«Բայդենի վարչակազմը Թուրքիայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում կընտրի». Թուրքագետ

2020թ. դեկտեմբերին ռուսական արտադրության C-400 (S-400) հակահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով Միացյալ Նահանգները Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել։

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, թե պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում։ Դրանց թիրախում են Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։

Այս համատեքստում ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն այդքան էլ հարթ չեն, երկուստեք հնչում են մեղադրական տարբեր հայտարարություններ։ Դրանց օրերս արձագանքել էր Թուրքիայի նախագահի խոսնակը՝ նշելով, որ որոշումը մեկ օրվա ընթացքում չի կայացվել: S-400-ները չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգին։

Թուրք-ամերիկյան հարաբերությունների, Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական կյանքի վերաբերյալ Թուրքիայից հնչող «սրտացավ» հայտարարությունների, Ադրբեջանում թուրքական բանակի փոքր մոդելի ստեղծման վերաբերյալ 168.am-ի հարցերին պատասխանել է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

– Պարոն Սաֆրաստյան, ի՞նչ է կատարվում թուրք-ամերիկյան հարաբերություններում, ի՞նչ զարգացումներ կարող են լինել, և այդ հարաբերությունները հայկական կողմն ինչպե՞ս կարող է օգտագործել՝ հօգուտ հայկական շահի։

– ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարծես թե նշաներ է ցույց տալիս, որ ավելի կոշտ դիրքորոշում պետք է ընդունի Թուրքիայի նկատմամբ։ Սա պայմանավորված է ոչ միայն S-400 հակահրթիռային համակարգերով, այլև առհասարակ Թուրքիայի պահվածքով։ Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավի բավականին մեծ թվով ներկայացուցիչներ արդեն եկել են այն եզրակացության, որ Թուրքիան՝ որպես ԱՄՆ-ի դաշնակից, լիովին չի կատարում իր պարտավորությունները։

Կարծում եմ՝ Բայդենի վարչակազմը Թուրքիայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում կընտրի, քան նախորդ նախագահ Թրամփն էր դրսևորում, սա Թուրքիայում արդեն հասկանում են։ Մասնավորապես՝ մինչև այսօր Բայդենի ու Էրդողանի միջև հեռախոսազրույց տեղի չի ունեցել, սրա պատճառով Թուրքիայում տարակուսանքի մեջ են ու անհանգստացած։

Համոզված եմ, որ այս պայմաններում մենք կարող ենք որոշակի դրական տեղաշարժեր արձանագրել Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ՝ Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Ամերիկացիները կարծես թե որոշել են ավելի ակտիվ քաղաքականություն վարել մեր տարածաշրջանում՝ ի տարբերություն Թրամփի։

Ըստ իս, Ջ Բայդենը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, համեմատաբար ավելի դրական դիրքորոշում է ունեցել հայկական խնդիրների նկատմամբ, նա ավելի սերտ կապեր ունի այդ երկրում մեր լոբբիստական կազմակերպությունների հետ։ Սա, իհարկե, դրական զարգացում կարող է լինել Հայաստանի համար։

Ես սպասում եմ և հույս ունեմ, որ Միացյալ Նահանգները ճնշում կգործի Ադրբեջանի վրա՝ մեր այնտեղ պահվող մեր ռազմագերիների խնդիրը մեզ համար դրական լուծելու առումով։ Կոնգրեսում արդեն համապատասխան նախաձեռնություն կա, ես սպասում եմ, որ ԱՄՆ-ը, երբ սկսի Թուրքիայի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն վարել, կզարգացնի Հայաստանի հետ հարաբերությունները:

– Փետրվարի վերջին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ մտադիր են Ադրբեջանում թուրքական բանակի փոքր մոդել ստեղծել, այս ամենն ի՞նչ նպատակով է արվում, և այն ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել Հայաստանին։

– Սա միայն հայտարարություն չէ, որովհետև դատելով մամուլի հրապարակումներից՝ այդ ուղղությամբ Ադրբեջանում արդեն աշխատանքներ են տարվում։ Այս ամենը վկայում է ավելի մեծ գործընթացների մասին, որը հետևյալն է՝ տեղի է ունենում Թուրքիայի ու Ադրբեջանի մերձեցում ոչ միայն՝ քաղաքական առումով, այլև՝ տարբեր տեսակի ինստիտուտների առումով։ Սա գործընթաց է, որը, կարծում եմ՝ գնալով ավելի մեծ թափ կստանա։

