Facebook-ի նոր ապարանջանը կփոխարինի համակարգչային մկնիկին
Ապարանջանն անուն չունի: Առայժմ սա պարզապես հայեցակարգ է, որը ընկերությունը ներկայացրել է՝ որպես ապագա զարգացման հեռանկարային նախագիծ: Facebook-ն ասում է, որ կարող է տևել հինգից տասը տարի, մինչև տեխնոլոգիան հասանելի դառնա օգտվողներին:
Սա մի սարք է, որը նյարդերի վերջավորությունից ազդակները վերափոխում է թվային հրամանների: Պատկերացրեք՝ ապարանջանը ձեր դաստակի վրա է, դուք կտտացնում եք ձեր մատը տարածության մեջ, սարքը կարդում է հրամանը և միացնում վիրտուալ մուտքը վերահսկելու հնարավորությունը: Այս դեպքում ոչ ստեղնաշար է պետք, ոչ մկնիկ:
Նմանատիպ տեխնոլոգիա այժմ օգտագործվում է AR և VR ականջակալներում: Դրանց մեջ տեսախցիկները հետևում են տարածական ժեստերին և սարքին փոխանցում համապատասխան ազդանշաններ: Բայց Facebook-ը ցանկանում է այս «դաստակի տեխնոլոգիան» մեկ այլ մակարդակի հասցնել և դա անել առանց տեսախցիկներ տեղադրելու. Ապարանջանների դեպքում մենք խոսում ենք ուղեղի կողմից «գաղտնագրված» նյարդային ազդակները մշակելու և մկաններին փոխանցելու մասին:
Ապարանջանների և նմանատիպ սարքերի հետ կապված խնդիրներից մեկն ազդանշանի մշակման ճշգրտությունն է: Քարնեգի Մելլոնի համալսարանի մարդու և համակարգչի փոխազդեցության լաբորատորիայի Ապագա ինտերֆեյսների խմբի տնօրեն Քրիս Հարիսոնի խոսքով՝ յուրաքանչյուր մարդու նյարդերը փոքր-ինչ տարբերվում են, ինչպես մեր ձեռքի ու դաստակի ձևերը: Տեսողական-շոշափելի անհամապատասխանության ռիսկ կա, երբ օգտագործողը հրաման տա մի գործողության համար, իսկ համակարգը կարդա այն մեկ այլ գործողության համար:
Սիրարփի Աղաբաբյան