Ի՞նչ է թաքցնում կառավարությունը հարկերի գերակատարման և շրջանառությունների ավելացման տակ
Կառավարությունն ինքն իրեն գերազանցելու ձև է գտել. նախապես բյուջեի հարկային եկամուտների այնպիսի նշաձող է սահմանել, որ հնարավոր լինի գերակատարել։ Խոսքն այս տարվա առաջին եռամսյակի մասին է։
Բյուջեի եռամսյակային համամասնություններով տարվա առաջին 3 ամիսների համար պլանավորել են անհամեմատ ավելի քիչ հարկային մուտքեր, քան անցած տարվա փաստացի կատարողականն է։ Ու հիմա հայտարարում են, թե գերակատարում են ապահովել։
Որ սահմանված պլանի համեմատ հարկային եկամուտները գերակատարվել են, այդպես էլ կա։ Բայց փաստ է, որ այդ գերակատարումով հանդերձ, մուտքերն այս տարի անհամեմատ ավելի քիչ են, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում էին։ Այսինքն՝ մուտքերը նվազել են։
Սա մանր խորամանկություն է, որը նոր բան չէ։ Այդպես էր նաև անցած տարի. բյուջեի հարկային եկամուտները միլիարդներով կրճատեցին, իսկ հետո տարեվերջին հայտարարեցին, թե մուտքերը գերակատարել են։
Հիմա էլ այս տարբերակն են ընտրել։
Նախորդ տարվա կատարողականի համեմատ, այս տարվա առաջին եռամսյակի համար հարկային եկամուտները 44 մլրդ դրամով պակաս են պլանավորված։ Անցած տարվա փաստացի կատարողականը կազմել էր ավելի քան 349 մլրդ դրամ, այս տարվա համար պլանավորված է 305 միլիարդ կամ 12,6 տոկոսով ավելի քիչ, քան անցած տարվա կատարողականն է։
«Փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 332,9 մլրդ դրամ։ Դրական տարբերությունը 27,9 մլրդ դրամ է, սակայն, հաշվի առնելով, որ 332,9 մլրդ դրամի մեջ ներառված են նաև դրոշմանիշային վճարների գծով մուտքերը, որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ, ապա հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 մլրդ դրամ»,- կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահը։
Դատելով ՊԵԿ նախագահի այս հայտարարությունից և համադրելով նախորդ ամիսների կատարողականները՝ կստացվի, որ առաջին եռամսյակում հավաքվել է 327,3 մլրդ դրամ։ Հիմա սա համեմատենք անցած տարվա ցուցանիշների հետ։ Անցած տարվա առաջին եռամսյակում փաստացի մուտքերը եղել են 349 մլրդ դրամ, այս տարի՝ 327 միլիարդ։
Այլ կերպ ասած, հայտարարվող գերակատարումով հանդերձ, հարկային եկամուտները նախորդ տարվանից պակաս են եղել շուրջ 22 մլրդ դրամով։ Մուտքերը նվազել են 6,3 տոկոսով։
Սա այն է, ինչ ցույց է տալիս տնտեսության ու հարկային մուտքերի իրական պատկերը։ Կարևոր չէ, թե կառավարությունն ինչ պլան է դրել և որքանով է այն գերակատարել։
Անշուշտ, կարելի էր այնպես անել, որ գերակատարումը շատ ավելի տպավորիչ լիներ։ Դրա համար պետք կլիներ ընդամենն ավելի ցածր ցուցանիշ պլանավորել։
Թեև դրանից իրականում ոչինչ չէր փոխվի՝ ո՛չ տնտեսության վիճակը կլավանար, և ո՛չ էլ հարկային եկամուտները կավելանային կամ կպակասեին։
Տնտեսության վիճակի իրական բնութագրիչն այն է, որ նախորդ տարվա համեմատ առաջին եռամսյակում ունենք հարկային եկամուտների 6,3 տոկոսանոց նվազում։ Շրջանառությունների ի՞նչ աճերի մասին են խոսում Պետեկամուտների նախագահն ու վարչապետը, պարզ չէ։
