«Հիմա հաջորդ մեխն է խփվում հայ ժողովրդի երկու հատվածների միջև». Արմեն Մարուքյան
ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը վստահ է՝ ՀՀ իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերություններում «շտկումներ մտցնելուց» հետո հայ ժողովրդին կրկին կանգնեցնելու են Հայոց ցեղասպանության առջև։
«Եթե սպառնալիքները չեն վերացրել, և գործ ունենք ցեղասպանությունը ժխտող երկրի հետ, ինչպես կարո՞ղ են այդ սպառնալիքը չեզոքացնել։ Հակառակը՝ պանթուրքիստական երազանքը… Մեղրիի միջանցքը, Ադրբեջանում ու Թուրքիայում եղած մեծ ոգևորությունը, ընդ որում` հատուկ դա իրենք միջանցք են անվանում, և այն բազմամակարդակ օգտագործվող տարածք է լինելու, որտեղ միայն ճանապարհ չի լինելու, կլինի երկաթգիծ, չի բացառվում նաև գազամուղի ու նավթամուղի անցկացում։ Սա նույն պանթուրքիզմի երազանքի իրականացումն է, այն, ինչի համար տասնամյակներ պայքարում ու չէին կարողանում հասնել, հիմա այս փաստաթղթով ու այն քաղաքականությամբ, որը տանում են, այդ ամենը սկուտեղի վրա մատուցում են Թուրքիային։ Այնպես որ` որքան էլ «միջանցք» բառի վրա փորձեն բառախաղ անել, բովանդակությունն է կարևոր, որը լուրջ սպառնալիք է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարուքյանը։
Շարունակելով միտքը, մեր զրուցակիցն ասաց, որ սրանով Հարավում կտրվում է նաև Հայաստանի արտաքին ու ցամաքային շփումն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը միակ գոտին է, որտեղ Իրանը Հյուսիսում ոչ թուրքական պետությունների հետ սահման ունի։ Պատահական չեն Թեհրանի պաշտոնական ու կոշտ հայտարարությունները, որ իրենց համար «կարմիր գիծ» է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Թուրքիային ու Ադրբեջանին այդ գոտու հանձնումն այդ տարածքային ամբողջականության սպառնալիքի շրջանակներում է։
«Այստեղ ամեն ինչ պարզ ու հստակ է, դրա համար ՀՀ իշխանությունները սկսել են հետողորմյաներ անել։ Հիմա փորձելու են իրենց խոսքը շտկել, ասել, որ իրենց ճիշտ չեն ընկալել, որ նման բան չեն ասում։ Բոլոր այն մարդիկ, որոնք ասում են՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ինչ է տալու, կա՛մ տգետ են, կա՛մ հայ ժողովրդի պատմությանը ծանոթ չեն։ Այսինքն՝ չեն հասկանում իրենց հայտարարությունների իմաստը։ Ով այսօր ասում է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ինչ է տալու, վաղը պետք է ասի, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, որովհետև դա տրամաբանական շարունակությունն է։ Այսինքն՝ մենք ընկնում ենք թուրքական քարոզչության տիրույթ՝ ասելով, թե այսօր մեզ Ցեղասպանության ճանաչումը ոչինչ չի տալու, մինչդեռ սփյուռքը տասնամյակներով սրա համար պայքարում է, և սա է սփյուռքը հայկական պահում, սա կարևոր առանցքներից մեկն է։ Եթե այսօր Մայր հայրենիքից նման հայտարարություններ են հնչում, այն էլ՝ ԱԺ պատգամավորների շուրթերից, սա նշանակում է, որ Հայաստան-Սփյուռք փոխգործակցության մեջ սեպ է խրվում, ինչը թուրքերի երազանքն է»,- հավելեց Ա. Մարուքյանը։
Ըստ նրա, 2015 թվականին Թուրքիայի նախագահը և վարչապետ Դավութօղլուն մեծ ջանքեր էին գործադրում՝ հայտարարելով, որ հայկական սփյուռքը նույն թուրքական սփյուռքն է, որովհետև Օսմանյան կայսրության հպատակների ժառանգներն են արևմտահայերը։ Այդ ժամանակ նրանց նպատակները ձախողվեցին։ Հետևաբար՝ այդ ամենի նպատակը Հայաստանի և սփյուռքի միջև սեպ խրելն է։
«Հիմա մեր ներկայիս գործող իշխանությունները փաստացի իրենց հայտարարություններով նման ծառայություն են մատուցում Թուրքիային։ Մենք գիտենք, թե նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարությունը սփյուռքն ինչ բացասաբար է ընդունել, հիմա հաջորդ մեխն է խփվում հայ ժողովրդի երկու հատվածների միջև, այդ սեպն ավելի է խորացնելու, թե մենք տարանջատում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, և թող հայոց պետությունից լրիվ հեռանա և դրանով արևմտահայերի ժառանգները զբաղվեն։ Սա կործանարար հետևանքներ ունեցող հանցավոր քաղաքականություն է, և օր առաջ մենք պետք է սթափվենք, հակառակ դեպքում՝ սրա հետևանքները մեծ սպառնալիք են դառնալու հայ ժողովրդի գլխին կախված՝ ոչ միայն հայոց պետականության կորստի, այլև հայ ժողովրդի գոյության տեսանկյունից»,- եզրափակեց Արմեն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ի պատասխան հարցին՝ Թուրքիան Հայաստանի թշնամի՞ն է, ասել էր․ «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ Միանշանակ պնդել, թե Թուրքիայից ոչ մի վտանգ չի սպառնում, ճիշտ չէր լինի, բայց տարածաշրջանում կատարվող իրադարձությունները նաև այլ հնարավորություններ են ստեղծում»։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյան էլ «Առավոտ»-ի եթերում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարել էր, թե իրենք ասում են, որ գուցե հիմա լավ շանս կա, որ թշնամանք չլինի։
«Իսկ թե ինչ է այդ «չթշնամանքը», կարելի է դիվանագիտական լեզվով ձևակերպել և բնորոշումներ տալ: Դա կարող է, օրինակ, լինել մինիմալ խոսակցություն շատ պրագմատիկ, ընդհանուր շահերի շուրջ: Կամ իրականում «չթշնամանքը» կառուցողականությունն է: Ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական: Դժվար չէ Ալիևի չափ ապակառուցողական լինել, ասել՝ Ստամբուլը արյան ծով կսարքենք, կամ Բաքվում չայ կխմենք, բայց գործընթացները դրանից չեն շահում: Ես չգիտեմ, թե որքանով մեր կառուցողականությունը նրանց կդրդի լինել կառուցողական, բայց ես վստահ եմ, որ մեր ապակառուցողականությունը իրենց կմղի էլ ավելի ապակառուցողական լինելու»,- ասել էր Լ. Նազարյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ իր հարցազրույցներից մեկում նախ Քարվաճառը համարել էր ոչ հայկական, այնուհետև հարց էր բարձրացրել, թե Հայոց ցեղասպանոթւյան միջազգային ճանաչումն ինչ է տալու հայկական կողմին։