Բաժիններ՝

Բարձրաստիճան չինովնիկներից սկսած՝  շատ գեղեցիկ վերնագրեր են ասում, բայց գնում տեսնում ես՝ բոլորովին ուրիշ բան են արել. Մկրտիչ Մինասյան

Արդեն հայտարարվել է Երևանի պատմական «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը: Հայտի գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը, իսկ մինչև հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետը նշել է, որ մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային կառուցապատման, վերականգնման ծրագրեր իրականացնելու փորձ:

Խորհուրդն առաջարկում է նախքան նախագծային հետազոտական փուլը՝ կատարել բազմակողմանի և խորը ուսումնասիրություն՝ բացահայտելով այսօրվա Կոնդի միջավայրի իրական պատկերը։ Իսկ Կոնդի իրական պատկերը հասկանալու համար հետազոտողին առաջարկվում է՝ նախ ուսումնասիրել բնակիչների դեմոգրաֆիական կառուցվածքը (մշտական, առկա), բնակչության իրական կարիքներն ու ձգտումները, ինչպես նաև դրանց իրականացման համար պայմաններն ու ընդհանուր պատկերը։ Ըստ հայտարարության՝ մրցույթի նպատակն է՝ նպաստել Կոնդում տեղական անշարժ գույքի արժեքի բարձրացմանը, լոկալ՝ տեղային տնտեսության և զբոսաշրջության ակտիվացմանը, ճարտարապետության, ենթակառուցվածքների և սպասարկման որակի բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, պատմականորեն ձևավորված և ազգագրական-հնագիտական արժեք ունեցող համայնքի քաղաքաշինական կայուն զարգացման սկզբունքների ինտեգրմանը։

ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ այս հարցում չպետք է շտապել, ինչպես արվեց «Հին Երևանի» դեպքում, և չպետք է մտածել միայն շահի մասին:

«Բոլորին թվում է, թե Կոնդը շատ հեշտ բան է: Ուզում ենք արժևորել, թողնել իր տեսքով, սակայն դա չի ստացվի, եթե շտապողականություն ցուցաբերենք ու մտածենք, որ այդտեղից փող պետք է վաստակենք: Այդպես չի լինում: Փող վաստակելու համար մակերեսներ են պետք, որոնք աշխատելու են ներդրողի համար, իսկ ներդրողները մտածում են հենց վաղը փող աշխատել: Ինչ վերաբերում է վերականգնմանը՝ ռեանիմացիային, նման ճանապարհով չի լինում: Եթե այնտեղ պետությունը փող չներդնի և չազատվի այդ ներդրողների քմահաճույքներից, ստիպողականությունից, ոչ մի բան չի ստացվի:  Ես հավատացած եմ, որ դա «Հին Երևանի» ծրագրի նման մի բան կլինի: Քաղաքն այնքան բան է կորցրել այդպիսի գեղեցիկ վերնագրերի տակ…  Բարձրաստիճան չինովնիկներից սկսած՝  շատ գեղեցիկ վերնագրեր են ասում, որ մենք պետք է վերականգնենք մեր Կոնդը, մեր հարազատ միջավայրը և այլն, բայց գնում տեսնում ես՝ բոլորովին ուրիշ բան են արել: Հնարավոր է՝ «Հին Երևանի» նման մի բան անեն, ու ոչ մի բան չի կարողանում դրա դեմն առնել՝ փողն այդպիսի ուժ ունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ճարտարապետների պալատի նախագահը:

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի դիտարկմամբ էլ,  եթե Կոնդը պետք է վերականգնվի նույն ձևով, ապա շատ թանկ է:

«Հայաստանը ոչ այդ ռեսուրսն ունի, ոչ էլ ներդնողներն այդքան փող կծախսեն: Կոնդում շերտեր են, դրանք կավերվեն, այնինչ շերտերը պատմություն են, մշակույթ, էթնոգրաֆիա: Նորմալ չեն էլ պեղել: Ճանապարհային ցանց են ուզում անցկացնել, իսկ այդ դեպքում արդեն լրիվ ավերվում է: Ստորգետնյա և վերգետնյա կայանատեղի են ուզում սարքել: Մի երկու նման բան անեն՝ արդեն վերջ: Տարիներ առաջ, կարծեմ 2005 կամ 2006 թվականն էր, ճարտարապետների առաջին ֆորումն էր, ամբողջ աշխարհից եկել էին հայ ճարտարապետները, գնացինք Գյումրի, գյումրեցիները սկսեցին դժգոհել, որ շենքերը հին են, ճաքեր ունեն, և այլն: Հա, իհարկե, լավ չէ, նման շենքը պետք է պնդացվի, մի հայ ճարտարապետ կար, կարծեմ՝ Ավստրիայից, ասաց՝ մի՛ դժգոհեք, ինչքան ուշանա, այնքան կպահպանվի: Ցավոք, Երևանում ամեն ինչ արագ են ուզում անել: Պետք է սա քանդել՝ քանդում են, ես չեմ հասկանում, թե քաղաքն ինչի՞ համար շերտ չի ունենալու, մարդու ապրելակերպը չես հասկանալու: Հա, գնացիր ռեստորան՝ ի՞նչ կապ ունի՝ Հյուսիսային պողոտա՞, թե՞ Կոնդ»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր Մարիամ Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս