Բաժիններ՝

Ինչո՞ւ աշխատավարձ չեն ստանում Թիվ 2 բուժմիավորման բժիշկները

Քովիդ իրականության մեր օրերում առհասարակ բժիշկների աշխատանքն ամենածանրաբեռնվածն ու ռիսկայինն է: Բժիշկներն ամենախոցելի խավերից են, որովհետև շփվում են ահռելի քանակությամբ պացիենտների հետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է վարակակիր լինել: Բայց այդ պայմաններում անգամ մարդիկ չեն խուսափում կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, հերթապահել գիշեր-ցերեկ:

Բայց արի ու տես, որ այդ մարդիկ իրենց դժվարին աշխատանքի համար ոչ միայն պարգևավճարներ չեն ստանում, ինչպես պետապարատում երբեմն զրոյական ՕԳԳ ունեցող աշխատակիցները, այլև չեն ստանում անգամ իրենց հասանելիք ոչ բարձր աշխատավարձը:

Արդեն ապրիլ ամիսն է, բայց Թիվ 2 բուժմիավորման ստացիոնար և պոլիկլինիկական ծառայության բժիշկները չեն ստացել անգամ փետրվարի աշխատավարձը:

168.am-ին ահազանգած բժիշկների խոսքով՝ հետաքրքիրն այն է, որ, օրինակ, բուժմիավորման տնօրեն Տիգրան Խաչատրյանը միջոցներ գտնում է վճարել ադմինիստրատիվ աշխատողների և կրտսեր բուժաշխատողների ու սպասարկող անձնակազմի աշխատավարձերը, սակայն, չգիտես՝ ինչու, մտածել է, որ բժիշկներն այդ գումարի կարիքը չունեն, կամ ունեն, բայց չեն աղմկի, ինչպես, ասենք, վերը նշված աշխատակիցները:

Մեր հարցին, թե երկու հաստատություններն էլ նույն ա՞նձն է ղեկավարում, պատասխանեցին, որ պոլիկլինիկական ծառայությունը ղեկավարում է Դավիթ Մաթևոսյանը, ով, սակայն, ֆինանսական խնդիրների լուծման հարցում իրավասություններ չունի:

Տարօրինակ պատասխան է, իհարկե, որովհետև այդ դեպքում ո՞վ է Դավիթ Մաթևոսյանը, և ինչո՞ւ երկու ծառայություններն էլ նույն անձը՝ Տիգրան Խաչատրյանը, չի ղեկավարում, եթե ինքն է որոշում՝ ով ու երբ պետք է աշխատավարձ ստանա:

Մյուս կողմից, պոլիկլինիկական ծառայությունը կարծես թե պետական ֆինանսավորում ստանում է, ինչո՞ւ ուրեմն այդ դեպքում չեն վարձատրվում բժիշկները, որտե՞ղ են «պտտվում» վերջիններիս հասանելիք աշխատավարձերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս