Բանկային վարկ հայոց

Մամուլի համար բանկային թեմաները պակաս հրապուրիչ են: Պատճառները, հնարավոր է, բազում են: Բայց ամենաէականը, թերևս, այն է, որ բանկային թեման պակաս հասկանալի է պարզ ընթերցողի համար:

Հետևաբար՝ պակաս սպասված: Հնարավոր է նաև, որ մեր հասարակական հիշողության մեջ դեռ թարմ են 90-ականների բանկային «արկածները», որից տուժեց նույն հասարակությունը: Տուժեց համարյա ամբողջությամբ: Նույն պատճառով կարելի է բացատրել մամուլի մի տեսակ վեհերոտ վերաբերմունքը բանկերի գործունեությունների լուսաբանման հարցում:

Մեր մամուլը, թերևս, ոչ մի այլ ոլորտի նկատմամբ այդքան բարեխղճորեն չի պահում «Մի վնասիր» լրագրողական պատգամ-պահանջը: Բայց միևնույն է՝ բանկերը մեր սոցիալ-տնտեսական կյանքի էական հատված են և պարբերաբար հայտնվում են ուշադրության կենտրոնում: Մեր ԿԲ նախագահը 2020-ն ամփոփելիս նշեց, որ առևտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորումն անցած տարի աճել է, բայց նկատեց նաև, որ նկատելիորեն նվազել է այդ աճի տեմպը:

Նախորդ տարիների համեմատ: Բնականաբար:

«Վարկային պորտֆել» պատկառազդու անունով երևույթի ներկայությունը մեր տնտեսական կյանքում 2018-ի դեկտեմբերին մոտ 2 տրիլիոն 782 մլրդ դրամ էր: 2019-ի դեկտեմբերին՝ 3 տրիլիոն 248 մլրդ, իսկ 2020-ի դեկտեմբերին՝ 3 տրիլիոն 735 մլրդ դրամ: Բանկային վարկերի վիճակագրությունը տրամադրվող վարկերը հաշվառում է 9 ուղղությունով: Առևտրային բանկերը վարկավորում են տնտեսության հետևյալ ճյուղերը՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, տրանսպորտ և կապ, առևտուր և սպասարկման ոլորտ:

Այս ուղղություններից զատ, առանձին հաշվառվում են սպառողական վարկերը, հիպոթեքային վարկերը և «այլ վարկեր» անունը կրող ուղղությունը: 2019թ. բանկային վարկերի կառուցվածքը չափազանց մեծ փոփոխություն էր կրել: Իսկ 2020թ. բոլոր իմաստներով անհաջող տարին ինչ-որ չափով վերականգնեց վերջին տարիներին բնորոշ,  արդեն «դասական» ընկալվող վարկային կառուցվածքը:

Անհավանական է, բայց 2019թ. վարկավորման ամենամեծ ուղղությունը սպասարկման ոլորտին տրամադրված  վարկերն էին: Ոլորտը դարձել էր իշխանությունների հպարտությունը, որովհետև դրա հաշվին տնտեսական մեծ աճ էր հնարավոր ներկայացնել: Վերադառնանք վարկավորմանը. 2019-ին սպասարկման ոլորտի վարկավորումն ընդհանուրի 46.2 տոկոսն էր կազմել:

Այն առաջին անգամ իր ֆիզիկական ծավալով դարձավ ամենախոշորը: Դարձավ ամենախոշորը՝ առաջ անցնելով  առևտրի ու հիպոթեքային ոլորտների վարկավորումից: 2020-ին հասկանալի պատճառներով սպասարկման ոլորտի վարկավորումը սարսափելի կրճատվեց՝ կազմելով ընդհանուրի համեստ՝ 2.3 տոկոսը:

Վերջին երեք տարիներին վարկավորման ոլորտում նկատելի աճել է սպառողական վարկերի ծավալը: Սա վարկավորման ամենառիսկային հատվածն է, որովհետև սպառողական վարկերը ոչնչով ամրագրված չեն: Սպառողական վարկերի 2018-20թթ. աճը փորձագետները բացատրում են հասարակական «պայծառ» տրամադրություններով:

Իշխանությունը ոգևորված խոստանում էր կրճատել գործազրկությունը, բազում աշխատատեղեր բացել, բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները և բազում այլ ականջահաճո բաներ: Հասարակությունն էլ իր հերթին՝ ոգևորված հավատում էր, որ իշխանությունը կկրճատի գործազրկությունը, բազում աշխատատեղեր կբացի, կբարձրացնի աշխատավարձերն ու թոշակները և բազում այլ ականջահաճո բաներ կանի:

Հավատում ու ապագա բարձր եկամուտների հույսով սպառողական վարկեր վերցնում ու գնումներ էր կատարում (կենցաղային մանր-մունր տեխնիկայից՝ մինչև ավտոմեքենա): 2020-ի «դաժան ձեռքով» ու իշխանությունների խոստումների «քոռ ու փուչ» լինելու հետևանքով վարկավորման կառուցվածքում անցած տարի իրենց ավանդական տեղերը վերականգնեցին արդյունաբերության ու հիպոթեքային վարկերը: Ցանկության դեպքում կարելի է ոգևորված նկատել, որ շինարարության ոլորտը վարկերի կառուցվածքում մասնաբաժնով 3-րդն է:

Բայց եթե հաշվի առնենք տնտեսական ընդհանուր անբարենպաստ սպասումները և այդ ծավալին «գումարենք» հիպոթեքի (ընդհանուրի 25 տոկոսը գերազանցող) ծավալը՝ ոլորտը կարող ենք ռիսկային համարել: Բայց դա արդեն բանկային պատասխանատու մասնագետների գործն է: Թող իրենք էլ զբաղվեն: Իսկ մյուսներս հիշենք «Մի վնասիր» մասնագիտական պատվիրանը:

Հիշենք ու լռենք:

Տեսանյութեր

Լրահոս