Ապրելը նորից հնարավոր պիտի լինի
Երևանյան հիվանդանոցներից մեկում եմ․ բժիշկն ինձ օգնում է տեղավորվել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքում, որպեսզի գլխուղեղս նկարեն։
Ապրածս բազմաթիվ սթրեսներն այլևս անհետևանք չեն․ առողջական լուրջ խնդիրներ ունեմ։ Ես սարսափում եմ փողոցի բարձր ձայներից, մարդկային կուտակումներից, քաղաքի շնչառությունից՝ աղմուկից, աղմուկից․․․ Հետազոտվելուց րոպեներ առաջ եմ իմանում միայն, որ սարքն աշխատում է աղմուկով, որին պետք է դիմանալ մոտ 20 րոպե։ Ինձ թվում է՝ չեմ կարողանա, ախր ես հիվանդացել եմ աղմուկի անտանելի առատությունից նաև։ Բայց դիմանալ պետք է։ Բժիշկը հորդորում է լավ բաների մասին մտածել։ Իսկ ես կորցրել եմ լավ բաների մասին մտածելու ունակությունս։ Ի՞նչ մտածեմ։
Սարքը սկսում է աշխատել, և ինձ մի պահ թվում է՝ հենց այստեղ կկորցնեմ վերջին ուժերս, հոգեկան բոլոր ռեսուրսներս հենց այստեղ կսպառվեն անվերադարձ։ Այդ ժամանակ պատահում է անսպասելին․ այն պահին, երբ այլևս ոչ մի լավ բանի հույս չունեի, գալիս է Նա և ասում՝ տե՛ս։ Միտքս լուսավորվում է, և ինչ-որ բան ինձ ակնհայտ հուշում է, որ Աստված մոտավորապես հենց այսպիսի ձայներ է լսել աշխարհն արարելիս։ Չես կարող լույսը մութից անաղմուկ զատել, անհնար է ջրերի մեջ տարածություն առաջանա առանց աղմուկի, երկնքի թռչուններն աղմուկով են ստեղծվել, երկնքի լուսատուները՝ ևս․․․ «Աստված վեցերորդ օրն ավարտեց արարչագործությունը և իր կատարած բոլոր գործերից հետո՝ յոթերորդ օրը, հանգստացավ»։ Սկսում եմ պատկերացնել աղմուկից հանգստացող Աստծուն։
Գլխուղեղս նկարող սարքը շարունակում է աղմկել, իսկ ես արդեն մոռացել եմ՝ որտեղ եմ․ մտածում եմ լավ բանի մասին՝ աշխարհի արարման, որն անաղմուկ չի ընթացել․․․
Վաղուց, շատ վաղուց ինձ այսքան մոտ չեմ զգացել Աստծուն․ տեսնում եմ Նրա արարումը, ստեղծագործական փնտրտուքը, ու թե ինչպես է Նա ամեն ինչ ստեղծելիս Իր մի մասը ներդրել դրանում, ապա հանգստացել տիեզերական լռության մեջ։ Ես նույն լռության կարիքն ունեմ, ժամանակների սկզբի լռության կարիքը, երբ ամեն ինչ ներդաշնակ էր, օրհնված, բարի ու անապական․․․
Հետազոտությունն իրականացնող բժիշկը մեզ բաժանող ապակու մյուս կողմից ասում է. «Մնաց երեք րոպե, ամենաբարձր ձայները հիմա են լինելու, խնդրում եմ շարունակել նույնկերպ անշարժ պառկել»։ Նորից սկսում եմ վախենալ, որ միգուցե այս անգամ չդիմանամ բարձր ձայներին։ Աչքերս փակում եմ և սկսում անբառ աղոթել։ Սարքը սկսում է թեթև թափահարել մարմինս, ապա անջատվում։ Վեր եմ կենում պառկածս տեղից, ու թվում է՝ շատ խորը քնից եմ արթնացել։ Ինձ մաքրված ու խաղաղ եմ զգում, մի բան, որը վերջին շրջանում պարզապես երազանք էր։ Սկսում եմ անձայն արտասվել ամեն մի մտքից, որ Աստված երբեք, երբեք, երբեք ինձ (և իր մասնիկը կրող բոլորին) մենակ չի թողնում դժվարության մեջ։ Այն ժամանակ, երբ մարդկային ողջ ռեսուրսդ սպառել ես, երբ խավարը տիրացել է ներսիդ, երբ կորցրել ես լավ բանի մասին մտածելու կարողությունդ, գալիս է Նա՝ այդ պահին հարմար կերպարանքով, գալիս է Նա՝ թափանցիկ, անձայն, չպարտադրող։ Գալիս է ու առաջարկում Իր սերը, Իր վիրակապը՝ արյունահոսող վերքիդ, գալիս է և հարցնում՝ ինչի՞ց ես վախենում, Ես այստեղ եմ։
Հիվանդությանս սկզբում ես շատ սրտնեղած էի։ Շատ ծանր էի տանում այն փաստը, որ առողջական խնդիրներով պայմանավորված, շատ սահմանափակումներ ունեմ, շատ բաներ չեմ կարողանում անել այնպես, ինչպես նախկինում։ Կարծում էի՝ պատժվում եմ գործածս սխալների համար։ Կարծում էի՝ սա հատուցումն է։ Բայց երբ Աստված այցելեց ինձ ամենածանր պահին, հասկացա, որ սա ևս մեկ հանդիպման հնարավորություն էր։ Մի կարևոր ապրում, որը երբեք չէի ունենա, եթե չլիներ այս փորձությունը։
Սկսեցի շնորհակալ լինել իմ հիվանդությանը, շնորհակալ լինել այն ցավի համար, որի արդյունքում ես վերաճանաչում եմ ինքս ինձ ու աշխարհը, տեսնում եմ բաներ, որոնք նախկինում չէի տեսնում։ Ճանաչում եմ նորը, լայնացնում եմ սահմաններս, ամրանում եմ։
Կարծում եմ՝ մեր երկիրը շատ նման է այն աղջկան, որը հիվանդ է, թույլ ու անպաշտպան, բուժման կարիքի մեջ։ Մեր երկիրը նման է ինձ՝ վախեցած ու Աստծուն կարոտ։ Ու ես համոզված եմ, համոզված եմ, որ Աստված կմոտենա, որովհետև չի էլ հեռացել։ Նա այստեղ է, սպասում է՝ լսենք Իր ձայնն ու հիշենք, որ Իր մասն ենք կրում մեր մեջ, Իր հզոր ու ստեղծագործ մասը, որի առաջ չկա փակ դուռ, չկա անհնար մի բան։
Առողջանալը, ամրանալը, նորից ծաղկելը, կյանքին վերադառնալը, սիրելը, ապրելը նորից հնարավոր պիտի լինի մեզ համար, բոլորիս համար։ Ամեն։
Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ
Շողակն Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ
qahana.am