Զանգեզուրով քաղաքական վախերը թաքցնելու փորձ, կամ` Սասուն Միքայելյանի սթափվելու ժամանակը

2019-ի հոկտեմբերի 15-ին Բաքվում Թյուրքական խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին» հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը:

Իր հերթին՝ նույն նիստին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հավելել էր. «Մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար»:

Իհարկե, Զանգեզուրի թեման մինչ այս էլ ժամանակ առ ժամանակ ադրբեջանաթուրքական տանդեմը բերել է օրակարգ և չի թաքցրել Զանգեզուրը գրավելու իր նկրտումը: Եվ, ըստ էության, արցախյան վերջին պատերազմի առանցքային նպատակներից մեկը դարձյալ Զանգեզուրն էր, իսկ կապիտուլյացիոն փաստաթղթից հետո գրեթե ամեն օր Զանգեզուրի անվտանգությանը սպառնացող հայտարարությունների և գործուն քայլերի ականատեսն ենք լինում՝ հայրենի իշխանության անգործության, կամ ոչ ի շահ ՀՀ-ի քաղաքական որոշումների պատճառով: Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ Ալիևը գործընկերներին հրավիրել էր օգտագործել «զանգեզուրյան միջանցքը»՝ Զանգեզուրն անվանելով «պատմական ադրբեջանական»:

Բայց արի ու տես, ԵԿՄ վարչության նախագահ, իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանը, հերիք չի, միայն նոր է նկատել Ադրբեջանի՝ Զանգեզուրը նվաճելու սպառնալիքը, սթափության կոչ է անում ոչ թե իշխանություններին, որոնց մեղքով է Զանգեզուրի անվտանգությունը վտանգված, այլ փորձում է Զանգեզուրով վախեցնել և արդարացնել Փաշինյանի պաշտոնավարումը:

Ավելին, նա հորդորում է նրան դիմագրավել «այն քաղաքական ուժերին ու անհատ բախտախնդիրներին, ովքեր իրենց գործունեությամբ ապակայունացնում են իրավիճակը»:

ԵԿՄ վարչության նախագահը մարտի 12-ի իր ուղերձ-հայտարարությունում ոչ մի հստակ դիտողություն չի անում Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարություններին, նվաճողական քայլերին դիմագրավելու, հակահարված տալու, ինչպես նաև՝ մարդկային, նյութատեխնիկական, հոգեբանական զգալի կորուստներ կրած բանակի ողնաշարը չկոտրելու մասով: Ավելին, Սասուն Միքայելյանը Արցախի 75 տոկոսը նվաճած, 5 հազարից ավելի հայ զինվորի, կամավորի, սպայի, պահեստազորայինի կյանքեր խլած, հազարից ավելի անհետ կորածների պատճառ դարձած, հայ կանանց, զինվորներին, ծերերին գերեվարող Ադրբեջանին անվանում է՝ «հակառակորդ երկիր»:

Սա, բնավ, զարմանալի չէ պատերազմի արդյունքը պարտություն չհամարող և հեղափոխության հաղթանակն Արցախյան ազատամարտից գերադասող մարդու դեպքում: Այսինքն, Սասուն Միքայելյանը գործող իշխանության քաղաքական գծի մեջ է:

Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, որի մասն է կազմում ինքը, Ադրբեջանն ու Թուրքիան չէ, որ սպառնալիք են, եթե համարենք, որ այսօրվա հարթակում հայտնված քաղաքական կուսակցությունները, որոշ անհատներ լուրջ սպառնալիք են, բայց սա այլ խոսակցության թեմա է:

Սասուն Միքայելյանն առաջին անգամ չէ, որ անվտանգային խնդիրների համատեքստում կամ դրանք թաքցնելով՝ Նիկոլ Փաշինյանին աջակցելու քաղաքական շահ է տեղավորում:

2018-ի մայիսի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանի թեկնածության կողմ քվեարկելու խնդիր կար, այդ ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ելույթ ունենալով ԱԺ հատուկ նիստում և դիմելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին՝ պնդել էր.

«Հարգելի Կորյուն Նահապետյան, դու ի՞նչ իրավունք ունես այս ամբիոնից հայտարարել, որ զորքերի տեղաշարժ կա, դա ռազմական գաղտնիք է: Ես պատասխանատու հայտարարում եմ, որ թշնամու կողմից զորքերի ոչ մի տեղաշարժ չկա, դուրս կգանք՝ կապացուցեմ. երևի ադրբերջանցիք ավելի խոհեմ են, քան թե մենք։ Ամեն անգամ էդ իմիտացիոն հայտարարությունները մի արեք, դուք էդքան մտածում եք Արցախի համար, մենք էլ՝ չէ՞»:

Մեկ ամիս անց, սակայն, ընդունել էր կուտակումների փաստը:

Ավելին, 2020-ի սեպտեմբերի 28-ին՝ պատերազմի վերսկսումից մեկ օր անց, երբ կային բազմաթիվ զոհեր, բայց, ըստ էության, ոչ դիրքային պայքարի արդյունքում, Սասուն Միքայելյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի նպատակը եղել է՝ կտրել Ղարաբաղը Հայաստանից, նրանք ակնկալիքներ են ունեցել մեկ օրում զգալի տարածքներ գրավել, ինչը, սակայն, չի հաջողվել, այնուհետ հավելել՝ ահագին դիրքեր հետ ենք վերցրել:

«Բոլոր դիրքերն էլ, եթե դիրք են, ռազմավարական նշանակություն ունեն: Չկա այդպիսի դիրք, որ ռազմավարական նշանակություն չունենա, ահագին մեծ դիրքեր հետ են վերցվել, և նորմալ եմ գնահատում այսօրվա իրավիճակով, այս պահով, իրենք, բնական է՝ ավելի շատ էին սպասում, որ շատ առաջ կգան, իրանք էսօր զինված են ժամանակակից զինտեխնիկայով, զենքով, ամեն ինչով, իրանք գիտեին՝ հես ա մտնելու են, բայց փառք ու պատիվ մեր տղերքին, փառք ու պատիվ մեր Պաշտպանության նախարարությանը, որ ամեն ինչ ռազմավարական կարգ ու կանոնով արվում է»,- ասել էր նա:

Այս նույն Սասուն Միքայելյանը 2019-ի ապրիլի 16-ին ԱԺ-ում ասել էր, որ՝ «մենք 2-րդ, 3-րդ գիծ չունենք»:

«Չեմ ուզում գաղտնի տվյալներ հրապարակել, բայց ընդհանուր մեր զինվորները առաջնագծում հազիվ են հերիքում: Էսօր ակադեմիան 1 տարում են սովորում, ո՞նց կարող է զինվորը 12 ամիս պատրաստվել»,- շեշտել էր նա:

Իսկ բոլորովին վերջերս էլ Միքայելյանն ասել էր, թե 30 տարի բանակ չենք ունեցել:

Թե ոնց էինք պատերազմի երկրորդ օրը «ահագին դիրքեր հետ բերելու», այս դեպքում, թողնենք առանց մեկնաբանության:

Վերադառնալով քաղաքական շահին. նախկին հանրապետական Սասուն Միքայելյանը 2008թ. նախագահական ընտրություններում սատարեց ընդդիմադիր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, 2012-ին նա հայտարարեց, որ «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախկինի պես նրա մարտական ընկերն է, մարտական ընկերությունը դա սրբություն է, 2016-ին Միքայելյանի գերնպատակը Սերժ Սարգսյանի հեռանալն էր, 2017-ին նա հայտարարեց՝ ավելի լավ է Սերժ Սարգսյանը վարչապետը լինի:

Ուստի, ԵԿՄ վարչության հարգելի նախագահ, սթափվեք, թշնամական հարևանները փորձելու են նվաճել Զանգեզուրը՝ վերացնելու թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտումը:

Տեսանյութեր

Լրահոս