«Մեկն ասում է՝ բանալին Ռուսաստանի ձեռքում է, մյուսը՝ Ֆրանսիայի, բանալին մեր ձեռքում է». Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախի տարածքների մեծ մասը բռնազավթվել, օկուպացվել է թշնամու կողմից։
«Այս պահին չեմ ուզում դիվանագիտական հնարքներ բանեցնել, երբ թուրքն ու ադրբեջանցին ասում են, որ այդ տարածքներն իրենցն են, մի բան է, բայց շատ ավելի վտանգավոր է, երբ մենք ենք ասում, թե այդ տարածքներն իրենցն են, օրինակ՝ Քարվաճառը։ Սա ամենամեծ վտանգն է, նույնը Շուշիի ու նույնիսկ մեկ մետր հողի մասին է։ Տեսեք, այստեղ հանգչող մեր հայրենակիցներն իրենց արյունն են թափել այդ հողում, և մարդիկ հողի գինը պետք է հասկանան»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
Ըստ Դավիթ Բաբայանի, Արցախի մասին խոսելիս պետք է ասել, որ եղել են լուրջ բացեր՝ Արցախ-Ղարաբաղ ընկալման մեջ։
«Ի՞նչ է նշանակում՝ Քարվաճառը մերը չէ, Քարվաճառից են սկիզբ առնում Հայաստանի բոլոր գետերը, որոնք այսօրվա դրությամբ հակառակորդի վերահսկողության տակ են։ Հիմա երբ մենք խոսում ենք դեօկուպացիայի մասին, նույն Ադրբեջանը կարող է ներկայացնել ու ասել, թե՝ տեսեք, հայերն ասում են՝ Քարվաճառը մերը չէ։ Ես չգիտեմ, այդ հայտարությունները պատահակա՞ն էին, թե՞ ոչ, բայց մարդիկ, որոնք քաղաքականությունից չեն հասկանում… Մենք պետք է լրջորեն վերանայենք մեր աշխարհընկալումը, մենք պետք է հասկանանք, որ այն, ինչը մեզ հետ կատարվել է հազարամյակներ շարունակ, հատկապես՝ պարտությունները, գլխավոր մեղավորը մենք ենք։ Մեկն ասում է՝ բանալին Ռուսաստանի ձեռքում է, մյուսը՝ Ֆրանսիայի, բանալին մեր ձեռքում է։ Պետք է լավ հասկանանք՝ ինչ տարածաշրջանում ենք, ով ինչ շահեր ունի, և մեր աշխատանքն անենք, եթե չհասկանանք՝ խնդիրներ են լինելու»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Նա ընդգծեց, որ հայության ապագան երեք հիմնական բաղադրիչ ունի՝ պրոֆեսիոնալիզմ, հայրենասիրություն և հավատք։
Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, Դավիթ Բաբայանը նկատեց. «Կարծում ենք, որ Մինսկի խմբի ձևաչափն իրեն դեռևս չի սպառել։ Այն վերականգնելու համար արվում է՝ ինչ պետք է, սակայն պետք է հասկանանք, որ ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված, որ Ադրբեջանը տորպեդացնում է այդ գործընթացը, հիմա պետք է նորմալ աշխատենք։ Գիտեք, քաղաքականության մեջ ասում են՝ չկան հավերժ թշնամիներ և չկան հավերժ բարեկամներ, ես կարծում եմ՝ կան։ Հավերժ թշնամի են անհայրենասիրությունը, էգոիզմը, անձնական շահը հանրայինին գերադասելը, և այլն»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Նա նաև ընդգծեց, որ Արցախի արտաքին գործերի նախարարությունը որդեգրել է հետևյալ բանաձևը՝ քիչ աղմուկ, շատ աշխատանք, որով պետք է առաջնորդվեն։