Զգո՛ւյշ, ֆլեշ է։ Հայաստանում կորպորատիվ օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվում տեղային սպառնալիքների
Հայաստանում օգտատերերի 37,03%-ը 2020-ին ենթարկվել է տեղային սպառնալիքների գրոհների այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել էր 40,41%։ Վրաստանում նման սպառնալիքների հետ անցյալ տարի բախվել է օգտատերերի 26,19%-ը, 2019-ին՝ 30,54%-ը, իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 43,99% և 51,75%։
Ինչպես վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները, տեղային սպառնալիքների բախված կորպորատիվ օգտատերերի բաժինը Հայաստանում 2019-ի 35,60% ցուցանիշից 2020-ին աճել է մինչև 41,72%: Վրաստանում այն 2019-ին կազմել է 21,43% և անցյալ տարի աճել մինչև 23,98%, իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշը 37,55%-ից կրճատվել է մինչև 35,24%:
2020-ին աշխարհում առնվազն մեկ վնասակար ծրագիր է հայտնաբերվել համակարգիչների, կոշտ սկավառակների կամ շարժական կրիչների միջինը 28,65%-ում, իսկ մեկ տարի առաջ ՝ 34,05%-ում:
Անցյալ տարի օգտատերերն ամենաշատը տեղային սպառնալիքների ենթարկվել են Աֆղանստանում (63,52%), Մյանմայում (59,89%) և Լաոսում (57,40%):
Փորձագետները նշում են, որ տեղային սպառնալիքների թվից ամենամեծ վտանգը ներկայացնում են տեղեկատվության հանովի կրիչները (USB-ֆլեշները, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտերը, արտաքին կոշտ սկավառակները)։ Չարագործները դրանց մեջ գրանցում են վնասաբեր ծրագրեր և թողնում ընկերությունների կամ դրանց հարակից տարածքներում։ «Գտած» հանովի կրիչը վերցնելով, անփույթ աշխատակիցները դրանք միացնում են աշխատավայրի իրենց համակարգիչներին և վարակում դրանք, իսկ այնուհետև վնասաբեր օբյեկտները կարող են տարածվել ընկերության ամբողջ ցանցով՝ դառնալով լրտեսության, ֆինանսական միջոցների և արժեքավոր տեղեկատվության գողության պատճառ։
Այդ իսկ պատճառով ընկերությունների տեղեկատվական անվտանգության մասնագետները պետք է ամբողջ պատասխանատվությամբ վերաբերվեն սարքերի ֆիզիկական անվտանգությանը և պատշաճ վերահսկողություն սահմանեն միացվող սարքերի նկատմամբ։ Այդ անելու համար նրանց կօգնեն ցանցին միացման հսկողության համակարգ և սարքերի հսկողության գործառույթ ունեցող պաշտպանական լուծումները, որոնք կան բիզնեսի համար հակավիրուսային ծրագրերում։