«Բաց տարածքներում վարակման դեպքերն այնքան քիչ են, որ համաճարակի վրա ազդեցություն չեն թողնում». Էդուարդ Հովհաննիսյան
Կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելանում են: Այսօր ունենք 748 նոր դեպք: 168.am-ի հետ զրույցում բժիշկ, համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը պնդեց, որ հրապարակվող տվյալները բավարար չեն վերլուծելու, թե ի՞նչն է պատճառը դեպքերի թվի աճի:
«Դժվար է մեկնաբանել այժմ, կարող է պայմանավորված լինել նրանով, որ սեզոնային սուր շնչառական բոլոր հիվանդություններն այս սեզոնին ակտիվանում են, կարող է՝ թեստավորման ձևն է փոխվել, ամեն դեպքում 4000-ից ավելի թեստ է կատարվել, կարող է ուղղակի համաճարակի զարգացման հետ կապված լինել: Դժվար է մեկնաբանել այն առումով, որ բավարար չափով տվյալներ չեն հրապարակվում, որ կարողանաս վերլուծել պատճառները, հատկապես, թե ո՞ւմ են հետազոտում, ինչքա՞ն, ի՞նչ նպատակով և այլն»,- ասաց Հովհաննիսյանը:
Մեր հարցին, թե նման տեմպի պահպանման դեպքում անհրաժեշտ կլինի՞ նորից անցում կատարել հակահամաճարակային կանոնների խստացման, համաճարակաբանը պատասխանեց.
«Տեսնենք՝ տեմպերը ո՞նց է լինելու, ես կասկածամիտ եմ մի քիչ, որ այս տեմպերը երկար կպահպանվեն, որովհետև իրավիճակը փոխվել է, բնակչությունն արդեն այլ է, քան մեկ տարի առաջ էր, պարզ է, որ բավականին մեծ տոկոսով մարդկանց մոտ արդեն իմունային շերտ է ձևավորվել, հիվանդացած մարդկանց մոտ, դրա համար տեմպը չի լինելու այնպիսին, ինչպիսին հունիսին էր, և ալիքի երկարությունը դժվար թե լինի երկու ամիս, ինչպես ամռանն էր կամ աշնանը: Ամեն դեպքում ինֆորմացիայի, վերլուծությունների, գիտական հետազոտությունների պակաս կա, որոնց հիման վրա պետք է կառուցվի ռազմավարական մոտեցումները, դրա համար կարծես կույր որոշումներ են կայացվում»:
Այսօր Կառավարության նիստի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց https://168.am/2021/03/11/1477192.html , որ հաշվի առնելով վարակի աճի տեմպերը՝ պատրաստվում են ավելացնել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց հոսպիտալացման համար անհրաժեշտ մահճակալները:
«Ներկայումս մոտ 100 ազատ մահճակալ ունենք, այս օրերին ևս շարունակում ենք ծավալման աշխատանքները, հընթացս տեսնելով աճի տեմպը, բայց ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր հիվանդների թիվն ավելի չլինի այն կարողություններից, որոնք մենք ունենք, և չունենանք էլի պացիենտներ, որոնք հիվանդ կլինեն, տանը կմնան և հնարավորություն չեն ունենա հոսպիտալացվելու»։
Իսկ ո՞ւմ խնդիրն է՝ անել այնպես, որ հիվանդների թիվն ավելին չլինի, քան առողջապահական ոլորտի կարողություններն են:
«Բազմիցս ասել ենք, որ ահաբեկող և վախ տարածող հայտարարությունները հակառակ էֆեկտ են թողնում: Իսկ այն, որ ծառայությունները պետք է համապատասխանեցնել, ծառայությունները պետք է հասանելի լինեն, դա տրամաբանական է, որ պետության հոգսը պետք է լինի, այլ ոչ թե ես պետք է մտածեմ, թե ո՞նց անեմ, որ ինձ համար տեղ լինի, որ եթե ես վարակվեմ՝ գնամ բուժվեմ: Հակահամաճարակային միջոցառումները նորից պետք է պլանավորի և իրականացնի պետությունը՝ մատչելի ձևով բացատրելով մարդկանց դրանց նպատակը և հասնելով նրան, որ բնակչությունը պատրաստակամ ընդգրկված լինի այդ կանխարգելման միջոցառումներին՝ հասկանալով դրանց նպատակը: Այսօր, մեղմ ասած, այնքան է անվստահությունը դեպի այդ գործողություններն ընդհանուր, որ ինչ էլ անում են, ինչ էլ հայտարարում են, մարդիկ արդեն ուրիշ բան են տեսնում դրա տակ»,- ասաց Հովհաննիսյանը:
Պատերազմից առաջ ոստիկանությունն ակտիվ վերահսկում էր դիմակների կրման պահանջը բաց տարածքներում կատարելուն: Այժմ հսկողությունը թուլացել է, ավելին, անգամ ոստիկաններից ոմանք շրջում են առանց դիմակի: Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հսկողության թուլացումը, համաճարակաբանը պատասխանեց.
«Երևի ոստիկաններն էլ վերջապես հասկացան, որ այն, ինչ ասում է ամբողջ աշխարհը, որ դրսում վարակվել հնարավոր չէ, նաև երևի Հայաստանում էլ են այդ մեխանիզմներն աշխատում, և Հայաստանի օդը ոչ մի բանով չի տարբերվում ամբողջ աշխարհի օդից, բաց տարածքներում կորոնավիրուսով վարակվելը գրեթե անհնար է, կամ շատ դժվար է, բաց տարածքներում վարակման դեպքերն այնքան քիչ են, որ համաճարակի վրա ազդեցություն չեն թողնում»: