«Խաղեր տալու» սպառված ժամանակը
Հունվարի 28-ին՝ Բանակի օրվան նվիրված իր ուղերձում, այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը խոստացել էր «հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տարբեր ուժերի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վիրավորողներին հավաստիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը»:
Այնուհետ շարունակել էր՝ «զինվորը, սպան, գեներալը գլուխը կարող է խոնարհել միայն մեր զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առջև»:
Գեներալը խոստացել էր նաև, որ անզիջում պայքար են մղելու մեր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար:
Մեկ ամսից՝ փետրվարի 25-ին, ՀՀ զինված ուժերը պահանջեցին ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, որովհետև նրանք այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում, և նաև, որովհետև զինված ուժերն այլևս չեն պատրաստվում համբերատար կերպով հանդուրժել գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», քանի որ ամեն ինչ ունի իր սահմանները:
Սա հույս արթնացրեց գեներալից և զինված ուժերից հիասթափվածների մոտ, որ այսուհետ բանակն ու գեներալիտետը ցույց է տալու իր «ուժը», իր դիրքը, իր ով լինելը, հատկապես, երբ մի քանի անգամ Օնիկ Գասպարյանի բերանով Փաշինյանի հրաժարականի հայտարարության տակ ստորագրածները հաստատեցին՝ իրենց դիրքորոշումը չի փոխվել, և դա կրկնեցին անգամ այն ժամանակ, երբ գեներալ Գասպարյանը որոշեց իրավական հարթությունում պայքարը շարունակել:
Այսօր կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ զինված ուժերի վերը նշված հայտարարության տակ ստորագրածները հետ են կանգնել իրենց պահանջից։ Դատելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ նշանակված Արտակ Դավթյանի ուղերձից, թե՝ «Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ», կարելի է այդպես ենթադրել, սակայն Օնիկ Գասպարյանի՝ ՀՀ գլխավոր դատախազություն դիմելու փաստը հակառակն է ապացուցում:
Հիշեցնենք նաև, որ Ա․ Դավթյանի ուղերձում, ըստ էության, Սահմանադրության 14-րդ հոդվածը խախտելու համար մեղադրանք կա՝ հասցեագրված Օնիկ Գասպարյանին, ինչի մասին մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է, և ինչի մասին Արտակ Դավթյանը շտապել էր խոսել անմիջապես Օնիկ Գասպարյանի հայտարարությունից հետո։
Այսօր Ա․ Դավթյանն իր ուղերձում մասնավորապես նշել էր․ «ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»։
Նույնը նա կրկնել է արդեն ՊՆ վարչական համալիրում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ՝ «Զինված ուժերը քաղաքական որևէ գործընթացներում մասնակցություն չեն ունենալու, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ և օրենքներով»:
Այն, որ Զինված ուժերը չպետք է քաղաքական խաղերի մասնակից դառնան՝ անվիճելի է, բայց երբ նույն Սահմանադրության 14-րդ հոդվածով բանակի՝ ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու սահմանադրական իրավունքը կամ պարտականությունը վնասվի քաղաքական որոշումներով, արդյո՞ք բանակը պիտի լռի:
Բացի այդ, հետաքրքիր է՝ ինչի՞ արդյունքում, եթե ոչ՝ քաղաքական, ամեն ինչ հանգուցալուծվեց, ինչպես իր ուղերձում պնդում է Արտակ Դավթյանը․ անվտանգային խնդիրները լուծվեցի՞ն, բանակի վարկաբեկման գործընթացն ավարտվե՞ց, թե՞ բանակի վրայից պատերազմի պարտության մեղքը վերցվեց, կամ գուցե որևէ գեներալի վրա հնարավոր ճնշման թեմաները փակվեցի՞ն․․․
Իսկ թե որքանո՞վ է համագործակցություն եղել կամ կա Արտակ Դավթյանի և Վարչական դատարանի ուժով ԳՇ պետ համարվող Օնիկ Գասպարյանի միջև՝ չենք կարող ոչ հերքել, ոչ էլ հաստատել: Մյուս կողմից, փաստ է, որ այսօր ՊՆ-ում Արտակ Դավթյանին մարտական դրոշ չի փոխանցել Օնիկ Գասպարյանը, ինչն Արտակ Դավթյանը, ըստ կանոնադրության, ժամանակին արել էր՝ այն փոխանցելով իր հաջորդին։
Խնդիրն այստեղ բնավ անձերը չեն, այլ այն, որ Փաշինյանի քմահաճույքով բանակում կարող են իրավունքի ուժով ինչ-որ բաներ տեղի ունենալ:
Իհարկե, ստեղծված իրավիճակի համար մեղավոր է նաև գեներալ Գասպարյանը՝ պատերազմի օրերին և դրան հաջորդած ամիսներին իր լռության, ռազմական դրության պայմաններում օրենքով իրեն վստահված արտոնությունները գործի չդնելու, քաղաքակրթության, բանակը «քաղաքական գործընթացներին» չխառնելու համար:
Բայց Արտակ Դավթյանը քաջատեղյակ է, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է իր շահերից ելնելով, որ անհրաժեշտության դեպքում բանակը, անվտանգային խնդիրների անվան տակ, կօգտագործի իր քաղաքական նպատականերին հասնելու համար, այդ թվում՝ հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ բանակի ձայներ հօգուտ իրեն գրանցելու համար: Այս մասին դժվար թե Արտակ Դավթյանը չիմանա: Գոնե նա շատ լավ գիտի, թե ինչու Սյունիքում նպաստավոր դիրքերից զինվորներն իջեցվեցին:
Որևէ պարագայում Արտակ Դավթյանը չպետք է իր զինվորական ընկերների ու գործընկերների քայլերն ու գործողությունները Նիկոլ Փաշինյանի խոսքերը հաստատելու համար, այսպես ասած՝ «սխալ» որակի՝ հատկապես, երբ հանդես է գալիս ԳՇ-ի անունից: Ինչպես ասում են գեներալները՝ գուցե հետագայում էլ հետախուզության գնալու այլ առիթներ ստեղծվեն․․․
Ի վերջո, բացառված չէ, որ մի գեղեցիկ օր Արտակ Դավթյանի դատավորը կրկին
դասալիքը լինի, ինչպես Օնիկ Գասպարյանի դեպքում է փորձում լինել։
Ցավոք, հայրենիք ենք կորցրել և դեռ շարունակում ենք կորցնել, իսկ այսօր մեկը՝ առերևույթ միամտության, իսկ մյուսը՝ թվացյալ ճարպկության խաղեր են սկսել։