Մի մանիպուլյացիայի պատմություն
Վերջին 4-5 ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական դիսկուրսի հիմնական առանցքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է, որը դարձել է երկրում առկա բոլոր առողջ քաղաքական և ոչ միայն քաղաքական ուժերի թիվ մեկ օրակարգը։ Թեմայի հետ կապված մեկնաբանությունների, ֆեյսբուքյան քննարկումների ու մասնագիտական շրջանակների վերլուծությունների պակաս ընդհանրապես չկա, սակայն ամեն անգամ Փաշինյանի որևէ հերթական ելույթ կամ հանրային հանդիպում նոր անդրադարձի առիթ է դառնում։
Նախ նշենք, որ Փաշինյանի մարզային այցելությունները, որպես կանոն, հնարավորինս գաղտնի են պահվում՝ խուսափելով որևէ հանրային լայն տարածումից։ Փաստացի ստացվում է այնպես, որ մարզային այցելության ավարտից հետո միայն պաշտոնական ռելիզը հայտնում է տվյալ իրադարձության մասին։ Սա ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ իշխանությունները, հասկանալով, որ այցին զուգահեռ՝ կարող են լինել միջադեպեր կամ այլ ակցիաներ, ուղղակի ամեն ինչ պահում են գաղտնի պայմաններում։ Ստացվում է, որ երկրի ղեկավարն այսօր, չնայած իր վիրտուալ հայտարարություններին և ինքնավստահ հարթակային կոչերին, պետության ներսում տեղաշարժի ակնհայտ խնդիր ունի։
Նախօրեին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ։ Իրականում սա Փաշինյանի երրորդ նմանօրինակ այցն էր, եթե կուզենաք՝ նախընտրական քարոզարշավը։ Հետևելով բոլոր երեք հանդիպումներին՝ միանգամից պարզ է դառնում, որ Նիկոլն արդեն սկսել է սեփական կորսված վարկանիշի վերականգնման գործընթացը, և ապօրինաբար օգտագործելով պետական ողջ վարչական լծակներն ու ռեսուրսները՝ պատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Նա ամեն կերպ փորձում է նաև իր թիմին ապացուցել, որ քաղաքականապես ամուր են և պատրաստ են ամեն տիպի փորձության, թեև հոգու խորքում նա փայլուն գիտակցում է, որ ըստ էության ամեն ինչ արդեն կորսված է, իսկ ընտրություններն իրենց բնույթով ֆեյք օրակարգ են։
Ըստ էության՝ ապացուցման կարիք չունի այն պարզ ճշմարտությունը, որ Փաշինյանի խոսքերի և հայտարարությունների բացարձակ մեծասանությունն իրականության հետ ոչ մի աղերս չունեն․ ուղղակի սիրողական մակարդակի դատողություններ են, որոնք Նիկոլն ու իր թիմը հանրությանը հերթական անգամ մանիպուլյացնելու ու բուն գործընթացից շեղելու համար «նետում» են հանրային հարթակ։ Նմանօրինակ հերթական մանիպուլյացիան վերջերս շրջանառության մեջ դրված արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին թեզն է, որն արդեն 10 օրից ավելի քաղաքական նոր իրողություն է ստեղծել քաղաքական համակարգից ամբողջապես զրկված ու պարալիզացված Հայաստանում։
Օրերս իր մի շարք այլ ականջահաճո հայտարարություններից զատ՝ նաև նշեց, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին պատերազմի օրերին փոխանցվել է 220 մլն դոլար գումար, մինչդեռ նախորդ 28 տարիներին փոխանցվել է 314 մլն դոլար։ Նշված միտքը, դեմագոգիայից բացի, այլ բնորոշում չունի, քանի որ այն հստակ մանիպուլյացված է։
Միանաշանակ է, որ այս միտքն արտահայտելիս Փաշինյանը գիտեր, թե ինչու է հատկապես հիմա այդքան մեծ ծավալի գումար հավաքագրվել։ Ըստ էության՝ նա մատուցում է այնպես, որ նախկինում գումարներ չեն հատկացվել՝ դրա մեջ փորձելով նախկինների հասցեին հերթական ատելության ալիք ապահովել, և իրեն թվացել է, թե այդքան շատ գումար հավաքվել է իր գեղեցիկ աչքերի կամ պոպուլիզմի շնորհիվ՝ չգիտակցելով, որ դա արվել է հանուն հայ զինվորին ու պետականությանը պատերազմական շրջանում աջակցելու։
Պարզ է մի բան՝ պետականությունը վեր դասողները չպետք է թույլ տան պետականության զգացողություն չունեցողներին` պետությունը տանել կործանման: Ստացվում է այնպես, որ Նիկոլի սուտն ընդունվում է ճիշտ, իսկ հակառակ կողմի՝ ընդդիմացողների ճիշտն ընդունվում է սխալ: Այդ սուտն ու ճիշտը չտարբերողը, սուտը` ճիշտ, ճիշտը՝ սուտ ընդունող զանգվածը որևէ բարոյական իրավունք չունի իրական ապրողներից խլելու նրանց հայրենիքը` իրենց տհաս ու չգիտակցված, անբանական ընտրությամբ:
Երբ օրուգիշեր օրվա իշխանությունները խոսում էին կոռուպցիայի դեմ պայքարից, խելացիները խոսում էին երկրի անվտանգությունից, բանակցային պրոցեսի կասեցումից, դիվանագիտական ձախողումներից և ահազանգում էին, որ մեզ համար այսօր որքան էլ կոռուպցիայի դեմ պայքարն առաջնային է, օրակարգում այլ՝ ավելի կարևոր ու առանցքային հարցեր կան լուծելու:
Արմեն Հովասափյան