Արտգործնախարարը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ նախազգուշացո՞ւմ, թե՞ բեմականացում

Հայաստանում անիշխանության կամ իշխանության տոտալ անգործության մասին գնահատականներն ընդդիմադիր քաղաքական հռետորաբանություն չեն միայն, դրանց ապացույցներն ամեն օր տալիս է նույն իշխանությունը՝ իր գործողություններով կամ գործողությունների հակասականությամբ։

Առնվազն արտաքին քաղաքական կարևորագույն, կենսական նշանակություն ունեցող հարցերում իշխանությունը ոչ միայն չունի միասնական մոտեցումներ, հայեցակարգ, ռազմավարություն, այլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ արտահայտում են իրար հակասող, փոխբացառող մոտեցումներ։

Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ առանց ձևականությունների՝ տարածաշրջանային կոմունիկացիների բացման անվան տակ խոսում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու, դրա պայծառ հեռանկարների մասին։

Նա քաղաքացիներին կոչ է անում փոխել հարևանների ու տարածաշրջանի նկատմամբ վերաբերմունքը, դրա դիտանկյունը, ասում է, որ եթե մենք պակաս թշնամանքով վերաբերվենք մյուներին, նրանք ևս մեզ ավելի քիչ թշնամի կհամարեն, և այդպես շարունակ։

Այդ գեղեցիկ նախադասությունների տակ թաքնված է Նիկոլ Փաշինյանի իրական նպատակը՝ նման քարոզչության միջոցով հող նախապատրաստել տեսանելի ապագայում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման համար։

Նույն թեզերն օրեր առաջ ներկայացրել է նաև նրա Անվտանգության  խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով Թուրքիայի թշնամի լինելու մասին հարցին ի պատասխան՝ շարունակ կրկնել է․ պետք է մոտեցումը շտկել։

Քաղաքական իշխանությունը, ահա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնում է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հապճեպ հաշտեցման ճանապարհով։ Դա, սակայն, իշխանության ամբողջական մոտեցումը չէ։

Համենայնդեպս, առնվազն արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ մնալով դիվանագիտական ձևակերպումների շրջանակում, այդուհանդերձ հնչեցրել է հայտարարություններ, որոնք բովանդակությամբ հակասում են Նիկոլ Փաշինյանի որդեգրած ներկայիս գծին։

Ելույթ ունենալով ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, Արա Այվազյանը, օրինակ, Ադրբեջանի ու Թուրքիայի մասին խոսելիս ասել է․ «Մենք տարիներ շարունակ խոսում էինք մեր պատմության և դառն անցյալի մասին, ագրեսիայի հետևանքով մարդիկ տեսան՝ իրականում ինչ է կատարվում, և սա ուղղակիորեն հակամարտություն չէր, այլ ցեղասպան ծրագիր․․․ Այս պատերազմը մեկ անգամ ևս ի ցույց դրեց մի շատ պարզ իրողություն, որը մենք ի սկզբանե ասում էինք, բայց տարիների ընթացքում տարբեր պատճառներով այդ թեզը մոռացության մատնվեց, բայց այս ագրեսիայի արդյունքում, կարծում եմ՝ պարզ հստակեցում է տեղի ունեցել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լոկ տարածքային վեճ չէր Հայաստանի և Ադրբեջանի միջև, դա մի այլ նոր ցեղասպան ծրագրի իրականացման կանխարգելման մասին էր»։

Այսպիսով, երկրի ղեկավարը հայտարարում է, որ պետք է փոխել հարևանների հետ վերաբերմունքը, նվազեցնել թշնամանքը, իսկ նրա իսկ արտգործնախարարն այդ նույն հարևանների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ որակում է ցեղասպանական։

Սա լուրջ հակասություն է ոչ միայն՝ իշխանության գործողությունների նկատմամբ՝ հանրային ընկալման առումով, այլ նաև՝ արտաքին գործընկերների հետ հարաբերությունների տիրույթում․ ինչպե՞ս կարող են աշխարհում վերաբերվել մի երկրի, որի ղեկավարը հայտարարում է հարևանների հետ հարաբերություններ հաստատելու մասին, իսկ նրա իսկ արտգործնախարարը նույն այդ հարևանին մեղադրում է ցեղասպան նպատակներ ունենալու մեջ։

Արա Այվազյանը սրանով չի սահմանափակվել․ «Տարբեր միջազգային կառույցներ, երկրներ ականատես են լինում, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ինչպես է իրականացվում լիակատար հայաթափություն, ինչպես է ոչնչացվում մեր մշակույթը, ինչպես են անմարդկային վերաբերմունքի ենթարկվում մեր գերեվարված քաղաքացիները։ Գնալով ավելի է հասունանում այն համոզմունքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ գնալով այս իրականությունը կամրագրվի միջազգային հանրության մոտ»,- ասել է նա։

Այս հայտարարությունների նշանակությունը բազմապատկվում է այդ կարևոր խնդիրների մասին Նիկոլ Փաշինյանի լռության ֆոնին․ նա իր այցելությունների ընթացքում չի խոսում կամ գրեթե չի խոսում հայ գերիների, նրանց նկատմամբ կիրառվող անմարդկային վերաբերմունքի մասին, իսկ Արցախի կարգավիճակի մասին խոսելն այլևս մոդայիկ չէ ընդհանրապես։

Արտգործնախարարի եթե ոչ՝ ուղղակի, ապա՝ ակնարկային հակասությունները Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության այլ անդամների հետ արտահայտվում են նաև այլ դրվագներով։

Օրինակ, Այվազյանն ասում է․ «Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը, մենք իսկապես գնահատում ենք, որովհետև, ի վերջո, պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ։ Դա, կարող է, ոմանց դուր չի գալիս, բայց փաստ է»։

Արտգործնախարարը չի մասնավորեցնում՝ ում նկատի ունի՝ «ոմանց» ասելով, բայց դրա կարիքն անգամ չկա, որովհետև «ոմանց» մեջ կարող են մտնել ոչ միայն արտաքին խաղացողները, այլ նաև Հայաստանի իշխանության մեջ հակառուսականության կրողները։

Նիկոլ Փաշինյանից ու քաղաքական իշխանությունից տարանջատվելու՝ Արա Այվազյանի փորձերն այդքանով չեն սահմանափակվում։

Նա, օրինակ, հայտարարել է նաև․ «ԱԳՆ-ն տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որտեղ պաշտոնական բանակցություններ կան Անկարայի հետ»։

Սա անուղղակի պատասխան է վերջին շրջանում Հայաստանի և, ոչ միայն՝ Հայաստանի քաղաքական, փորձագիտական և այլ շրջանակներում հնչող մտահոգություններին, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ստվերային բանակցություններ վարել Թուրքիայի հետ՝ ապրիլի 24-ին ընդառաջ՝ այդպիսով կանխելով նաև ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունները, որոնք այս տարի բավական բարձր են թվում։

Արա Այվազյանը հասկացնում է, որ, եթե նման բանակցությունների մասին հայտնի դառնա, ապա դրանցում ԱԳՆ-ն ներկայացված չէ, այսինքն՝ գուցե և կան գաղտնի բանակցություններ, սակայն ոչ ԱԳՆ-ի խողովակներով։

Արա Այվազյանը, ըստ էության, մտահոգիչ ուղերձներ է հնչեցնում Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվելիք հնարավոր քայլերի մասին։

Գուցե նրա նպատակները խիստ անձնական են, և այդպիսով արտգործնախարարը փորձում է հիմք ստեղծել առաջիկայում հակահայկական որևէ զարգացման դեպքում հրաժարական ներկայացնելու և իրեն ապահովագրելու համար։ Բայց պետք չէ բացառել, որ նրա մոտիվները նաև անանձնական են․ ի վերջո, նա կադրային դիվանագետ է, երկարամյա աշխատանքային փորձով, ու հնարավոր է՝ այս ուղերձներով, ըստ էության, դեմ դուրս գալով Նիկոլ Փաշինյանին, Արա Այվազյանը՝ առանց փակագծերը բացելու, զգուշացնում է այն վտանգների մասին, որոնք կարող են առարկայանալ առաջիկայում։

Բացառված չէ նաև, որ Արա Այվազյանն իրականում կատարում է հենց Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը՝ այդպիսով փորձելով մեղմել Արմեն Գրիգորյանի ու իր կիրակնօրյա հայտարարություններից հետո առաջացած հանրային բողոքի ալիքը։ Այդպիսով, հասարակության մեջ որոշակիորեն կարող է փարատվել մտահոգությունը, սակայն բոլոր արտաքին խաղացողները, ում հասցեագրված էին այդ ուղերձները, կանեն համապատասխան հետևություններ։

Արշավիր Իշխանյան

 

Տեսանյութեր

Լրահոս