Մասնավորապես՝ արդեն հայտնի է, որ որոշում են ընդունել, որպեսզի թուրքերն ու ադրբեջանցիները փոխադարձ այցեր կատարեն մեկ երկրից մյուսը՝ առանց անձնագրերի։ Այսինքն՝ գնալով Ադրբեջանի ու Թուրքիայի միջև սերտ կապեր են հաստատվում՝ ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ՝ քաղաքական ինստիտուտների միջև։ Արդեն բավականին մեծ թափ է ստանում այն խոսակցությունը, որ երկու երկրները կարող են ստեղծել կոնֆեդերացիա։ Սա, իհարկե, ապագայի խնդիր է, բայց արդեն այդ գաղափարը ներմուծվել է հանրային քննարկման օրակարգ, ինչը նշանակում է, որ այդ գործընթացը շարունակվելու է։  Թուրքիան այս գործընթացները միտումնավոր է առաջ տանում, որովհետև Էրդողանն իր քաղաքական առաջնահերթություններից մեկը համարում է այն, որ ինքը հանդես գա թուրքալեզու երկրների առաջնորդ։ Սա վտանգ է ներկայացնում, առաջին հերթին՝ Հայաստանի համար, որովհետև ակնհայտ է, որ սա առաջին հերթին՝ ուղղված է  Հայաստանի դեմ, Ալիևի լկտի հայտարարությունները՝ Սյունիքի ու Հայաստանի այլ տարածքների հետ կապված, դրա վկայությունն է։ Այնպես որ, որքան այս քաղաքականությունն առաջ գնա, այնքան Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն կվարի Հայաստանի հանդեպ՝ ստանալով Թուրքիայի աջակցությունը։ Սա բոլորի համար ակնհայտ է։

– Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական իրադարձությունների հետ կապված՝ Թուրքիայի նախագահը, նրա խոսնակը, արտգործնախարարը, «Գորշ գայլեր» խմբավորման ղեկավարը հանդես եկան դատապարտող հայտարարություններով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը, այդ երբվանի՞ց է Թուրքիային սկսել անհանգստացնել Հայաստանի ներքին քաղաքական կյանքը։

– Այո, ճիշտ նկատեցիք, սա աննախադեպ երևույթ է Հայաստանի պատմության մեջ, երբ Հայաստանի ներքին քաղաքական կյանքին անդրադառնում են Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները։ Եկեք արձանագրենք, որ այն, ինչը Թուրքիայում կատարվում է՝ կապված Հայաստանի ներքին քաղաքական կյանքի գնահատականների հետ, արտահայտում է Թուրքիայի մոտեցումները մեր տարածաշրջանի վերաբերյալ։

Թուրքիան իրեն արդեն համարում է մեր տարածաշրջանում որոշակի ուժ, որը կարող է իր կարծիքը հայտնել տարածաշրջանի երկրների, տվյալ դեպքում՝ Հայաստանի ներքին քաղաքականության վերաբերյալ։ Երբ համեմատում ենք Թուրքիայից հնչող վերջին հայտարարությունները և մեր դաշնակցի՝ Ռուսաստանից եկող հայտարարությունները, ակնհայտ է դառնում, որ ՌԴ-ն շատ ավելի զուսպ դիրքորոշում է ցուցաբերում, քան Թուրքիան, որը միակողմանիորեն գնահատում է Հայաստանում տեղի ունեցողը։

Ինչո՞ւ է Թուրքիան նման հայտարարություններ անում, այն էլ՝ միակողմանի, որովհետև Թուրքիայի համար ներկայիս իշխանությունները Թուրքիայում դիտարկվում են այնպիսի քաղաքական ուժ, որոնց հետ ավելի հեշտ է ծրագրեր իրականացնել։ Ի վերջո, ՀՀ-ում իշխում է պարտվող կառավարություն, դրա համար էլ նրանք շահագրգռված են, որ իշխանությունը մնա, դրա համար են օժանդակում ներկայիս իշխանության քաղաքականությանը։

Տեսանյութեր

Լրահոս