«Ինձ չեն ասում, թե ինչու գործն առաջ չի գնում. մինչև ե՞րբ այսպես անորոշ ապրեմ». մահացած զինծառայողի մայր
2019 թվականի դեկտեմբերի 2-ին Պաշտպանության բանակի (ՊԲ) հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մահվան հանգամանքները շարունակում են չբացահայտված մնալ։
168.am-ի հետ զրույցում Արթուր Աջամյանի մայրը՝ Գոհար Ֆերոյանը, ասաց, որ երկու տարի է՝ իրավապահները, Պաշտպանության նախարարությունը և այլ պատկան մարմինները չեն բացահայտում որդու մահվան հանգամանքները։
«Գործն ինչպես կար, այդպես էլ մնացել է, ինձ որևէ մեկը որևէ բան չի ասում։ Ես առողջ տղա եմ ուղարկել բանակ, ինչո՞ւ պետք է այսօր ինձ չասեն՝ ինչո՞ւ է մահացել իմ տղան։ Որդիս մահացել է, այսօր ես մենակ եմ ապրում՝ անտեր-անտիրական, վերջերս եմ ոտքս վիրահատել, բոլոր դեղերս պարտքով եմ գնել, գոնե պետությունը կարողանա ինձ թոշակով ապահովի, ես կարողանամ այդ դեղերը գնել։ Երկրորդ վիրահատությանն եմ պատրաստվում, բայց գումար չունեմ, ես նույնիսկ խանութներին եմ պարտք»,- ասաց տիկին Գոհարը։
Նա նաև նշեց, որ ամբողջ ձմեռն անցկացրել է ցրտի մեջ, տան պատերի ճեղքերից ամբողջ ձմեռ փչել է, վառելափայտ չի ունեցել, հիմա էլ անձրևի կաթոցների տակ է ապրում, չգիտի, թե որդու նկարները որտեղ պահի, որ այդ կաթոցների տակ չհայտնվեն։
«Ցրտի մեջ, «կռիսների» հետ ապրում եմ, որևէ մեկը իմ դուռը չբացեց՝ տեսնի, կա՞մ, թե՞ չէ։ Գնացել եմ Պաշտպանության նախարարություն, ներկայացրել եմ իմ վիճակը, թղթերս թողել, հետ եմ եկել։ Վիրահատության ժամանակ միայն մեր համայնքն է 40 հազար դրամ տրամադրել։ Իմ երեխուն թողնեին, ինքը կաշխատեր՝ մենք կապրեինք։ Այս պայմաններում ապրելն անպատմելի է, գոնե մի տեղ լինի, ես հանգիստ երեխուս նկարը դնեմ, որ գոնե իր հետ մի քիչ խոսեմ, սիրտս դատարկեմ, որովհետև մենակ տղայիս հետ կարող եմ խոսել»,- հավելեց Գ. Ֆերոյանը։
Ըստ նրա՝ որդու մահվան հանգամանքների բացահայտման հետ կապված որևէ մեկն իրեն ոչինչ չի ասել։
«Ինձ չեն ասում, թե ինչու գործն առաջ չի գնում, չեն ասում՝ պատերա՞զմն է պատճառը, թե՞ այլ բան. ես մինչև ե՞րբ այսպես անորոշ ապրեմ։ Եթե տղաս զոհվեր Ապրիլյան պատերազմի, կամ այս պատերազմի ժամանակ, կհասկանայի, կընդունեի, բայց որդիս մահացել է խաղաղ պայմաններում, ինչո՞ւ։ Ինձ գոնե մի շան տեղ դնեն, գան, բացատրեն՝ որդիս ինչու է մահացել։ Ինձ Անդրանիկ Քոչարյանն ասում էր՝ հանգիստ գնացեք տուն, ես կզբաղվեմ այդ գործով, դրանից հետո նա իմ զանգերին նույնիսկ չի պատասխանում, մի անգամ գնացի՝ չընդունեց, դրանից հետո այլևս ոչինչ չեմ անում։ Ես այլևս ցանկություն չունեմ նրա հետ հանդիպելու։ Եթե ինքը տղամարդ էր, թող տղամարդու նման կանգներ, նայեր ծնողի աչքերին ու խոսեր՝ չարեց»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ 2019թ․ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր և երկար ժամանակ գտնվում էր կոմայի մեջ։