Հիմա Հայաստանն ավելի զուսպ պետք է լինի Թուրքիայի հետ որևէ մերձեցման հարցում. Էստուկյան

168.am-ի զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

– Պարոն Էստուկյան, Արցախյան երկրորդ պատերազմից հետո ՀՀ իշխանությունները, իշխանական տարբեր պաշտոնյաներ սկսել են հասարակությանը պատրաստել Թուրքիայի հետ երկխոսության վերականգնմանը: Օրերս Թուրքիայի հետ հարաբերություններում շտկումներ կատարելու անհրաժեշտության մասին խոսեց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, պարբերաբար Նիկոլ Փաշինյանը ևս անդրադառնում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է տեղին այս քննարկումը Հայաստանում նման պատերազմից անմիջապես հետո՝ Թուրքիայի վարած քաղաքականության ֆոնին:

– Հայաստանի Առաջին Հանրապետության հաստատումից ի վեր քաղաքականությունը եղել է հետևյալը, որ մենք չենք կարող ուրանալ պատմությունը, պատմությունը մեր իրողությունն է, սակայն պետք է բարիդրացիության վրա հիմնված հարաբերություններ մշակենք մեր հարևան երկրների հետ: Բայց մեկը մյուսին զոհելն իմաստ չունի: Մենք գիտենք, որ Թուրքիան իր ուրացման, մերժողական քաղաքականության մեջ միշտ ունի նախապայման: Իսկ մենք չենք կարող ժխտել պատմության փաստը՝ Ցեղասպանության իրողությունը: Թուրքերն այդ մասին կխոսեն-չեն խոսի, կմոռանան թե ոչ, բոլորն ունեն իրենց պետական մտքի խնդիրը:

Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանը տասնամյակներ շարունակ ջանքեր է ներդրել, որոշակի հաջողությունների հասել, սակայն մեզ համար կարևորը Թուրքիայի ճանաչումն էր, որը շատ հեռու և քիչ հավանական մի հեռանկար է: Կարևոր չէ, թե մեզ համար հեռավոր մի երկիր ինչ նպատակներով այս հարցը կօգտագործի և որոշում կկայացնի: Դա մեզ համար առաջին կարգի հաջողություն համարելը սխալ է: Մենք շատ երկար տարիներ ի վեր մեր հույսը կապել ենք Թուրքիայի սայթաքման հետ, մտածել ենք, թե դա մեզ համար նպաստող մի բան է: Բայց իրականությունը դա չէ: Թուրքիայի սայթաքումը, սակայն, մեզ համար որևէ առավելություն չէ, դա մանկական մտածելակերպ է, որ թուրքի ոտքը քարին դիպչի, մեր սիրտը կհովանա:

Սա քաղաքական միտք չէ: Սրանից մենք որևէ շահ չենք կարող ունենալ: Մեզ համար կարևոր միակ բանը Հայաստանի բարգավաճումն է, Հայաստանում թե քաղաքական, թե տնտեսական կյանքի զարգացումը, կայունացումը: Մենք պարտավոր ենք ի նպաստ դրա քաղաքականություն մակել: Այսինքն՝ քայլեր, որոնք Հայաստանի համար են նպաստավոր և շահավետ:

– Նշվում է, և բոլորը գիտեն, որ պատերազմի հետևանքով տարածաշրջանում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, ցավոք, ի վնաս Հայաստանի և Արցախի, և կան նախապայմաններ երկխոսության համար, սակայն իրապես Թուրքիան պատրա՞ստ է տարածաշրջանում խաղաղ գոյակցության, կառուցողական երկխոսության:

– Չեմ կարծում, որ պատրաստ է: Սակայն դրա կարիքը շատ ունի: Բացատրեմ ինչու՝ Թուրքիան միջազգայնորեն հետզհետե մեկուսացած իրավիճակում է հայտնվել Արևմտյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Միջին Արևելքում, իր բոլոր նախաձեռնությունները հակառակ ազդեցությունն են ունեցել: Հետևաբար` կարիք ունի ինչ-որ բաներ ցույց տալու, բայց չեմ կարծում, որ պատրաստ է Հայաստանի հետ քաղաքակիրթ, դիվանագիտական լուրջ հարաբերություններ մշակել:

– Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված ՀՀ իշխանությունների որոշումը՝ նման հարաբերությունների ուղղությամբ շարժվել Թուրքիայի հետ: Սա քաղաքական պատվե՞ր է:

– Այո, ինչպե՞ս կարելի է երևակայել, որ Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն նախաձեռնություններ ունենա Թուրքիայի հետ հարաբերությունները բնականոնացնելու համար: Չէ՞ որ ինքն արդեն որոշ շրջանակի կողմից հռչակվեց դավաճան, հող տվող, ուրեմն այս տեսակ ամեն քայլի հարցում նրա ոտքը կապված է, Փաշինյանը չի կարող հանդուգն քայլերի դիմել: Սա մեր մեծ դժվարությունն է: Այսինքն՝ հետպատերազմյան իրավիճակի ամենամեծ վտանգն այստեղ է, որ ծագում է: Այսօր ՀՀ իշխանությունները չեն կարող համարձակ քայլերի դիմել ոչ մի ձևով: Հիմա պետք է ավելի զուսպ լինել: Մենք 30 տարի դիմադրել ենք այս շրջափակում կոչվող աղետին, պանթուրքական շրջափակում են կիրառել Հայաստանի դեմ Թուրքիան և Ադրբեջանը, տուժել է ՀՀ տնտեսությունը, բայց 30 տարի հաղթահարել ենք, գոյատևել, այս պահին այդ բոլոր ձեռքբերումներից հրաժարվելու ժամանա՞կն է: Կարծում եմ՝ ոչ: Հիմա Հայաստանն ավելի զուսպ պետք է լինի Թուրքիայի հետ որևէ մերձեցման հարցում, ոչ թե ոգևորությամբ դիմավորի և ասի, թե մենք արդեն ցանկանում ենք սահմանների բացում, ցանկանում ենք բարիդրացիական հարաբերություններ: Հայաստանը դա միշտ է ասել, բայց հիմա դա ասելու պահը չէ: Պետք է զուսպ լինել և զարգացումների սպասել: Թուրքիան միջազգային ասպարեզում վնասված վարկը ցանկանում է բարձրացնել, օգտագործել հայկական խաղաքարտը. Կարող է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու փորձ անել, բայց հիմա մենք պետք է մի քիչ պահանջկոտ լինենք:

30 տարի սահմանի բացում ենք ցանկացել, բայց, կարծում եմ՝ այսօր այդ նույն քաղաքականությունը չենք կարող շարունակել: Իրենք են փակել սահմանը, թող իրենք էլ բացեն: Մեզ հետ չեն խորհրդակցել այն փակելիս, թող այդպես միակողմանի որոշմամբ էլ բացեն, և այդ պահին մենք կմտածենք, թե ինչ պայմաններով բացվի:

– Այս տարածաշրջանային ապաշրջափակման ծրագրերի ետևում ի՞նչ ուժեր են կանգնած:

– Որքան էլ անընդունելի քայլեր անի Թուրքիան, Եվրոպան և ԱՄՆ-ն մշտապես Թուրքիայի կողքին են, քանի որ կարևոր շահեր ունեն: Մի կողմից՝ Թուրքիան 80 մլն մեծ շուկա է, մյուս կողմից՝ իրենց ընկերությունները բազմամիլիարդանոց դոլարներով ներդրում ունեն այս երկրի մեջ, մեկ այլ կողմից՝ այս երկիրն իր աշխարհագրական դիրքով ռազմավարական կարևոր արժեք է ներկայացնում: Այս ամենը նկատի ունենալով՝ թե եվրոպական պետությունները, թե ԱՄՆ-ը երբեք աղետի չեն մատնում Թուրքիան, կարող են հակաճառել, քննադատել, սակայն երբեք արմատական քայլերի չեն դիմում:

– Ըստ Ձեզ՝ ՀՀ իշխանությունները և՞ս ունեն աջակցություն Արևմուտքից:

– Ոչ, դժբախտաբար, Հայաստանն այդ գծերից աջակցություն չունի: Հայաստանին  դիտարկում են՝ որես գործիք Ռուսաստանի դեմ իրենց ունեցած հաշիվների համար, ինչպես Վրաստանի, Ուկրաինայի դեպքում: Նպատակ չունեն ՀՀ զարգացման: Մենք ենք, որ մեր երկիրը պետք է բարձրացնենք որոշ մակարդակի՝ մեր ժողովրդին հագեցնելով տնտեսապես, և թե ժողովրդավարության սկզբունքների հիման վրա: Մենք պետք է հիմնենք օրենքի գերակայության երկիր: Պետք է պայքարենք մեր եկեղեցու հետ:

– Ըստ Ձեզ՝ ո՞ր պարագայում կարող են հիմքեր ստեղծվել հայ-թուրքական երկխոսության համար, որպեսզի այն լինի կառուցողական և անվտանգ հայ ժողովրդի և ՀՀ-ի համար:

– Նախ պետք է որ Թուրքիայում գործի ժողովրդավարություն, և Թուրքիան չունենա այսօրվա սուլթանի պատմուճանով հանդես եկող քաղաքական գործչի սանձարձակ քաղաքականություն: Քանի դեռ նա տիրում է, հնարավոր չէ ոչ Հայաստանի, ոչ այլ երկրի հետ ընդունելի, տրամաբանական բարիդրացիությամբ հարաբերություններ կազմել, ունենալ և զարգացնել: Նախ Թուրքիան իր ներքին խնդիրն ունի և պետք է լուծի:

Ապա՝ Հայաստանը պետք է մեծապես տիրանա քաղաքական որոշ խաղաղության, դա անելու համար պետք է ընտրությունն ավարտին հասնի, ժողովուրդը համոզվի, որ արդար ընտրություն էր՝ առանց կեղծիքի, եթե դա հաջողենք, ապա արդեն այդ ժամանակ կարող ենք սպասել, որ Թուրքիան ինքը բարելավի այդ հարաբերությունները:

– Այսինքն՝ Թուրքիան հայտարարի, որ հրաժարվում է իր բոլոր նախապայմաններից:

– Այո:

– Վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան մամուլում հաճախ է խոսվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին: Պե՞տք է կարևորենք սա:

– Ես ցավում եմ, որ մեր պատմությունը, մեր ազգային ողբերգությունն ամեն տարի կապվում է ԱՄՆ նախագահի շուրթերին, և ողջ ազգը հուսադրվում է, որ Ցեղասպանություն բառ պետք է արտասանի, և նույնիսկ ամենադեմոկրատները վերջին պահին խուսափում են: Հիշենք, որ Օբաման էր, որն առաջին անգամ գործածեց Մեծ եղեռն եզրույթը, որպեսզի չասի՝ Ցեղասպանություն:

Սա ինձ վիրավորող հանգամանք է: Ես գիտեմ իմ պատմությունը, իմ ազգի գլխին եկածը ու դրա անվանումը, դա Ցեղասպանություն է Բայդենն ասի, թե ոչ, իրողությունը չի փոխվում: Դա Թուրքիայում ևս կարևոր է, դժբախտաբար և այս տարի վախենում են Թուրքիայում, քանի որ 36 կոնգրեսականներ են նամակ հղել Բայդենին և կոչ արել հարգել նախընտրական խոստումը և ասել Ցեղասպանություն, բայց դրա հետ հույս կապելը մեզ համար ցավալի երևույթ է, որովհետև եթե պետք է ասի, իր հաշիվների համար պետք է ասի, ոչ թե մեզ գնահատելու և պատմության նկատմամբ հարգանք ցուցաբերելու համար:

Տեսանյութեր

Լրահոս