Մոսկովյան այցի ընթացքում ՀՀ իշխանությունների համար ևս ուշագրավ է ընտրություններից առաջ հասկանալ Ռուսաստանի վերաբերմունքը. Լուկիանով

Նախօրեին լուսաբանվեց Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հրապարակային հատվածը: Ինչպես և ակնկալվում էր, անդրադարձ կատարվեց տարածաշրջանի ապաշրջափակման հարցին, գերիների վերադարձի անհրաժեշտությանը, ռուսական Sputnik-V պատվաստանյութի 1 մլն դեղաչափ ՀՀ մատակարարելու հարցին, Ղարաբաղյան հակամարտությանը, երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ ռազմական ոլորտում:

«Իհարկե, մենք այսօր կքննարկենք հայ-ռուսական միասնական զորախմբի և հակաօդային միասնական համակարգի գործունեության հետ կապված որոշ ասպեկտներ»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նոր ատոմակայան կառուցման հնարավորություններն էր առաջարկել քննարկել:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, Փաշինյանն ասել էր, որ այն դեռ չի կարգավորվել:

«Շատ կարևոր է նաև մեր տեսանկյունից քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը, քանի որ, ցավոք, խնդիրը լուծված չէ, և մենք պետք է այս հարցով նույնպես խոսենք, քննարկենք` ապագայի ինչպիսի տեսլական ունենք»,- ասել էր նա:

Ուշագրավ է, որ այցի նախօրեին հաստատվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պուտինի խոսնակ Պեսկովը նշել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ իսկապես հեռախոսային զրույց էր ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք հին ընկերական հարաբերություններ ունեն:

«Եվ գիտե՞ք՝ նրանք այդ հարաբերությունները պահպանում են և բավական հաճախ են զրուցում հեռախոսով»,- ասել էր Պեսկովը:

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ դրական է համարում այցերի ձևաչափում երկու երկրների ղեկավարների քննարկումները, քանի որ կորոնավիրուսային համավարակը փոխել է միջազգային հարաբերությունների բնույթը, դրանք տեղափոխելով հեռախոսային մակերեսային քննարկումների դաշտ:

Իսկ պատերազմից հետո, նրա խոսքով, ահռելի մեծ օրակարգ կա քննարկելու:

«Այս բոլոր թեմաներից ամենակարևորը, իհարկե, ապաշրջափակման հարցն է, որի շրջանակում ամենածանր բանակցություններն են ընթանում, և կարիք առաջացավ կազմակերպել Օվերչուկի այցը Հայաստան ու Ադրբեջան: Կարևոր է կոնկրետ իրավիճակը Ղարաբաղում՝ թե՛ հումանիտար, թե՛ քաղաքական՝ ինչպես պետք է շարունակվեն բանակցությունները, եթե հակամարտությունը կարգավորված չէ: Այս հարցը կարծես քննարկվել է: Սա ինչ վերաբերում է բազմակողմ օրակարգին: Իսկ երկու կողմում կարևոր է Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը, որում ՌԴ-ն պարտավորություններ ունի, լինելով ՀՀ անվտանգության երաշխավոր և, փաստորեն, այս հարցում նոր որոշումներ են կայացվում, ՌԴ ներկայությունը՝ ռազմական, կամրապնդվի Հայաստանում, ուժերի վերադասավորություն տեղի կունենա և ուժեր կտեղակայվեն ավելի վտանգավոր ու վիճելի հատվածներում: Կան տնտեսական ու քաղաքական հարցեր ևս, ակտուալ, ինչպիսին ռուսական պատվաստանյութի ձեռքբերման հարցն է, և այլն: Հաշվի առնելով այն փուլը, երբ տեղի ունեցավ այցը, այն կարելի է համարել հագեցած, քանի որ պատերազմից հետո բազմաթիվ խնդիրների առջև են կանգնել կողմերը, որոնցից մեկը նաև գերիների հարցն է»,- ասաց Լուկիանովը:

Ըստ նրա, այցին որոշակի ինտրիգ հաղորդում էր այն հանգամանքը, որ հայտարարվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստանում, ներքաղաքական կյանքում ամեն ինչ հարթ չէ, դրանից առաջ տեղի էր ունեցել հայտնի հարցազրույցը, որն իր հերթին՝ այս այցի նկատմամբ հետաքրքրությունը մեծացրեց:

«Որքան հասկանում եմ՝ հանդիպմանը երկու կողմերի համար էլ հետաքրքիր էր նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակի շոշափումը, տրամադրությունները: ՀՀ իշխանությունների համար ևս ուշագրավ է ընտրություններից առաջ հասկանալ Ռուսաստանի վերաբերմունքը, որը, կարծում եմ, մնալու է պետականության շրջանակում, որևէ հրապարակային դիրքորոշում կամ միջամտությանը նմանվող ակտ չի լինի: Սակայն այդ առումով, կարծում եմ, այցը շատ չեզոք տպավորություն թողեց, գոնե հրապարակայնորեն:

Հայ-ռուսական հարաբերությունների խորացումը ներկայումս բխում է երկու կողմի շահերից, բազմաթիվ են այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն նախ՝ երկկողմ, ապա՝ բազմակողմ ձևաչափով»,- նման կարծիք հայտնեց Լուկիանովը:

Վերջինիս խոսքով, Ռուսաստանում ուշի ուշով և հետաքրքրությամբ են հետևում ներքաղաքական զարգացումներին և այն վարկանիշներին, որոնք նախկինում ունեին որոշ գործիչներ, իսկ այսօր՝ ոչ:

«Պատերազմը շատ բան փոխեց տարածաշրջանում և պատերազմող երկրներում, ինչը բնական է: Կարևոր է, որպեսզի խնդիրները լուծվեն քաղաքական ճանապարհով, իսկ երբ դրանք չեն երևում, քաղաքականությունը դուրս է գալիս դրա շրջանակից: Դա Ռուսաստանի համար անցանկալի սցենար է: Ռուսաստանի համար այս պահին Ղարաբաղյան գոտում և Հարավային Կովկասում խաղաղություն հարկավոր է, քանի որ Դոնբասում իրավիճակը հանգիստ չէ, և Ռուսաստանը մի քանի ճակատով փորձում է իր համար նոր խնդիրներ չստեղծել, համագործակցելով Թուրքիայի հետ»,- ասաց Լուկիանովը:

Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ դա աշխատանքային հանդիպում էր, որով հայկական կողմը մի շարք անհապաղ հարցեր փորձեց ակտիվացնել:

«Դա գերիների, պատվաստանյութի, ատոմակայանի, անվտանգության և էներգակիրների հարցն էր: Ռուսաստանի համար կարևոր է հրադադարի հայտարարությունը և դրան հաջորդած բանակցությունները: Հետաքրքիր կլիներ հասկանալ, թե ինչ են քննարկում փոխվարչապետները եռակողմ ձևաչափում: Այստեղ կարևոր է նաև խաղաղապահների գործունեության մանդատը Ղարաբաղում, այդ թեման շահարկվում է ադրբեջանական կողմում, այստեղ հավելյալ դիվանագիտական ջանքերի կարիք կա: Վստահաբար «Իսկանդերի» թեման է քննարկվել, սակայն հասկանալիորեն այն չբարձրաձայնվեց: Ներքաղաքական երանգներ չէի փորձի գտնել, քանի որ Ռուսաստանը չի միջամտում ներքաղաքական հարցերին, պարզապես դիտորդի դերում է»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս