Հայաստանն ամենաշատը զենք է գնում Ռուսաստանից, Ադրբեջանը՝ Իսրայելից. SIPRI

Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է մնալ զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքի ցուցանիշով համաշխարհային առաջատարը, մինչդեռ զենքի գնման ցուցանիշով առաջին տեղը զբաղեցնում է Սաուդյան Արաբիան:

Նման եզրակացության են հանգել Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)՝ մարտի 15-ին հրապարակած զեկույցի հեղինակները:

Ընդհանուր առմամբ, զենքի միջազգային առևտրի ծավալը 2016-ից մինչև 2020 թվականը նախորդ 5 տարիների համեմատ մնացել է անփոփոխ: Զենքի արտահանմամբ զբաղվող հինգ խոշոր երկրներից երեքի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի բեռնափոխադրումների զգալի աճը հիմնականում փոխհատուցվել է ռուսական և չինական զենքի արտահանման կրճատմամբ:

2001-2005 թվականներից ի վեր առաջին անգամ խոշոր սպառազինությունների վաճառքը չի աճել 2011-2015թթ. և 2016-20թթ.-ին: Այնուամենայնիվ, զենքի առևտրի մասշտաբը մնում է սառը պատերազմի ավարտից ի վեր ամենաբարձր մակարդակին մոտ:

ԱՄՆ-ից մատակարարված զենքի գրեթե կեսը (47%) գտնվում է Մերձավոր Արևելքում: Այս զենքի հիմնական գնորդը (24%) Սաուդյան Արաբիան է: 2011-2020 թվականների ընթացքում ԱՄՆ զենքի արտահանումն աճել է 15 տոկոսով, որն էլ ավելի է ընդլայնել անջրպետն ԱՄՆ-ի և աշխարհում երկրորդ խոշորագույն զենք արտահանող Ռուսաստանի միջև:

Ռուսական զենքի արտահանումը, որին բաժին է ընկնում 2016-2020 թվականների ամբողջ համաշխարհային վաճառքի 20 տոկոսը, այս ժամանակահատվածում կրճատվել է 18 տոկոսով (որը համեմատելի է 2011-ից 2015 թվականների ժամանակահատվածի հետ): Այս կրճատման շուրջ 90 տոկոսը վերագրվում է վերջին հինգ տարվա ընթացքում Հնդկաստանին մատակարարվող ռուսական զենքի վաճառքի 53 տոկոս անկմանը:

Աշխարհում երրորդ զենք վաճառող երկիրը Ֆրանսիան է, որը 2016-2020 թվականներին 44 տոկոսով ավելացրել է հիմնական զենքի վաճառքը և ապահովել զենքի համաշխարհային շուկայի 8,2 տոկոսը: Փարիզը մատակարարման խոշոր գործարքներ ունի Հնդկաստանի, Եգիպտոսի և Կատարի հետ, որոնց բաժին է ընկնում ֆրանսիական զենքի արտահանման 59 տոկոսը:

Գերմանիան շարունակում է աշխարհում չորրորդ տեղը զբաղեցնել զենքի մատակարարների շրջանում: Վերջին 10 տարվա ընթացքում երկիրը 21 տոկոսով ավելացրել է զենքի արտահանումը՝ ապահովելով զենքի համաշխարհային առևտրի 5,5 տոկոսը: Գերմանիայի «հիմնական հաճախորդների» թվում են Հարավային Կորեան, Ալժիրը և Եգիպտոսը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից զենքի գնմանը, ապա այս առնչությամբ փորձագետները զեկույցում նշել են, որ 2016-2020 թվականներին Ռուսաստանին բաժին է ընկել հայկական զենքի ներմուծման 94 տոկոսը, իսկ Իսրայելին՝ Ադրբեջան զենքի ներմուծման 69 տոկոսը:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը Ռուսաստանից ներմուծել է զենքի 17 տոկոսը, այդ թվում՝ հրետանային կայանքներ և զրահամեքենաներ, իսկ Թել Ավիվից գնված զենքերի հիմնական մասը կազմել են անօդաչու թռչող սարքերը և բալիստիկ հրթիռները:

Զեկույցում մանրամասնվում է նաև, որ Հայաստանը Ռուսաստանից հիմնականում գնել է մարտական ինքնաթիռներ, հրետանային կայանքներ, բալիստիկ հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր:

Թուրքիայի առնչությամբ զեկույցում պարզաբանվում է, որ այս երկրում զենքի ներմուծումը 59 տոկոսով ընկել է 2011 և 2016 թվականների ընթացքում: Ըստ հեղինակների՝ խոշոր գործոնն այստեղ այն է, որ ԱՄՆ-ն 2019-ից դադարեցրել է «Ֆ-35» կործանիչների առաքումը երկիր այն բանից հետո, երբ Թուրքիան ներմուծել է ռուսական ՀՕՊ համակարգեր: Չնայած սրան՝ Թուրքիան ընդլայնում է խոշոր սպառազինությունների ներքին արտադրությունը՝ ներմուծումից կախվածությունը կրճատելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս