Դոնբասում էսկալացիայի վտանգն ու Արցախը. ի՞նչ որոշում կկայացնի Թուրքիան
Ղարաբաղյան հակամարտության շուրջ աշխարհաքաղաքական կրքերը չեն հանդարտվում: Ավելին, այս հակամարտության գոտում տիրող իրավիճակն անկայունացնող գործոններն օր օրի շատանում են: Բացի հակամարտության գոտում չլուծված բազմաթիվ խնդիրների, բանակցային անկայունության, տարաձայնությունների, ՀՀ ներքաղաքական անկայուն իրավիճակի, Ռուսաստանի նկատմամբ ադրբեջանական մեդիա «հարձակումների», ԱՄՆ նոր վարչակազմի, որը աշխարհաքաղաքական նոր միտումներ է ձևավորում, վերջին օրերին մեծացել է սուր էսկալացիայի վտանգը Դոնբասում, որում Թուրքիայի դերակատարությունը՝ և քաղաքական, և ռազմական, առանցքային է:
Պատահական չէ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնում է Թուրքիա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Վան դեր Լեյենի Անկարա կատարած այցից ու բանակցություններից հետո: Ուկրաինա-թուրքական հարաբերությունները վերջին երեք տարիների ընթացքում զարգանում են աննախադեպ արագությամբ. Ուկրաինան արևելաեվրոպական միակ երկիրն է, որը Թուրքիայի հետ ունի հարաբերությունների բարձր մակարդակ, Ուկրաինան Թուրքիայի համար հնարավորություն է նաև հաստատվել հետսովետական տարածքում: Այս հարաբերություններում էական նշանակություն ունի Թուրքիայի կողմից աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, հետևաբար՝ նաև Թուրքիայի տարածքային ամբողջականությանը, որի համար քրդական հարցն ամենամեծ սպառնալիքն է, իսկ այդ հարցը քաղաքականապես սնվում է Միացյալ Նահանգների կողմից: Աջակցելով Ուկրաինայի քայլերին Դոնբասի ուղղությամբ, Թուրքիան կարող է լուծել որոշ խնդիրներ ԱՄՆ-ի հետ, սակայն մյուս կողմում էլ Ռուսաստանն է, և այս օրերին Անկարայի ընտրությունից շատ բան է կախված: Սակայն փորձագետները բախման վտանգը մեծ են համարում:
Բնականաբար, սա մեծ ռիսկ է նաև Ղարաբաղյան երկրորդ մեծ պատերազմում ցավալի պարտություն կրած Հայաստանի ու Արցախի համար ևս, ում հարևանությամբ պատերազմից հետո արդեն 4-րդ թուրք-ադրբեջանական զորավարժությունն է տեղի ունենում, և որտեղ, արդեն կես տարի է, ինչ ներքաղաքական կյանքը չի հանդարտվում, նորանոր անվտանգային խնդիրներ են կուտակվում ապիկար իշխանությունների անգործության պատճառով:
«168 Ժամ»-ի հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ տարիներ առաջ սկսված սիրիական ճգնաժամը քիչ-քիչ «տարածվում է» դեպի հարևան գոտիներ, որտեղ կան հակամարտություններ և խաղացողներ, ինչպիսին Ռուսաստանն է, Թուրքիան, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը:
Ամենահետաքրքիր գործընթացը, նրա որակմամբ, ծավալվում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որոնք ունեն բազմաթիվ մեծ շահեր, սակայն նաև ռուս-թուրքական համագործակցության հակառակորդներ, որում Թուրքիան ոմանց համար ունի հավասարակշռող դերակատարություն, ոմանց համար՝ ընդհակառակը:
Նրա խոսքով, Թուրքիան կարողանում է խաղալ Արմուտքի, Ռուսաստանի միջև, սակայն երկու կողմերն էլ ակնկալում են, որ Թուրքիան տեղափոխվելու է իրենց կողմ:
