Արդյունքը, որն ուզում էին ստանալ՝ Սերժ Սարգսյանի պարտված առաջնորդի կերպարի ստեղծումն էր, չեն կարողանալու, քանի որ իրենք ավելի ձախողված են». Գևորգ Գորգիսյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ այսօր կա այնպիսի իրողություն, երբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզվում են բազմաթիվ քաղաքացիներ։ Նրանց մի մասն արտասահման է մեկնել սովորելու, մի մասին փոքր տարիքում ծնողները երկրից տարել են, այսինքն՝ բոլորը չէ, որ փախել են։
«Կապերը խզել այդ մարդկանց հետ և ասել, որ նրանք հայրենիքին պետք չեն, թող գնան, ինչ ուզում է՝ լինեն, չի կարելի, նրանք հայրենիքին պետք են, և ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նրանք վերադառնան։ Երբ դեռ կորոնավիրուսի համավարակն էր սկսվում, մենք առաջարկել էինք նման մի քայլ անել, համաներում անել, որպեսզի այդ մարդիկ կարողանան գալ ու այս ծանր ժամանակն իրենց երկրում անցկացնել։ 27 տարին լրացած անձն այլևս զինապարտ չէ, և գործող օրենքով նրանց միայն դատ էր հասնում։ Մենք ասում էինք՝ համաներում շնորհեք, որպեսզի գան ու մասնակցեն հայրենիքի պաշտպանությանը, կրկին չընդունվեց, հիմա լավ է ուշ, քան երբեք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից ընդունված որոշմանը՝ ծառայությունից խուսափած անձանց համաներում շնորհելու վերաբերյալ։
Ըստ պատգամավորի, այդ որոշման մեջ միայն մեկ խնդրահարույց կետ կա՝ ժամկետների վերաբերյալ, քանի որ համաներումը տարածվում է 27 տարին լրացած անձանց վրա։
«Երբ նախագիծը գա ԱԺ, միանշանակ այդ հարցերը կբարձրացնենք, բայց լավ է, որ մեր քաղաքացիները, որոնք գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, կկարողանան վերադառնալ»,- հավելեց Գ. Գորգիսյանը։
Նա վստահ է, որ կառավարությունը կձախողի մոբիլիզացիոն ռեսուրս կենտրոնացնելու գործընթացը, սակայն ընդգծում է, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից հետո, երբ Հայաստանում լինի իշխանափոխություն, ապա կառավարությունն այդ հարցի վրա կաշխատի։
Անդրադառնալով ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցին, որը չի հրապարակվելու, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ այն ուղարկվել էր ԱԺ նախագահին նոյեմբերի սկզբին՝ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո, երբ երկրում քաղաքական խորը ճգնաժամ էր։
«Մենք այս պահին ուղղակի չհասցրեցինք ծանոթանալ վերջնական զեկույցին ու միանալ դրան, դրանից հետո էլ առիթ չի եղել, կարծում եմ՝ հիմա ավելի առաջնային գործեր կան։ Եթե այդ զեկույցը չի հրապարակվել, դա արվել է իշխող խմբակցության քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որովհետև այնտեղ կային խնդիրներ, որոնք բացահայտվել էին 2016 թվականին և չէին շտկվել 2020 թվականի պատերազմում։ Իրենք ձախողումներն ու կորուստները վերջին պատերազմում անհամեմատելի են 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ։ Այն արդյունքը, որն իրենք ուզում էին ստանալ, դա Սերժ Սարգսյանի պարտված առաջնորդի կերպարի ստեղծումն էր, փաստորեն չեն կարողանալու, քանի որ իրենք ավելի ձախողված են։ Հետևաբար՝ այդ զեկույցը չի հրապարակվում՝ քաղաքական նկատառումներից ելնելով»,- շեշտեց Գևորգ Գորգիսյանը։