«Առևտրաշրջանառության և կատարված գործարքների մասով մարտ ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն ավել է 8 մլն 647 հազար հատով, որի գումարային արտահայտության տարբերությունը անցյալ տարվա նկատմամբ կազմում է 122 մլրդ դրամ։
Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը 116,8 մլրդ դրամ է, գործարքների քանակով՝ 6 մլն 200 հազար հատ»,- ասում է ՊԵԿ նախագահը։
Նրան հատուկ շեշտադրումներով շտապում է լրացնել վարչապետը՝ «Այդպիսով, առևտրի շրջանառության ծավալն առաջին եռամսյակում աճել է ավելի քան 8 տոկոսով։ Մարտ ամսին աճը կազմել է ավելի քան 20 տոկոս»։
Եթե նախորդ տարվա համեմատ ունենք շրջանառությունների ու կատարված գործարքների այդպիսի աճ, ինչո՞ւ դա չի երևում տնտեսական ցուցանիշների մեջ և հարկային եկամուտներում։ Ճիշտ է, եռամսյակի տնտեսական ամփոփումները դեռ չկան, բայց հունվար-փետրվարի արդյունքներով արձանագրվել է անկում, այն էլ ոչ փոքր՝ 6,7 տոկոս։
Անկումն առևտրի և ծառայությունների ոլորտում նույնիսկ երկնիշ է, ու սա արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը։
Ի՞նչ զարգացումներ են տեղի ունեցել մարտին, պաշտոնական վիճակագրություն կհրապարակի ամսվա վերջին։ Այդ ժամանակ էլ հնարավոր կլինի ասել, թե առաջին եռամսյակի արդյունքներով, վարչապետի ու ՊԵԿ նախագահի հայտարարած առևտրի ավելի քան 8 տոկոսանոց աճը որքանո՞վ է արտացոլվել պաշտոնական վիճակագրության մեջ։
Բայց մինչ այդ արձանագրենք, որ տնտեսական անկման մեկնարկը Հայաստանում սկսվեց անցած տարվա մարտից, երբ իշխանությունների անպատասխանատու պահվածքի հետևանքով որոշվեց անցնել համատարած սահմանափակումների։ Այդ ամսին տնտեսական ակտիվության անկումը կազմեց գրեթե 5 տոկոս, իսկ առևտրի ծավալները նվազեցին շուրջ 10 տոկոսով։
Ի դեպ, առևտրի շրջանառությունների մասին խոսելիս հարկավոր է հիշել, որ այս տարի ունենք սպառողական գների բավական բարձր աճ։ Գնաճն արդեն մոտեցել է 6 տոկոսին, իսկ սննդամթերքի դեպքում նույնիսկ անցել է 8 տոկոսից։ Շատ ու շատ ապրանքներ թանկացել են ընդհուպ 30-40 և ավելի տոկոսով։
Եթե սա է շրջանառությունների ավելացման պատճառը, ապա այն հպարտանալու որևէ առիթ չի տալիս։ Դա նշանակում է, որ ոչ թե իրական սպառումն է ավելացել, այլ թանկացումներն են հանգեցրել շրջանառությունների ավելացմանը։
Սպառողը սրանից ոչ միայն չի շահել, այլև տուժել է։ Թանկացումների արդյունքում, սպառողի գրպանի հաշվին կառավարությունը փորձել է ավելացնել հարկային մուտքերը։ Թեև նույնիսկ այդ պարագայում դրանք շարունակել են ավելի քիչ լինել, քան անցած տարի էին։ Շրջանառությունների անգամ ավելի քան 20 տոկոս աճի պայմաններում, ինչպես ասում է վարչապետը, մարտին ևս հարկային եկամուտները զիջել են անցած տարվա ցուցանիշը։
Հարկային եկամուտները նվազել են, նույնիսկ հարկային բեռի, մասնավորապես՝ ենթաակցիզային բազմաթիվ ապրանքների հարկային բեռի ավելացման պարագայում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