Քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվի հանձնաժողով այցելած մեկ անձի պատճառով
Դեռևս 2019 թվականի մայիսի 31-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով իրավունքի ուժով ստեղծվեց քննիչ հանձնաժողով՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։
Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը ղեկավարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ու թեև այդ հանձնաժողովն օրենքով սահմանված վեց ամիսն աշխատելուց հետո դիմեց ԱԺ-ին և ևս վեց ամսով երկարացրեց ժամկետը՝ աշխատանքների ավարտից հետո եզրակացություն հրապարակելու պայմանով, օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հանձնաժողովի նախագահ Անդանիկ Քոչարյանն ասել էր, թե հանձնաժողովի պատրաստած զեկույցը չի հրապարակվի, և 97 էջանոց փաստաթղթի վերաբերյալ խորհրդարանում ինքն ընդամենը ծավալուն ելույթ կունենա։ Անդրանիկ Քոչարյանը այս որոշումը հիմնավորելու համար հետևյալ պատճառաբանությունն էր ներկայացրել, թե իրենք չեն ցանկանում, որ զեկույցը քաղաքական նպատակներով օգտագործվի, որ 44-օրյա պատերազմը մեզ ստիպում է շատ զգույշ լինել, որովհետև բանակը կրել է մեծ կորուստներ, հետևապես՝ որոշել են սահմանափակվել միայն ելույթով: Մինչդեռ, ավելի վաղ քննիչ հանձնաժողովի նախագահն ասել էր, որ իրենց ձեռքի տակ հազարավոր էջերից բաղկացած ցուցմունքներ ունեն, հարյուր ժամից ավելի տեսանյութեր, մեկ տարվա ընթացքում ամբողջացրել են այն նյութերը, որոնք կկարողանան լույս սփռել քառօրյա պատերազմի վրա, իհարկե, շեշտելով, որ չեն հրապարակվի պետական և ռազմական գաղտնիք պարունակող հատվածները:
168.am-ի տեղեկություններով, սակայն, իշխանությունն ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը չհրապարակելու որոշում է կայացել ոչ թե Անդրանիկ Քոչարյանի վերը նշած պատճառների, այլ ընդամենը մեկ անձի պատճառով, և այդ մեկ անձը ԳՇ պետ Արտակ Դավթյանն է, որը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է օպերատիվ վարչության պետը։
Մեր տեղեկություններով՝ Արտակ Դավթյանին քննիչ հանձնաժողովում տրվել են բազմաթիվ հարցեր, որոնց, սակայն, Դավթյանը կա՛մ չի պատասխանել, կա՛մ պատասխանել է մասամբ և կցկտուր, իսկ հանձնաժողովի որոշ անդամների մոտ Դավթյանի տված պատասխաններն առաջացրել են նոր հարցադրումներ, որոնք, սակայն, պատասխաններ չեն ստացել։
Հիշեցնենք նաև, որ Արտակ Դավթյանի վերաբեյալ ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանն ասել էր. «Արտակ Դավթյանի մասին դուք կկարդաք Քննիչ հանձնաժողովի եզրակացության մեջ: Ըստ իս՝ Դավթյանը շատ վատ դերակատարություն է ունեցել 2016թ․ պատերազմում՝ որպես օպերատիվ վարչության պետ»:
Ստացվում է, որ այդ ամենը եզրակացության տեսքով հրապարակելն այնքան էլ ձեռնտու չէ իշխանություններին, ուստի ավելորդ խնդիրներից խուսափելու համար կայացվել է որոշում, որ Անդրանիկ Քոչարյանն ընդամենն ԱԺ-ում իրենց մեկ տարվա կատարած աշխատանքն ամփոփող ելույթ կունենա։
Ի դեպ, տարիներ շարունակ ԱԺ-ում ձևավորված ժամանակավոր բոլոր հանձնաժողովները, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, աշխատանքի ավարտից հետո խորհրդարանին են ներկայացրել կատարած աշխատանքն ամփոփող զեկույցը: Տվյալ հանձնաժողովի նախագահը ծավալուն ելույթով է հանդես եկել։
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:
Զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում:
Հարցը քննարկվում է հետևյալ կարգով.
հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով հանձնաժողովի զեկույցը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել,
հարակից զեկուցմամբ կարող է հանդես գալ քննիչ հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել,
մտքերի փոխանակություն,
եզրափակիչ ելույթով հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը,
հարցի քննարկման տևողությունը կարող է սահմանվել 90 րոպեից մինչև երեք ժամ:
Նշենք, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին 2019 թվականի մայիսի 20-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
«Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար։ Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցներն այս դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար: Իմիջիայլոց, կարծում եմ, հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»,- ասել էր նա։