Բնականաբար, ըստ վերլուծաբանի, Դոնբասի հարցով մեծանում է ռուս-թուրքական բանակցությունների ակտիվացման անհրաժեշտությունը, և դա ընթանալու է բոլոր հարցերով: «Բոլոր խնդրահարույց գոտիները ճակատներ են, որոնցով բոլոր կողմերն աշխատում են, ճնշումներ բանեցնում միմյանց նկատմամբ: Կարծում եմ՝ Դոնբասում մեծ լարվածություն որևէ մեկի պետք չէ, սա ճնշման հերթական ակտն է ավելի շատ դերակատարների մասնակցությամբ, քանի որ Ուկրաինային աջակցություն է հայտնում ողջ արևմտյան համայնքը: Իրավիճակը բավականին բարդ է, կողմերը միմյանց բռունցքներ են ցույց տալիս, և բարդ է ասել, թե այս ամենն ինչով կարող է ավարտվել: Սակայն առաջիկա օրերը շատ բան կորոշեն այս առումով:
Ղարաբաղյան հակամարտության դեպքում երևի թե ուղիղ վտանգներ չկան, քանի որ պատերազմը նոր է ավարտվել, և այստեղ ներկայիս փուլում այլ գործընթացներ են զարգանում, սակայն վտանգն այն է, որ գլխավոր միջնորդները, դերակատարները նույնն են՝ Ռուսաստան, Թուրքիա, Արևմուտք: Սակայն կոնկրետ այս գոտում կողմերից է շատ բան կախված, իսկ իմ կարծիքով՝ կողմերը նոր էսկալացիա չեն ցանկանում, արտաքին դերակատարները խիտ օրակարգ ունեն հարևան գոտիներում, և առաջիկա մի մեծ փուլում նրանց ուշադրության կենտրոնում են լինելու Ուկրաինան ու Արևելքը»,- ասաց Հալբախը:
Հարցին, թե ինչո՞ւ եվրոպական կառույցների ղեկավարները նման աջակցություն չցուցաբերեցին Հայաստանին, ինչը տարբեր՝ ուղիղ աջակցության հայտարարություններով անում են Ուկրաինայի դեպքում, Հալբախը պատասխանեց, որ այստեղ հակառակորդ կողմը Ռուսաստանն է: «Եթե հիշում եք՝ պատերազմի ընթացքում եվրոպացի որոշ առաջնորդներ կրկին ռուսական դերակատարության մասին խոսում էին: Եվ մյուս հանգամանքն այն է, որ Ուկրաինայի արտաքին քաղաքական վեկտորն անորոշ չէ, Ուկրաինան ներկայումս լիովին կախված է Արևմուտքից՝ կտրված Ռուսաստանից, սա ևս որոշիչ հանգամանք է: Կա նաև Թուրքիայի դերակատարության հարցը, ինչպես նաև էներգետիկ շահերը»,- ասաց քաղաքագետը:
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում ասաց, որ ռուսական դիվանագիտությունը, ներկայումս լինելով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ խիստ լարված հարաբերություններում, մեծապես կարևորում է Թուրքիային Դոնբասի հարցում:
Ըստ նրա, այնպես չէ, որ Թուրքիայի դերակատարությունը փոքր է, պարզապես դիվանագիտության գործունեության դաշտը շատ մեծ չէ, իսկ Թուրքիան կարևոր խաղացող է թե Ռուսաստանի, թե Արևմուտքի համար:
«Թեև ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ոչ մեկի, ոչ մյուսի համար նա վստահելի գործընկեր չէ, հատկապես Ռուսաստանի դեպքում նաև ռիսկային է, բայց որոշակի առումով ռուս-թուրքական հարաբերությունները որքան խնդրահարույց են, այնքան էլ կան փոխզսպման մեխանիզմներ, ու ամենևին պատահական չէ, որ օրերս տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հեռախոսազրույց: Պահի բարդությունն այն է, որ ԱՄՆ-ն է լուրջ ճնշումներ բանեցնում Թուրքիայի նկատմամբ, թեև Թուրքիան իր հերթին՝ չի ընկճվում կարծես և պնդում է, որ ռուսական C-400-ների թեման փակ է, բայց դա միակ թեման չէ: Գիտենք, որ Ցեղասպանության հարցով գուցե Բայդենը որոշում կայացնի, սա ևս անցանկալի է Թուրքիայի համար: Ինչպես հասկացանք՝ օրերս այդ թեմայով գաղտնի հանդիպումներ էին տեղի ունեցել ամերիկացի և թուրք պաշտոնյաների միջև, ու չի բացառվում, որ այս հարցով ԱՄՆ-ը փորձի Ղարաբաղյան սեղանին որոշ հարցեր օրակարգ բերել: Կարող ենք ասել, որ այս խնդիրները և բոլոր հարցերը, պայմանավորված խաղացողներով, բոլորը միահյուսված են, ու այսօր այս ամենը լուծում է ապագա աշխարհակարգի հարցը: Չի բացառվում, որ արդյունքը մեծ անակնկալ լինի»,- ասաց նա: