«Քննարկելու բան չկա, լուծում է պահանջում այս հարցը». պաշտպաններն անհապաղ լուծում էին պահանջում, բայց դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ

Վերջապես անվերջ ընդմիջվելուց հետո կրկին վերսկսվեց ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով նիստը:

Հիշեցնենք, որ մարտի 26-ից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն այլևս գոյություն չունի: Նիստը սկսելուն պես պաշտպան Հայկ Ալումյանը կրկին պահանջեց անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

«Հենց հիմա դադարեցրեք, մնացած հարցերը՝ հետո»,- ասաց նա:

Վերջինիս երկրորդեց պաշտպաններից Արամ Վարդևանյանը, ով ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՍԴ մարտի 26-ի որոշումը ենթակա է անհապաղ կատարման որոշման հրապարակման պահից:

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի պնդմամբ էլ՝ այս պահին գործում է պարտավորության ռեժիմը:

«Դուք պարտավոր եք անգամ առանց մեր միջնորդության անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը: Այդ մասին գիտեք նաև Դուք: Մի չարաշահեք Ձեր լիազորությունները, մի կատարեք իրավախախտում»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ ինքը սպասում է իր պաշտպանյալի արդարացման որոշմանը:

Հարցի վերաբերյալ դիրքորոշում ու կարծիք հայտնեցին նաև Արամ Օրբելյանը և Հովաննես Խուդոյանը:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանի պնդմամբ, սակայն, ընդունելով, որ ՍԴ կայացրած որոշման հիմքով պետք է կայացվի որոշում, դատական նիստը պետք է հետաձգվի, դատարանը հեռանա խորհրդակցական սենյակ ու նոր կայացնի որոշում:

Դատավորի նկատառմանը, թե Սեյրան Օհանյանի պաշտպանները վաղը լքելու են Հայաստանը, Գևորգ Բաղդասարյանն արձագանքեց՝ է թող չլքի: Մինչդեռ Կարեն Մեժլումյանը դեռևս նախորդ դատական նիստին էր ասել, որ ապրիլի 3-ին մեկնելու են Հայաստանից՝ պայմանավորված իրենց արձակուրդն արտերկրում անցկացնելու հանգամանքով:

Ի վերջո, դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց պաշտպանական կողմի միջնորդությունը քննել կողմերի ներկայությամբ, այսօրվա դատական նիստում: Հայկ Ալումյանը, սակայն, նշեց, որ չկա քննարկելու հարց, դատավորը պետք է որոշում կայացնի, լուծի հարցը, հանցադեպի բացակայության հիմքով դադարեցնի քրեական հետապնդումն անհապաղ:

«Քննարկելու բան չկա, լուծում է պահանջում այս հարցը: ՍԴ-ի որոշումից հետո Դուք հաջորդ ատյա՞ն եք, որ քննարկեք»,- ասաց Հայկ Ալումյանը, ինչին միացան պաշտպանները:

Աննա Դանիբեկյանը, ի վերջո, որոշեց քննել պաշտպանների միջնորդությունն առանձին, սակայն հարցրեց, թե ինչո՞ւ են պաշտպանները համարում, որ հենց հանցադեպի բացակայության հիմքով պետք է դադարեցվի քրեական հետապնդումը, ինչին հնչեց պատասխան, որ ՍԴ որոշման մեջ է այդպես գրված:

Հաջորդիվ դատախազ Գևորգ Բաղդասարյանը ամբողջությամբ կարդաց իր միջնորդությունը, ապա պահանջեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունն ու դիմել Սահմանադրական դատարան:

«Քանի որ պատմական էքսկուրսի պես ինչ-որ մի բան եղավ այս գործի հետ կապված, ուզում եմ մի դրվագ էլ հիշեցնել, որ այնուամենայնիվ 300.1 հոդվածը՝ հատկապես կոնկրետ իմ մասով, ես կարծում եմ՝ քննչական և դատախազական մարմինները խորը գիտակցաբար են արել և դրել՝ այսպես ասած: Որովհետև ուզում եմ հիշեցնել, որ 2018 թ. օգոստոսի 3-ին, վիկիլիքսյան հրապարակումները հիմք ընդունելով, ինձ մեղադրանք էր առաջադրվել 332 հոդվածով, որը մի քանի ամիս հետո վերաորակվել է և 300.1-ով են բերել: Հիմա ինձ համար շատ հետաքրքիր կլինի, որ իմանամ, որ նաև այդ ամբողջ գործընթացները կլանում են նաև 309-րդ հոդվածը: Այսպիսի իրավագիտական փայլատակումներ, ճիշտն ասած, առաջին անգամ եմ հանդիպում, տեսնում և այլն: Խնդրում եմ, երբ որ այս ամեն ինչի մասին խորհեք խորհրդակցական սենյակում, հիշեք՝ 332, 300.1, 309… ու այսպես չգիտեմ՝ ուր ենք հասնելու»,- ելույթ ունենալով՝ ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Դատարանը կողմերին լսելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունների վերաբերյալ դատական ակտ կամ ակտեր կայացնելու: Որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին, 17:45-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս