«Ազգովի լծվենք ուժեղ և անպարտելի պետություն ունենալու գործին. այն աշխարհի քարտեզի վրա մեր երկիրը հավերժ ունենալու հրամայականն է». Արտակ Տոնոյան
Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը դժվարությամբ է բացում վերջին պատերազմում զոհված իր զինվորներին, սպաներին նվիրված հիշատակի միջոցառումը, ավելի ուշ նրանց հարազատներին հանձնում ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևները: Զոհվածների թիվը մոտ 4 տասնյակ է:
«Մեկ անգամ ևս պիտի մեր հարգանքի տուրքը մատուցենք բոլոր այն տղաներին, ովքեր անհավասար այդ կռվում մինչև վերջին շունչը մարտնչեցին հանուն հայրենիքի, հանուն ՀՀ-ի, հանուն մեր վաղվա օրվա: Իմ ներսում բոլոր այս իրարամերժ զգացողությունների կողքին ապրում է այն մեծ հույսը, որի զինվորը պիտի դառնանք բոլորս, և որը մեզ նորից ու նորից կմղի դեպի հաղթանակներ, դեպի արժանապատիվ ապրելուն, արարելուն, մեր երկիրը շենացնելուն:
Ու հենց այս ամենի համար այսօր մեզ առավել քան անհրաժեշտ է միասնականություն, համախմբում, մեկս մյուսի ցավով և հոգսերով ապրելու շնորհ, ինչն ուղեկցել է մեր ժողովրդին ամենադժվարին ու օրհասական պահերին, երբ թվացել է՝ ամեն բան ավարտված է, այլևս չկան ելքեր ոտքի կանգնելու, մեջքն ուղղելու և փյունիկ թռչունի պես վեր հառնելու համար: Ուրեմն եկեք հավատանք մեզ, մեր ներուժին և նվիրումին, ազգովի լծվենք պատերազմի ծանր մղձավանջը մեր ուսերից թոթափելու, մեր հայրենիքը շենացնելու, ուժեղ և անպարտելի պետություն ունենալու գործին, որն այսօր ոչ միայն բարոյական, այլև մեր լինել-չլինելու, աշխարհի քարտեզի վրա մեր երկիրը հավերժ ունենալու հրամայականն է»,- շեշտեց գեներալը:
Հավելենք, որ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զգալիորեն կրճատել են ՆԱՏՕ-ի առաքելություն իրականացնող ազգային խաղաղապահ զորախմբի թվաքանակն Աֆղանստանում (121-ից մինչև 58 զինծառայող) և Կոսովոյում (40-ից մինչև 2 զինծառայող):
Ի դեպ, հերոս խաղաղապահների հիշատակի միջոցառմանը ՊՆ ղեկավարությունից նախարարի կամ փոխնախարարի մակարդակով որևէ մեկը ներկա չէր:
Առաջին պահին սա չարդարացված անտարբերություն ես որակում, հետո մտածում՝ գուցե լավն էլ դա է. գալու էին նկարվեին ու գնային՝ թերևս, անհաղորդ մնալով երիտասարդ տարիքում այրիացած կանանց ցավին ու հայրերին կորցրած տղա երեխաների հպարտ կարոտին, որն իրեն դեռ հետո է զգացնել տալու: