդու ուշադրությունը կենտրոնացած է մոնոտոն գործողությունների վրա, նրա մոտ նվազում է սեփական կյանքի փորձի ազդեցությունը և ավելի հեշտությամբ է ենթարկվում ծեսն առաջնորդողի կարգադրություններին: Առհասարակ, աղանդներում պաշտամունքների տևողությունը զգալիորեն երկար է, քան ավանդական եկեղեցիներում: Տևական, խիստ միօրինակ պաշտամուքային ծեսեր կատարելիս մարդու մոտ զգացմունքների կտրուկ արգելակում է տեղի ունենում և ցանկությունների բթացում: Առաջանում է անտարբերության զգացում, վերանում է շրջապատի և սեփական կյանքի հանդեպ հետաքրքրությունը: Հիմնովին անհետանում է հումորի զգացումը: Այդպիսի մարդկանց գիտակցությունը կարծես մշուշված լինի: Դա նման է քնից նոր արթնանալու (կամ` համառակը) վիճակին: Այդպիսի մարդկանց մոտ աստիճանաբար դադարում է ինֆորմացիան վերլուծելու ունակությունը և, հետևաբար, արտաքին ազդեցությունների հանդեպ դառնում են շատ դյուրահավատ: Մարդուն այդպիսի վիճակի հասցնելու համար աղանդները կիրառում են հետևյալ մեթոդները.

1. Օգտագործում են մեդիտացիոն երաժշտություն` անընդհատ կրկնվող, միապաղաղ քնեցնող մեղեդիներով:

2. Պաշտամունքների ժամանակ կիրառում են թույլ նարկոտիկ կամ հոլյուցինագեն միջոցներ (դրանք տրվում են ըմպելիքների միջոցով, կամ պաշտամունքի սրահում բաց են թողնում անհոտ, անգույն գազ):

3. Զրկում են հավատացյալին նորմալ քնից: Քնի սովորական ռեժիմից զրկելը պատճառաբանվում է նրանով, որ գիշերվա որոշակի ժամերին անհրաժեշտ է արթնանալ և աղոթել:

4. Օրգանիզմը թուլացնում են` արգելելով վերջինիս համար անհրաժեշտ և համապատասխան սննդի օգտագործումը: Որոշ աղանդներում արգելված է ոչ միայն մսի և ձկնեղենի, այլև կաթնամթերքի, ձվի, մեղրի, աղի և օրգանիզմին անհրաժեշտ այլ սննդամթերքների օգտագործումը:

5. Առաջացնում են խրոնիկ գերհոգնածություն` հավատացյալին անդադար աշխատացնելով աղանդի բարօրության համար:

6. Աղանդի անդամներին մշտապես պահում են «աշխարհի մոտալուտ վախճանի» սարսափի մեջ, որի մասին հայտնում է աղանդի «առաջնորդը»:

7. Մարդուն կառավարելու և կախվածության մեջ պահելու համար կիրառում են ինֆրաձայնային տատանումների ազդեցություն, որն անհանգստություն և չկողմնորոշված վիճակ է առաջացնում: Այդպիսի էֆեկտ առաջանում է թմբուկի հաճախ կրկնվող հարվածներից (մոտավորապես վայրկյանում 3-4 հարված): Հիշենք, օրինակ, թե ինչպիսի զգացողություն ենք ունենում ուժգին թմբկահարության ժամանակ, որն ուղեկցվում է կրկեսային վտանգավոր համարի իրականացմամբ:

Այս և շատ այլ մեթոդներ են կիրառվում աղանավորական խմբերի անդամների նկատմամբ, որպեսզի նրանց ենթագիտակցության մեջ ներդնեն համապատասխան բանաձևեր, որոնք կիրառելով` վերջիններս կդառնան հեշտ կառավարելի և կենթարկվեն իրենց «առաջնորդի» կողմից տրվող բոլոր հրահանգներին:

Ինչպես դիմակայել հոգևորսությանը

Փողոցում ձեզ մոտենում է կոկիկ հագնված, քաղաքավարի և ընդգծված սիրալիր մի մարդ: Նա անպայման թույլտվություն է հարցնում ձեզնից` նախքան խոսակցությունն սկսելը: Ընդհանուր բնույթի մի քանի ֆրազաներից հետո անցնում է Աստծո թեմային: Նման կարգի հոգևորսներն աղանդի ամենացածր աստիճանում գտնվողներն են: Նրանք շատ համբերատար և համառ են: Որպեսզի միանգամից դիմակայեք ձեզ վրա կատարվող հոգեբանական ճնշմանը, ինքներդ ձեզ հարցրեք` «Արդյոք կցանկանայի ես էլ այս մարդու նման լինել, նրա նման ողջ օրը թափառել փողոցներում, փորձելով անցորդներին հավաքագրել»:

Ձեր ապահովության համար պետք է ի սկզբանե հստակ և սկզբունքային դիրք բռնեք: Մոտեցող աղանդավորին վերաբերվեք այնպես, ինչպես կվերաբերվեք առևտրական ֆիրմայի ներկայացուցչին, ով գովազդում է ժամկետն անց և անպիտան մի ապրանք` սակայն մոդայիկ և ժամանակակից փաթեթավորմամբ: Աշխատեք հնարավորինս խուսափել այդ սիրալիր և կպչուն անծանոթների հետ շփումներից: Պետք չէ վերցնել նրանց կողմից առաջարկվող աղանդավորական գրքերն ու թերթոնները, առավել ևս տալ ձեր հասցեն կամ հեռախոսի համարը: Աղանդավորների հետ շփումը կարելի է շարունակել միայն այն դեպքում, եթե որևէ պատճառով ցանկանում եք ետ պահել այդ մարդուն աղանդի կործանարար ազդեցությունից: Սակայն դրա համար դուք պետք է բավականին լուրջ պատրաստվածություն ունենաք: Հակառակ դեպքում խոսակցության մեջ մտնելն անիմաստ է:
Եթե որևէ մեկին թվում է, թե տոտալիտար (քայքայիչ) աղանդներն ամենազոր են և նրանց դեմ պայքարելն անօգուտ է, ապա հարցրեք ինքներդ ձեզ. «Իսկ բակտերիաներն ու վիրուսներն ամենազո՞ր են»: Մենք ապրում ենք վիրուսակիր միկրոօրգանիզմներով շրջապատված, սակայն նրանք ազդում են մեր օրգանիզմի վրա այն դեպքում, երբ թուլանում է մեր սեփական բիոլոգիական պաշտպանությունը: Աղանդներից խուսափելու համար պետք է վարվել այնպես, ինչպես վարվում ենք մեր ֆիզիկական առողջությունը պաշտպանելիս, այսինքն` բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը: Տվյալ դեպքում պետք է բարձրացնել «հոգևոր իմունիտետը» և հնարավորինս խուսափել «վարակված»մարդկանց հետ շփումներից: Իսկ եթե, այնուամենայնիվ, «վարակվել եք», ապա պետք չէ զբաղվել «ինքնաբուժությամբ», անհրաժեշտ է դիմել մասնագետների օգնությանը, ովքեր փորձ ունեն այդ բնագավառում:

Աղանդավորական կազմակերպություններում կիրառվող աշխատանքային 6 ոլորտները:

1. Հոգևորսություն

Հոգևորսության առաջին օրենքն է` ձկանը պետք է որսալ ոչ թե ելակով, որը դու ես սիրում այլ` որդով, որը սիրում է ձուկը: Հոգևորսի համար ձուկը դու ես: Ահա այդ սկզբունքով էլ նա չի պատմի քեզ իր պրոբլեմների և հոգսերի մասին, այլ ուշադրությամբ կլսի քո խնդիրները` «մերձավորին պետք է օգնել» սկզբունքով: Նա քեզ կներքաշի խոսակցության մեջ, խորհուրդներ կտա, ապա կասի, որ գոյություն ունի մի կազմակերպություն, հրաշալի մարդկանցով, արտակարգ հնարավորություններով հանդերձ: Նա կառաջարկի քեզ հյուրընկալել, ասելով` «համեցի՛ր, եթե չհավանես` կարող ես հեռանալ»: Սակայն մի մոռացիր, որ շատ հավանական է հետ դարձի ճանապարհ այլևս չունենաս:

2. Իշխանություն

Աղանդի կառուցվածքը ներսից նման է բուրգի: Եթե բերես 10 ընկեր` արդեն «շեֆ» ես, կհավաքագրես 100-ին` ավելի կբարձրանաս: Իշխանության խայծը շատերն են կուլ տալիս: Դեռևս երեկ քո խոսքը ընկերներիդ մոտ անգամ չէր անցնում, ուր մնաց ծնողներիդ և հարազատներիդ, իսկ այսօր այն օրենք է տաս, քսան, հարյուր մարդու համար:

3. Կանոնակարգ

Ինչքան էլ զարմանալի է, սակայն աղանդավորներն անգամ մատնիչների համար են արդարացում գտնում: Եթե ընկերոջդ «ծախել ես», դրանով նրան միայն օգուտ ես տվել, որովհետև քանի դեռ նա չի քավել մեղքերը` երկնքի դռները փակ են նրա առաջ: Այնտեղ մեղավորներին չեն վերցնում: Այնպես որ պետք է շնորհակալ լինես «գործ տվողին»:

4. Փողեր

Աղանդը տնտեսապես ձեռնտու պոմպ է` մերձավորի գրպաններից հեշտությամբ փողեր ներքաշելու համար: «Աշխարհիկ գայթակղություններից զերծ մնալու» լոզունգով աղանդի անդամներն սկզբից այնտեղ տանում են իրենց փողերը, հետո ծնողներինը, ապա ընկերներինը… Քեզնից և քո ընտանիքից վերցնում են ավտոմեքենան, ամառանոցը, բնակարանը: Ընդ որում ոչ թե խլում են, այլ դու ինքդ ես տալիս, դեռ մի բան էլ շնորհակալություն ես հայտնում: Քեզ կդրդեն քրտնաջան և միանգամայն ձրի աշխատել աղանդի նպատակների համար, հակառակ դեպքում չես հասնի «աստվածային իմաստությանը»:

5. Գաղտնիք

Նորեկին շատ բան չեն պատմում: Դու երբեք չես իմանա ինչով են զբաղվում «յոթերորդ աստիճանի լուսավորյալները» Միայն մի թեթև կակնարկեն, «յոթորորդ աստիճանում» կան գիտելիքներ` աշխարհի, ինքդ քո, Աստծո մասին: Եվ դու ամեն կերպ փորձում ես հասնել այդտեղ, ընդունելով այն ամենը, ինչը անում են քեզ հետ` համարելով դրանք դեպի գաղտնիքը տանող ճանապարհի անհրաժեշտ փորձություններ: Իսկ երբ վերջապես հասկանաս, թե ինչ է կատարվում իրականում, արդեն սարդոստայնի մեջ կլինես, որից ազատվելը գրեթե անհնար է:

6. Հոգեբանական ազդեցություն

Ցանկացած աղանդ օգտագործում է գիտակցության կառավարման հատուկ մեթոդներ, որպեսզի անհատին կախվածության մեջ պահի աղանդից. օրինակ`

  • Քո ողջ անցյալը կհայտարարեն հիմարություն և անիմաստություն, որն արժանի չէ ոչ մի ուշադրության: Քեզ կներշնչեն, որ յուրաքանչյուր մարդ, ում հետ դու ծանոթ էիր նախկինում, իրենից ոչինչ չի ներկայացնում, հիմարի միկն է, ով «իրական կյանքից» ոչինչ չի հասկանում:
  • Ոչ մի վայրկյան չպետք է կորցնել,- կասեն քեզ: Եթե ներկա պահին չես լսում «ուսուցչի» դասախոսությունը, ուրեմն կարդա աղանդի թերթոններից: Եթե չես կարդում` յոգայով զբաղվիր: Լսիր հատուկ երաժշտություն և մեդիտացիա արա, աշխատիր հավատացյալների բարօրության համար:
  • Քո աշխարհը կբաժանվի 2 մասի` թշնամիների և ընկերների: Ընկերները` աղանդի ներսում են, իսկ թշնամիները` դրսում, ովքեր քեզ չեն հասկանում և երբեք էլ չեն հասկանա:
  • Բավական է տասնյակ մարդ մեկ անգամ ասեն` «դու խոզ ես» և դու կսկսես խոզի պես խռխռալ: Փորձված է:
  • «Սնվել, քնել` երբեք, ամբողջ կյանքդ քնած կանցնի», – այսպես կասեն քեզ, քանի որ սոված և հոգնած մարդուն շատ ավելի հեշտ կարելի է ներշնչել ցանկացած աղբ:
  • «Խելքով երջանկության չես հասնի» : Եթե «ուսուցիչն» ասում է, որ պետք է առաստաղի վրայով քայլել և ընդունել «ЛСД», պետք է կատարել, այլ ոչ թե մտածել:
  • Աղանդում օգտագործվում է հատուկ լեզու` անհաջող կերպով ըտրված գիտական և օկուլտային տերմինալոգիաներից: Սկսելով խոսել այդ լեզվով, դու արագ կորցնում ես կապը իրականության հետ և սկսում մտածել այնպես, ինչպես ձեռնտու է աղանդի ղեկավարներին` բութ և հետադարձ ուղղությամբ:
  • «Քո ականջները տաքանում են… Մարմնիդ վրա հանգստություն է իջնում… Մկաններդ թուլանում են… Մտածիր միայն լավ բաների մասին»: Կասես, որ դա հիմարների համար է, սակայն այդպես չէ: Մեդիտացիան, հիպնոզը, աութոթրեյնինգը հրաշալի միջոցներ են գիտակցության մեջ ներդնելու այն ամենը ինչը ցանկանում են:
  • «Այնտեղ, պատուհանից դուրս, ահավոր աշխարհն է: Բոլորը պատրաստ են իրար խժռել: Այստեղ դու ընկերներիդ հետ ես: Այստեղ լավ է: Բայց հիշիր` մենք այնքան բան ենք արել քեզ համար, այնքան էներգիա ենք ծախսել քեզ վրա: Դու մեզ պարտական ես մինչև կյանքիդ վերջը»: Քանի դեռ դու հավատում ես սրան և ինչ-որ բանի հույս ունես անհնար է դուրս պրծնել աղանդավորների ճանկերից:

Այս մեթոդները կատարյալ են: Դրանց միջոցով գլխավոր «ուսուցիչը» հեշտությամբ կջարդի քո անհատականությունը, կվերածի քեզ խամաճիկի: Քո իրական էությունը շատ խորքը կթաղվի, իսկ մակերեսին կմնա հլու հնազանդ, լիովին բավարարված, սեփական Եսը կորցրած էակ:

«Ինչ վատ բան կա նրանում, որ ես պարզապես հյուր գնամ և տեսնեմ թե ինչ է կատարվում այնտեղ»: Սա այն հարցերից է, որոնք հաճախ տալիս են երիտասարդները:

Ոչ ոք չի ուզում մենակ լինել: Յուրաքանչյուր ոք ցանկանում է ընկերներ գտնել, որոնց հետ կզրուցի կյանքից, ովքեր կօգնեն, եթե որևէ բան պատահի: Լինում է նաև այնպես, որ ընկերները կան, սակայն կյանքն այնուամենայնիվ անհետաքրքիր է. տուն-դպրոց-տուն… Ինչ-որ մի յուրահատուկ բան ես ուզում:

Եթե քեզ հետ այդպիսի բան է կատարվում, ուրեմն դու աղանդի պոտենցիալ զոհ ես:

Ամեն մեկը չի, որ ընկնում է աղանդի մեջ: Որոշներին նույնիսկ ստիպողաբար չես կարող այնտեղ քարշ տալ: Եթե դու ինքնավստահ ես, գոհ ես կյանքից, ապա ավելի շուտ կծիծաղես հոգևորսների վրա, որոնք ուզում են քեզ հետ «զրուցել գոյության իմաստից»: Իսկ եթե որոշես գնալ պարզապես տեսնելու համար, ապա իմացիր, որ առաջին հերթին քեզ կողողեն սիրալիրություններով, ժպիտներով հաճոյախոսություններով: Քեզ կշրջապատեն սիրալիր և գեղեցիկ տղաներ և աղջիկներ, ովքեր պատրաստ են ամեն ինչում օգնել: Իսկ դու կմտածես. «Նրանք ամենևին էլ գազաններ չեն, հաճելի մարդիկ են, իհարկե մի քիչ կպչուն են, բայց ով չունի թերություն»: Եվ այդ ժամանակ էլ կատարվում է ամենավտանգավորը` դու սկսում ես նրանց վրա դնել քո սեփական երջանկությանը վերաբերող բոլոր խնդիրները, թույլ ես տալիս, որ կյանքդ նրանք կառավարեն` մտածելով, որ. «Այս մարդիկ գիտեն ինչպես երջանիկ դարձնեն ուրիշներին: Թող ինձ էլ դարձնեն»:

Աստիճանաբար, առանց քեզ վրա ճնշում գործադրելու, կսկսեն ներշնչել, թե ինչքան հիմար մարդիկ են քո ծնողները և բարեկամները: Քեզ համար շատ հեշտ կլինի դավաճանել նրանց, քանի որ այդ հարաբերությունները կդադարեն կարևոր լինել քեզ համար: Աղանդում գիտեն, որ դու անշուշտ կերկմտես, սակայն նրանք առաջին անգամ չեն աշխատում քեզ նմանների հետ, այդ պատճառով շատ լավ մշակված մեթոդիկա ունեն:

Մինչև կհասցնես հասկանալ, թե ինչ է կատարվում, արդեն ուշ կլինի, քանզի դու խճճված կլինես այդ ցանցի մեջ: Քեզ համար կմնա երկու տարբերակ`

Առաջինը` առանց հանգստի, առանց գլուխդ բարձրացնելու օր ու գիշեր կաշխատես, որպեսզի կապիտալ դիզես աղանդի ղեկավարների համար, դրանով հանդերձ կհավատաս, որ այդ ամենն անում ես հանուն բոլորի բարօրության: Մի օր էլ կդադարես հավատալ, սակայն այլևս ուժ չես ունենա որպեսզի դուրս գաս աղանդից, և հետո ո±ւր գնաս: Բոլոր կամուրջներն այրված են: Կյանքիդ ողջ իմաստը մի քանի անիմաստ գրքեր ու հիմար բառեր են: Եվ հետո թույլ էլ չեն տա հեռանաս, քանի որ ամենևին պետք չէ, որ դրսի մարդիկ իմանան, թե ինչ է կատարվում աղանդի ներսում: Իսկ վերջում քեզ աղբանոցը կնետեն:

Այլևս պետքական չես:

Երկրորդ դեպքում` կդառնաս ղեկավար և մյուսներին կաշխատացնես: Կսկսես հաճույք ստանալ նրանից, որ քո առաջ ծնկի են իջնում աղանդի մյուս անդամները, թեկուզ նախկինում դու այդպիսին չէիր:

Ձեր մտերիմն ընկել է աղանդի մեջ. ինչպե՞ս փրկել նրան:

Աղանդում մարդիկ արտաքուստ գտնում են այն, ինչը չեն գտնում հարազատների հետ շփումների ժամանակ` բարություն, փոխըմբռում, իրեն կարևոր մարդ զգալու ցանկություն: Դուք իհարկե գիտեք, որ այդ ամենը միայն ձև է, սակայն նա չգիտի և իրեն լավ է զգում:

Անհրաժեշտ է ստեղծել նոր հարաբերություններ ձեր մտերիմի հետ, և պետք չէ նրան համոզել, որ սխալվում է: Առավել ևս պետք չէ զգացմունքներով առաջնորդվել: Հիշեք, որ աղանդում նրա համար արդեն կան շատ «հոգատար ընկերներ», ովքեր իրեն հրաշալի հասկանում են: Պետք է նաև հաշվի առնել, որ աղանդը հեշտությամբ բաց չի թողնի ձեր հարազատին: Նաև կարիք չկա գնալ այնտեղ և խնդրել, որ բաց թողնեն ձեր ընկերոջը, հարազատին: Դա անիմաստ է: Նույնիսկ հնարավոր է ձեզ էլ բաց չթողնեն: Ինչ-որ պահից սկսած աղանդի ազդեցությունը ձեր հարազատի վրա ավելի ուժեղ կլինի քան ձերը: Դուք պետք է կիրառեք այնպիսի հոգեբանական մեթոդներ, որոնցով կկարողանաք ազդել ձեր մտերիմի վրա:

Հիշեք, որ աղանդից դուրս եկողի համար շատ կարևոր է իմանալ, որ նա կարող է հենվել իր հարազատի կամ ընկերոջ վրա: Միայնակ հնարավոր չէ այդ խնդիրը լուծել անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն: Պետք է հասկանալ այն բոլոր պատճառները, որոնք դրդել են ձեր հարազատին ընկնել աղանդի ազդեցության տակ: Աղանդից դուրս գալը դեռևս բավարար չէ, պետք է նախկին աղանդավորի համար համապատասխան պայմաններ ստեղծել, հասկանալ այն բոլոր սխալները, որոնք նախկինում թույլ են տրվել նրա հանդեպ և փորձել շտկել դրանք, որպեսզի վերջինս իրեն լիարժեք և բավարարված զգա ձեր կողքին և նորից չընկնի որևէ աղանդի մեջ:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս