«Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի որոշման վրա որևէ մեկը ներսից և դրսից ազդեցություն չունի». Վիտալի Մանգասարյան
44-օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանական բանակի զորավարժությունները, ըստ էության, կրում են պարբերական բնույթ. վերջին ամիսների ընթացքում արդեն նմանօրինակ 4 զորախաղեր են տեղի ունեցել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ մարտի 15-18-ն անցկացվելիք օպերատիվ-մարտավարական զորավարժություններին, որին մասնակցելու է մինչև 10 հազար զինծառայող, ներգրավված կլինի շուրջ 100 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:
Նշենք, որ մարտի 15-ից ՀՀ ՊՆ-ն ևս Արմավիրում զորավարժություն է նախատեսել:
«Այս փուլում, կարծում եմ, ադրբեջանական կողմն ավելի շատ լուծում է սեփական բանակի ռեաբիլիտացիայի խնդիր, որովհետև ակնհայտ է, որ պատերազմից հետո իրենք նույնպես կորուստներ են կրել և զորավարժությունների միջոցով փորձում են հնարավորինս արդյունավետ լուծել առաջացած խնդիրները, ինչը, սակայն, երկարաժամկետ կտրվածքով ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի և Արցախի այն հատվածի վրա, որը գտնվում է մեր վերահսկողության տակ:
Ըստ այդմ՝ մեր երկրի համապատասխան գերատեսչությունները պետք է հետևեն, վերլուծեն, գնահատեն այդ զորավարժությունների կարճաժամկետ և երկարաժամկետ ռիսկերը: Ավելին, պետք է մաքսիմալ պատրաստվածության աստիճանի բերել սեփական Զինված ուժերը, որովհետև գաղտնիք չէ, որ սկսած հոգեբանական խնդիրներից՝ վերջացրած սպառազինություն, անձնակազմի համալրում և այլն, բավականին բարդ խնդիրներ են առաջացել։
Բայց մեր իշխանություններն արդեն իսկ ապացուցել են՝ ստեղծված ծանր իրավիճակից լուծումներ գտնելու համար պիտանի չեն, և բանակը, այսպես ասած, զարգացման «ռելսերի» վրա դնելու համար ուժ չունեն, ինչի մասին ահազանգեց նաև ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը՝ տարածած հայտնի հայտարարությամբ:
Իհարկե, իշխանական տարբեր շրջանակներ ժամանակ առ ժամանակ լուրջ դեմքով խոսում են բանակից, որից ժամանակին խուսափել են, ամպագոռգոռ հայտարարություններ են անում, թե իբր իրենցից շատ բանակի մասին մտածող երբևէ չի եղել՝ չհասկանալով, որ այդօրինակ հայտարարություններով իրենք վիրավորում են Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի պես տղերքին, որոնք այդ նույն բանակի մասին մտածելով՝ իրենց սեփական կյանքն անգամ չեն խնայել, ոչ թե տաքուկ կաբինետներում նստած՝ զբաղված են եղել թիթեռ նկարելով»,- նշեց ռազմական փորձագետը:
Ըստ Մանգասարյանի, երկրի քաղաքական ղեկավարությունը մի օր խոսում է բանակում տեղի ունեցող բարեփոխումներից, հաջորդ օրը պարզվում է, որ այդ բարեփոխումները դեռ քննարկման փուլում են: Այսինքն, ոչ ոք հստակ չի տեղեկացնում՝ ի՞նչ նկատի ունեն բարեփոխում ասելով, այդյոք կա՞ն երկարաժամկետ և կարճաժամկետ պլանավորումներ, թե՞ ոչ, ուստի արված իշխանական ականջահաճո հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան միտինգային կամ միտինգների համար արված հայտարարություններ:
Անդրադառնալով գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի երեկվա ուղերձին, որ իր ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու է այլ կարգավիճակով, թեպետ հաստատում է՝ իրեն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման ամբողջ գործընթացը հակասահմանադրական է, և պատրաստվում է դիմել ՀՀ վարչական դատարան, «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետը նշեց, որ Օնիկ Գասպարյանի որոշման վրա որևէ մեկը ներսից և դրսից ազդեցություն չունի, այսինքն՝ ռուսական և ՀՀ ներքաղաքական շրջանակներից:
«Առաջին՝ գեներալ-գնդապետը զինվորական մարդ է, երկրորդ՝ նրա վրա ազդեցություն կարող է փորձել բանեցնել միայն երկրի ղեկավարը՝ տարաբնույթ ճնշումներով, ինչպես, օրինակ, եղավ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի դեպքում, երբ քրգործ հարուցեցին: Բայց ամեն դեպքում հույս ունեմ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի դեպքում չի եղել որևէ նման ազդեցություն և չի լինի: Չմոռանանք, որ նա հաստատեց իր դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի մասով»,- ամփոփեց Մանգասարյանը: