ՔԿԾ պետի և նրա առաջին տեղակալի «թափանցիկ» օգնականները, որոնց ոչ ոք երբևէ Ծառայությունում չի տեսել

Նիկոլ Փաշինյանի անհեռատես և ոչ պրոֆեսիոնալ, հատկապես բարձրագույն պաշտոններում կադրային նշանակումների արդյունքում մեր պետական ինստիտուտների քայքայումը ստացավ համակարգային բնույթ, և շատերի գնահատմամբ՝ միայն միջին օղակի պաշտոնյաների արհեստավարժության շնորհիվ է դեռ փոքրիշատե կենսունակ պետական համակարգը:

Սկսած 2018թ. մայիսից՝ երկրի պետական համակարգի բարձր պաշտոններում նշանակվեցին մարդիկ, որոնք իրենց վստահված համակարգից կիլոմետրերով հեռու էին։

Մասնավորապես, արդարադատության նախարարի սեփական ընտրությամբ, քանի որ նա սիրում է պաշտոններ ընծայել իրեն մոտ կանգնած մարդկանց, Նիկոլ Փաշինյանը Քրեակատարողական ծառայությունը վստահեց նախկին դատախազ, ապա քննիչ, կոչումով գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին։

Վերջինս էլ իր հերթին՝ սկսեց համակարգը համալրել հանկարծակի «սևից» սպիտակի վերածված նախկին դատախազներով և քննիչներով, ինչին առաջին անգամ չէ, որ անդրադառնում ենք։

Համակարգում թավշյա ժամանակահատվածում ոչինչ չփոխվեց. ամեն ինչ մնաց թղթի վրա՝ համեմված անկաշառության ու ազնվության մասին պաթոսախառն, գեղեցիկ ճառերով, բազմահատոր գրագրությամբ:

Ավելին, համակարգն իրենցով անելուց հետո սկսեցին նաև քրեական գործեր փնտրել՝ ինչպես ասում են, Հռոմի պապից էլ ավելի կաթոլիկ երևալու համար, իբր թե պայքարում են կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի դեմ։ Բնականաբար, ինչպես մյուս թավշյա իշխանավորների դեպքում, ամեն ինչ մնաց խոսքի, խոստումների և գրագրության սահմաններում։

Օրինակ, Գոյունյանը հայտնաբերեց մի շարք անօրինականություններ, հարուցվեցին քրեական գործեր, պարզվեց նաև, որ «Կոշ» ՔԿՀ-ում պահպանության ապահովման բաժնում գրանցվել է մեկ անձ, որը չի կատարել իր պարտականությունները, և արդյունքում՝ կեղծ փաստաթղթերի հիման վրա հիշյալ ժամանակահատվածի համար նրա անվամբ հաշվարկվել և նրա քարտային հաշվին, որպես աշխատավարձ և պարգևավճար, փոխանցվել է ընդհանուր 2.4 մլն ՀՀ դրամ։ Այդ կերպ վատնման եղանակով հափշտակվել են խոշոր չափերով պետական միջոցները։

Համակարգը դատախազներով և քննիչներով լցրած Արթուր Գոյունյանը շարունակում է մաքրամաքուր «սպիտակի» վերափոխված իր դիրքերից կառավարել համակարգը, չնայած, ինչպես պնդում են Ծառայությունում, ավելի շատ որպես ղեկավար՝ որոշիչ է առաջին տեղակալ Արտակ Հարությունյանի խոսքը. և կադրային նշանակումներում, և հիմնարկներում ողջ տեղաշարժը, պայմանական ազատումները, մի խոսքով՝ վերջին խոսքը նրանն է։ Համակարգում ծիծաղով են նշում, որ, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էին ասում, «Լևոնը Վանոյի մոտ նախագահ է աշխատում», նույն կերպ Գոյունյանը Հարությունյանի մոտ Ծառայության պետ է աշխատում։  Ամեն ինչ կառավարվում է երկրորդ հարկում գտնվող սեփականաշնորհած «երկու սենյականոց բնակարանից», ուր տառացիորեն բնակվում է ՔԿԾ պետի առաջին տեղակալը:

Չենք ցանկանում անդրադառնալ ՔԿԾ պետ-առաջին տեղակալ հարաբերությունների այլ մանրամասներին, քանի որ դա ամեն դեպքում իրենց անձնական խնդիրն է, և եթե Արթուր Գոյունյանին ձեռք է տալիս, որ իր փոխարեն Ծառայությունը ղեկավարի մեկ այլ անձ, թեկուզ նա լինի իր մտերիմ ընկերը, մենք առհասարակ առարկություն չունենք:

Սակայն կա մի հանգամանք, որն արժանի է ուշադրության:

168.amի տեղեկություններով՝ ՔԿԾ պետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը օգնական ունի, որին որևէ մեկն այդպես էլ չի տեսել: Որո՞նք են այդ անձի պարտականությունները, որն ընդհանրապես չի գալիս աշխատանքի: Քիչ է հավանական, որ աշխատանքն այնքան շատ է, որ ամեն օր Հարությունյանն իր օգնականին գործուղում է հիմնարկներ, ու դրա համար նրան Ծառայությունում ոչ ոք երբևէ չի տեսնում:

Պարզվում է, սակայն, որ սա միակ դեպքը չէ Ծառայությունում։

Ծառայության պետը՝ որպես օգնական կամ խորհրդական, աշխատանքի է ընդունել դատախազ Սուրիկ Պարսամյանին, բայց թե ո՞րն էր նրա գործառույթը, այդպես էլ  Ծառայությունում ոչ ոք չհասկացավ։

Հետաքրքիրն այն է, որ Պարսամյանն աշխատանքի չի ներկայանում, բայց շարունակում է գրանցված մնալ և, բնականաբար, աշխատավարձ ստանալ։ ՔԿԾ պետին մոտ կանգնած մեր աղբյուրը նույնիսկ պնդում է, որ Պարսամյանի հաստիքը կրճատվելուց հետո էլ նրան տեղափոխել են այլ բաժին, և նա շարունակում է գործի չներկայանալ։

Այսպիսինն է դատախազների ընկերությունը. մարդը, գործի չգալով, շարունակում է աշխատավարձ ստանալ, նաև պարգևավճարներ, որն էլ լիարժեք է դառնում, ընկերոջը՝ նույն Սուրիկ Պարսամյանին պատկանող ռեստորանում պարբերաբար հնչող գեղեցիկ բաժակաճառերով։

Եվ թեպետ դեռևս 2013թ. տված մի հարցազրույցում Սուրիկ Պարսամյանը պնդում է, որ այլևս երբեք չի աշխատելու, ինքը թոշակի է անցել, իր թոշակն իրեն կբավարարի, և 37 տարի ծառայելուց հետո ուզում է հանգիստ կյանք վայելել, տեսնում ենք, որ ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում, և մի գեղեցիկ օր նա վերագտավ պետական համակարգում «աշխատելու» իր ցանկությունը:

Այստեղ ընթերցողին ուզում ենք հիշեցնել Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, 6-րդ գումարման Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի օգնականի պատմությունը, ով մեղադրվում էր վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու մեջ:

Վերջինս կասկածվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/ և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման մեջ, որ 2009-2016թթ., զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վարորդի, այնուհետև՝ օգնականի պաշտոնները, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ.-ին «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում ապօրինի ձևակերպվել է՝ որպես պահակ և բանվոր, 2011-2016թթ.-ին ՀՀ ԿԳՆ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ որպես վարորդ, իսկ 2016թ.-ի մարտ ամսից՝ Ա. Աշոտյանի աշխատանքից ազատվելուց հետո, վերջինիս միջնորդությամբ 2016-2017թթ.-ին որպես վարորդ է ձևակերպվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում:

«2009-2017թթ. ընթացքում Ա. Բարսեղյանը, ձևակերպված լինելով վերոնշյալ հաստիքներում, որևէ անգամ աշխատանքի չի հաճախել, այլ շարունակել է կատարել Ա. Աշոտյանի օգնականի և վարորդի պարտականությունները, ընդհանուր առմամբ ստացել է 8.734.118 ՀՀ դրամ գումար, ինչով օժանդակել է ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցներից հիշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարների վատնմանը»,- նշված էր ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Ըստ ամենայնի՝ այս իշխանությունները գերազանց են աշխատում հատկապես պեղումների բնագավառում, երբ պետք է որևէ բան գտնել նախկին իշխանությունների աշխատանքի մեջ, իսկ իրենց փաստորեն ամեն ինչ թույլատրվում է:

Օգնականների վերաբերյալ նշված տեղեկությունների փաստով, բնականաբար, չենք ուզում անհանգստացնել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, կտրել առօրյա գործերից, որովհետև եթե նախարարն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկեր, ծննդյան օրը ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանին, չգիտես որ արժանիքների համար, պատերազմի ավարտից քիչ ժամանակ անց մեդալով պարգևատրելուց բացի, կփորձեր պարզել մեր նախկին հրապարակումների մեջ տեղ գտած փաստերը:

Կանդրադառնար, օրինակ, պետին պատկանող երկու մեքենաների, առաջին տեղակալին սպասարկող մեքենայի մասին մեր հրապարակմանը, համաձայն որի՝ մեքենաները ողջ օրը պետական բենզինով սպասարկում են իրենց ընտանիքներին, կիմանար, որ ոչինչ չփոխվեց, և այսօր ևս այդ մեքենաները շարունակում են նույն կերպ շահագործվել անձնական նպատակներով, իսկ ղեկավարներն ամեն անգամ բարձրաձայնում և գեղարվեստական հատորներ են գրում, թվեր ներկայացնում կոռուպցիայի կանխարգելման մասին։

Հուսով ենք, որ Հայաստանում կգտնվի որևէ իրավապահ մարմին, որևէ վերահսկող կառույց, օրինակ, Գլխավոր դատախազությունը, որն ի վիճակի կլինի պարզել Ծառայության պետի և առաջին տեղակալի օգնականների մասին տեղեկությունը։

Տեսանյութեր

Լրահոս